Քաղաքական

28.04.2023 13:25


Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու համահեղինակը Նիկոլ Փաշինյանն է․ քաղաքագետ

Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու համահեղինակը Նիկոլ Փաշինյանն է․ քաղաքագետ

Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու համահեղինակը Նիկոլ Փաշինյանն է, որովհետև Պրահայում ճանաչել է Ադրբեջանի սուվերենությունը Արցախի նկատմամբ և ԱԺ-ում վերահաստատել է դա․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

Ըստ քաղաքագետի՝ մինչ Լաչինի միջանցքի փակման մեջ ռուսական կողմին մեղավոր կարգելը՝ ՀՀ իշխանությունները պետք է անկեղծորեն հասարակությանն ասեն, որ արևմտյան գործընկերների հետ հանդիպումների ժամանակ դուրս են եկել նոյեմբերի 9-ի հայտարարությունից։

«Ոչ թե խմբագրել, այլ դուրս են եկել։ Նիկոլ Փաշինյանը 2022թ-ին սեպտեմբերին Վաշինգտոնում, հոկտեմբերին Պրահայում բանակցություններ է վարում ամերիկյան կողմի միջնորդությամբ, և ԵՄ հարթակում Շարլ Միշելի ու Մակրոնի մասնակցությամբ բանակցում է մի կարգավորման տարբերակի վերաբերյալ, որի շրջանակներում ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության սուվերենությունը ԼՂ-ի նկատմամբ ու ոչնչացնում նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի մեջ ոչ մի խոսք չկար ԼՂ-ի կարգավիճակի մասին։ Լաչինի միջանցքը փակվել է, որովհետև ինքը Վաշինգտոնում և Պրահայում բանակցություններ է վարել ու հայտարարություն ընդունել, որտեղ հղում է կատարվում Ալմաթիի հռչակագրին այն մեկնաբանությամբ, որ Արցախը նույնպես ներառված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ»,-պարզաբանեց քաղաքագետը։

Մաթևոսյանը հիշեցնում է՝ Պրահայի հայտնի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո ադրբեջանցիները փորձում են մուտք գործել Արցախում գտնվող հանքավայրեր, իսկ երբ չի ստացվում՝ Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը։

«Փաշինյանն ԱԺ-ում էլ ավելի բաց տեքստով ասում է, որ առանց այս ու այն կողմ ընկնելու մենք պետք է ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դրանից հետո Լաչինի միջանցքում հայտնվում է անցակետ։ Ռուսների մասին խոսելուց առաջ այս ամենը ինքը պետք է բաց տեքստով մեր հասարակությանը ներկայացնի»,-ընդգծեց նա։ Անդրադառնալով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խորհրդական Ալեքսանդր Լենցովի՝ Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար նշանակվելու իրողությանը, Մաթևոսյանն արձանագրեց, որ նրա նշանակումը պատահական չէ. «Գեներալ Լենցովի կենսագրության մեջ հետաքրքիր դրվագ կա՝ 2015թ․-ին ռուս-ուկրաինական հակամարտության գոտում իր հայտնվելու հետ կապված։ Երբ իրավիճակը մոտ էր կրիտիկականին, որոշ տեղեկությունների համաձայն, գեներալ Լենցովը հայտնվել էր այդտեղ, որպեսզի իրավիճակը կայունացնի։ Ֆիքսենք մի իրողություն, որ երբ անհրաժեշտ է լինում կայունացնել իրավիճակը, գեներալ Լենցովը հայտնվում է այդ գոտիներում։ Ինչ կլինի ապագայում՝ ցույց կտա ժամանակը։ Մարիա Զախարովայի վերջին ասուլիսին նա բաց տեքստով ասաց, որ անհրաժեշտ է նաև Երևանի գործուն մասնակցությունը բանակցային գործընթացում՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ հարցին լուծում տալու համար։ Ըստ այդմ, նրանք ակնարկում են, որ պաշտոնական Երևանը պետք է հստակեցնի իր մոտեցումները և փորձի փոխըմբռնելի լուծում տա այս հարցին»,-եզրափակեց քաղաքագետը։

Այս խորագրի վերջին նյութերը