Քաղաքական

27.04.2023 14:10


Սկզբունքայնորեն կարևոր ենք համարում, որ պաշտոնական Երևանն իր ներդրումն ունենա փոխընդունելի հանգուցալուծուների որոնման հարցում. Զախարովան պատասխանել է ԱԽՔ Ա. Գրիգորյանին (տեսանյութ)

Սկզբունքայնորեն կարևոր ենք համարում, որ պաշտոնական Երևանն իր ներդրումն ունենա փոխընդունելի հանգուցալուծուների որոնման հարցում. Զախարովան պատասխանել է ԱԽՔ Ա. Գրիգորյանին (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի երեկվա հայտարարությանն առ այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը։

«Կարող եմ ասել, որ ՌԴ-ն իր դիրքորոշումը հստակ ներկայացրել է ապրիլի 24-ին ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած հայտարարությունում: Ներկայում ինչպես խաղաղապահ զորակազմի, այնպես էլ քաղաքական մակարդակով գործադրվում են անհրաժեշտ ջանքեր Լանչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարմանը վերադարձի վերաբերյալ: Եվ, իհարկե, սկզբունքայնորեն կարևոր ենք համարում, որ պաշտոնական Երևանն իր ներդրումն ունենա փոխընդունելի հանգուցալուծուների որոնման հարցում»,-ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ին, խախատելով եռակողմ պայմանավորվածությունները, ապօրինաբար անցակետ է տեղադրել Լաչինի միջանքցում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում: Հաղորդվել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները։

Մինչդեռ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ին տված հարցազրույցում ասել էր.«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքն ամբողջությամբ հանձնվել է ՌԴ-ին։ Եվ այս պահին Լաչինի միջանցքի ամբողջ պատասխանտվությունը, տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը։ Որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը»:

Ճշտող հարցին՝ պատկանո՞ւմ է, թե՞ վերահսկում է, Գրիգորյանը պատասխանել էր․ «Պատկանում է»։

Ըստ նրա՝ ՌԴ-ն պետք է գործի, որպեսզի Արցախում ապրող 120 000 հայերն էթնիկ զտման չենթարկվեն։ «Որովհետև այս գործողությունների միակ նպատակը միանաշակ էթնիկ զտում կատարելն է։ Դրա մասին ադրբեջանական հանրությունն է խոսում։ Որոշակի չափով նաև պաշտոնական մակարդակով՝ վերջնագրեր ներայացնելով Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին։ Եվ սա է իրականությունը։ Եվ ՌԴ-ն պետք է գործի»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի խոսքերով՝ Հակարիի կամուրջի ձախ կողմում, որտեղ Ադրբեջանն անցակետ է տեղադրել, գտնվում է հենց ՌԴ-ի ռազմաբազան․ «Այդ ռազմաբազայի դիմաց տեղի է ունենում նման իրադարձություն։ Եվ բոլորի մոտ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է սա տեղի ունենում։ Ադրբեջանն այնքա՞ն է հասել, որ կարողանում է այդպիսի քայլեր կատարել, թե՞ սա այլ պայմանավորվածություն է, այլ խնդիր կա այստեղ։ Այդ հարցերի պատասխանը դեռևս չկա»։

***

Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նման հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել։ Կոնկրետ ժամկետը կհայտարարվի ավելի ուշ»,- ասել է նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը