Լրահոս

07.10.2011 14:50


Արամ Հարությունյան. «ԲՀԿ–ն ճոճանակի նման արագորեն թափ է հավաքում»

Արամ Հարությունյան. «ԲՀԿ–ն ճոճանակի նման արագորեն թափ է հավաքում»

Եթե ՀՀԿ–ն գնա խորհրդարանական ընտրություններին Տիգրան Սարգսյանով, ապա դա ինքնասպանության ամենակարճ ճանապարհն է, որովհետև, եթե մենք նայում ենք, որևէ խոստում, որևէ ծրագիր Տիգրան Սարգսյանը չի կատարել։ Այսօր էլ, եթե ուշադիր լինենք, բյուջեի նոր նախագիծը մեծ բեռ է նախատեսում փոքր և միջին բիզնեսի համար. Տիգրան Սարգսյանն այնպիսի բյուջեի նախագիծ է նկարել, որ իր գնալուց հետո հաջորդ վարչապետը գալու է ավերակների վրա,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։

Բանախոսը որոշակի ենթադրություններ է արել առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքի, տարբեր քաղաքական ուժերի հնարավորությունների վերաբերյալ և նշել, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները երևի կլինեն Հայաստանում երբևէ եղած ամենահետաքրքիր ընտրությունները։

-Եթե ՀՀԿ–ն անմխիթար վիճակում է, և այն կարելի է համեմատել ջարդված ոտքով աթոռի հետ, ապա ԲՀԿ–ն ճոճանակի նման արագորեն թափ է հավաքում։ Եթե ԲՀԿ–ն ճիշտ գործի, ապա շատ լավ հնարավորություններ կունենա ընտրությունների ժամանակ, չի բացառվում նաև, որ կմիավորի իր շուրջը նաև որոշ այլ ուժերի։ Ցավով եմ նշում, որ ոչ մի բան չստացվեց «Ժառանգության» մոտ, ցավում եմ, որ կուսակցության ներկայացուցիչներն ավելի շատ զբաղված են Րաֆֆի Հովհաննիսյանի տարօրինակ քայլերը մեկնաբանելով, քան ինչ–որ… իրոք ափսոսում եմ։ Իրենք չգիտեն՝ վաղը ուր կգնա և ինչ կանի Րաֆֆին,– հայտարարել է Հարությունյանը։

Ինչ վերաբերում է հենց իր կուսակցությանը, ապա Հարությունյանը նշել է, որ բանակցություններ են ընթանում որոշ այլ ուժերի հետ 4-րդ ուժ դաշինք ստեղծելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը