Մեկնաբանություն

28.04.2023 19:40


«Էրդողանագիտության» հայկական առանձնահատկությունները

«Էրդողանագիտության» հայկական առանձնահատկությունները

Մի ամբողջ օր, առնվազն սոցցանցերում, հարյուրավոր, եթե ոչ՝ ավելի շատ մարդիկ զբաղված էին... թուրքական իշխանության պարագլուխ Ռեջեփ Էրդողանի առողջական վիճակի քննարկումներով: Մեռել է, մեռնում է, չի մեռել, կմեռնի... Ու այդպես՝ մի ամբողջ օր:

Արժե՞ նշել, որ ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, վայրկենապես ի հայտ եկան բազմաթիվ «թուրքագետներ», «բժիշկներ», անգամ՝ «էրդողանագետներ»: Հորդառատ մեկնաբանություններ ու մեկնություններ ծայր առան, սկսած նրանից, թե կոնկրետ ինչ հիվանդություններ ունի թշնամական այդ էակը, վերջացրած նրանով, թե ինչ փոփոխություններ ու վերադասավորումներ են լինելու Թուրքիայում, թուրքական քաղաքականության մեջ այն բանից հետո, երբ Էրդողանին հողին հանձնեն (եթե հողն ընդունի նման մեկին):

Ինչ խոսք, ծիծաղելի ու զավեշտական է այդ ամենը: Բայց մարդիկ լուրջ-լուրջ քննարկում ու վիճում էին: Համարյա ինչպես ծերուկները՝ Իլֆի ու Պետրովի անկրկնելի «Ոսկե հորթում» է նկարագրված:

Մի օր Էրդողանը կմեռնի, իհարկե: Ե՞րբ կլինի այդ օրը, դժվար թե իրենց Ալլահից բացի, էլի ինչ-որ մեկն իմանա, եթե միայն այդ ինչ-որ մեկը նրա կյանքին վերջ տվող մեկը չէ: Մի օր, նկատենք, Ալիևն էլ է մեռնելու, կներեք, գնալու է իր հոր ետևից:

Ոմանց համար ավելի սարսափելի բան կարելի է ասել. մի օր Նիկոլ Փաշինյանն էլ է մեռնելու: Դա անխուսափելի է: Բոլորս էլ մահկանացու ենք: Այդ մասով Աստծո Վերին քարտուղարության գրասենյակը ոչ մի նոր հաղորդագրություն դեռ չի տարածել: Փոփոխություն չկա:

Իսկ այ, հարցը, որ նախօրեին այդքան աշխույժ քննարկվում էր սոցցանցերի հայկական տիրույթում, այն է՝ ինչ փոփոխություններ կլինեն Թուրքիայում և թուրքական քաղաքականության մեջ, հետաքրքիր է: Սակայն այդ հարցին ավելի լավ է պատասխանեն իրական, այլ ոչ թե պահի տակ ու վայրկենական «էրդողանագետ» դարձած անձինք:

Մեր կարծիքով, Էրդողանը եթե 4 անգամ էլ մահանա, տարածաշրջանում թուրքական քաղաքականության մեջ որևէ փոփոխություն, առնվազն «հայկական հարցում» որևէ փոփոխություն հազիվ թե կարելի է ակնկալել: Թուրքիայում տարբեր ղեկավարներ են փոխվել: Մի հարցում թուրքական մոտեցումը միշտ մնացել է նույնը և դա Հայոց ցեղասպանության ուրացման, ժխտողականության քաղաքականությունն է: Ի լրումն, անկախ ղեկավարների փոփոխությունից, Թուրքիան, որպես այդպիսին, չի հանդուրժում ու շարունակել է չհանդուրժել հայկական պետության գոյությունը, շարունակելու է նպատակ ունենալ հայկական պետության, որպես այդպիսին, ոչնչացնելու նպատակ:

Արժե՞ պատրանքներ ունենալ այն հարցում, թե Ադրբեջանի հետ ինչ հարաբերություններ է ունենալու Թուրքիան, լինի դա Էրդողանի գլխավորությամբ, թե՞ առանց Էրդողանի:

Այնպես որ ավելի լավ է Էրդողանին հանգիստ թողնել ու չմիջամտել նրա ու իրենց հոգեառ հրեշտակի գործերին: Մեռել է, չի մեռել: Դա այդքան կարևո՞ր է Հայաստանի ու Հայաստանում ապրող որևէ քաղաքացու համար մի իրավիճակում, երբ մեր երկիրը ղեկավարում է արևմտյան ու արևելյան թուրքերի շահերն սպասարկող «իշխանություն»: Իբր մեր ներքին «թուրքական լուծը» հաղթահարել ենք, մնացել է «սարի սմբուլն» ու Էրդողանի մեռնել-չմեռնելու հնարավոր աշխարհաքաղաքական հետևանքների թեմայով դատարկախոսելը:

Եկեք մեր յուղով տապակվենք, մեր խնդիրների վրա կենտրոնանանք նույնպիսի եռանդով:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը