Քաղաքական

27.04.2023 08:00


ԱԱԾ-ն ու Դատախազությունը կգնա՞ն Աննա Հակոբյանի հետևից. պատերազմից շուրջ 3 տարի անց կա դատարանի վճռով հաստատված ընդամենը 64 դասալիք, ևս 79-ը սպասում են վճռի

ԱԱԾ-ն ու Դատախազությունը կգնա՞ն Աննա Հակոբյանի հետևից. պատերազմից շուրջ 3 տարի անց կա դատարանի վճռով հաստատված ընդամենը 64 դասալիք, ևս 79-ը սպասում են վճռի

Ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Տավուշի մարզում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմում մենք ունեցել ենք 11 000 դասալիք՝ կամավոր, զինվորական և այլն:

Այս հայտարարության առնչությամբ 168.am-ը ՀՀ գլխավոր դատախազություն ապրիլի 3-ին գրավոր հարցում էր ուղարկել՝ հետևյալ բովանդակությամբ:

1. Քանի՞ քրեական վարույթ կա հարուցված 44-օրյա պատերազմից հետո 11 000 դասալիքների առնչությամբ:

2. 11 000 ենթադրյալ դասալիքներից քանի՞սն են կալանավորված հարցումը ստանալու օրվա դրությամբ, քանիսի՞ նկատմամբ է կիրառված խափանման այլ միջոց:

3. 44-օրյա պատերազմից 2.5 տարի անց քանի՞ դատավճիռ կա 11 000 դասալիքների վերաբերյալ:

4. Եթե Աննա Հակոբյանի կողմից հնչեցված թիվն իրականությանը չի համապատասխանում, ապա պատրաստվո՞ւմ է արդյոք Դատախազությունը վարույթ հարուցել Աննա Հակոբյանի վերաբերյալ սուտ մատնության հանցակազմով:

Ապրիլի 10-ին Դատախազությունը մեզ տեղեկացրել էր՝ հարցման պատասխանի տրամադրմանն անհրաժեշտ է 30-օրյա ժամկետ:

Ապրիլի 25-ին դատախազությունը մեր հարցման պատասխանն ուղարկեց:

Ըստ այդմ՝ ՀՀ զինվորական դատախազության սպասարկման տարածքում 2020 թվականի 44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը) 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը), 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը), ինչպես նաև նշված հոդվածների հետ այլ հոդվածների համակցությամբ, հարուցվել է 1786 քրեական վարույթ՝ 10687 անձի վերաբերյալ:

Հարգելի ընթերցող, այս՝ 10.687 թիվը մտապահենք ու արձանագրենք, որ այն մոտեցված է Աննա Հակոբյանի հնչեցրած թվին՝ 11.000-ին:

Հաջորդիվ նշված էր, որ նախաքննության ընթացքում նշված քրեական վարույթների միացման արդյունքում, ներկայում նախաքննական մարմնի վարույթում գտնվող վերոնշյալ հոդվածներով քննվող քրեական վարույթների թիվը 226 է:

«2020 թվականի 44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը) 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը)՝ որպես մեղադրյալ ներգրավվել է 180 անձ, 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը)՝ 132 անձ, 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը)՝ 444 անձ»,-նշված էր ՀՀ դատախազության կողմից ուղարկված պատասխանի մեջ:

Ընդհանուր առմամբ հավաքական ենթադրյալ դասալիքների թիվը 756 է:

Այսինքն՝ սկզբից զանգվածաբար ում տեսել, դասալքության մեղադրանք են առաջադրել, միայն թե իրենցից հեռացնեն վտանգը, հետո, բնականաբար, քննության ընթացքում թիվը մաղվել է ու մնացել ընդամենը 756:

Աննա Հակոբյանին պետք էր հնչեցնել զարհուրելի թիվ հայ ժողովրդին դավաճան ու դասալիք դուրս բերելու համար, ու ինքը դա արել է:

Բայց արտառոցը նույնիսկ այն չէ, որ նախնական հարուցված 1786 քրեական վարույթից՝ 10687 անձի վերաբերյալ, հիմա մնացել է 226 վարույթ ու 756 ենթադրյալ դասալիք, այլ այն, ինչ դատախազության պատասխանում հաջորդիվ է գրված:

Մինչ այդ նշենք, որ դատախազությունից հավելել էին նաև, որ 44-օրյա պատերազմի և ռազմական դրության ժամանակ արձանագրված դեպքերով՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը) և 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) հարուցված քրեական վարույթներից մեղադրական եզրակացություններով դատարան է ուղարկվել 118 գործ՝ 143 անձի վերաբերյալ:

118 գործից 97-ը՝ 102 անձի վերաբերյալ, եղել է 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 2 գործ՝ 2 անձի վերաբերյալ՝ 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը), և 19 գործ՝ 39 անձի վերաբերյալ՝ 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը):

Իսկ հիմա՝ ուշադրություն:

«Դատարան ուղարկված 118 գործից 58 գործով՝ 64 անձի վերաբերյալ, դատաքննությունն ավարտվել է. կայացվել են դատական ակտեր, իսկ 60 գործ՝ 79 անձի վերաբերյալ, գտնվում է դատաքննության փուլում»,- գրել էին դատախազությունից:

Այսինքն՝ պատերազմից գրեթե 3 տարի անց, այս պահի դրությամբ, կա ընդամենը դատարանի վճռով հաստատված 64 դասալիք, ևս 79-ը սպասում են վճռի:

Սա նշանակում է, որ այս մեղադրանքներով որևէ տեսակի պատիժ կրող անձանց թիվը չի կարող մեծ լինել 143-ից:

Իսկ իրականում այդ թիվը 142 է, որովհետև ստորև բերված տվյալները փաստում են՝ մեկ անձ արդարացվել է:

Նշել էին նաև, որ ընդհանուր դատաքննությունն ավարտված 64 անձի վերաբերյալ 58 գործերից 1-ով 1 անձի վերաբերյալ կայացվել է արդարացման վերդիկտ, 57 գործով 63 անձի վերաբերյալ՝ մեղադրական վերդիկտ: Ինչ վերաբերում է սահմանված պատժաչափերին, ապա դրանց վերաբերյալ Դատախազությունը հաշվառում չի իրականացնում:

Ընդհանուր առմամբ դատախազությունը բավականին մանրամասն թվային տվյալներ էր ներկայացրել: Չէին պատասխանել միայն խափանման միջոցների վերաբերյալ հարցին, միգուցե չեն տիրապետում տվյալներին:

Բայց կար մի շատ կարևոր հարց, որին դատախազությունը խուսափել էր պատասխանել՝ «Եթե Աննա Հակոբյանի կողմից հնչեցված թիվը իրականությանը չի համապատասխանում, ապա պատրաստվո՞ւմ է արդյոք Դատախազությունը վարույթ հարուցել Աննա Հակոբյանի վերաբերյալ սուտ մատնության հանցակազմով»:

Աննա Հակոբյանն ակնհայտորեն կեղծ տվյալ է հրապարակել, միտումնավոր կերպով խեղաթյուրել է իրականությունը, հայ ժողովրդի մի զգալի հատվածի ներկայացրել է դասալիք, ծառայությունից խուսափող, իր հայրենիքի համար մարտնչել չցանկացող:

Սա ազգային անվտանգության խնդիր է. Աննա Հակոբյանը ոտնձգություն է կատարել ՀՀ ազգային անվտանգության նկատմամբ՝ դիտմամբ խաթարելով նրա հիմքերը, բարոյալքության, հուսալքության մղելով հայ հասարակությանը:

Կգնա՞ն Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) ու Դատախազությունն Աննա Հակոբյանի այս հայտարարության հետքերով, իհարկե, չեն գնա:

Աննա Հակոբյանը լուսահոգի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը չէ, որ ԱԱԾ-ն մասկի-շոուով ձերբակալի, հետո քրեական գործ հարուցվի, մի կին դատավոր կալանավորի, մյուսն էլ՝ կալանքը թողնի անփոփոխ, դատախազը մեղադրանքը պնդի, դրանից հետո պաշտոնեական առաջխաղացում ունենա, վերջում էլ անգամ իր գործով առաջին նիստի ավարտը չտեսնի: Արմեն Գրիգորյանը մահացավ իր գործով առաջին դատական նիստի ընթացքում, մահացավ ակնթարթորեն, ժպիտը՝ դեմքին:

Իսկ Աննա Հակոբյանը դեռ կշարունակի տարբեր մարզերում ու մայրաքաղաքում մարդկանց շոկի ենթարկել իր անպատասխանատու ու կոնկրետ թշնամու օրակարգին ծառայող հայտարարություններով, քանի դեռ ԱԱԾ-ն ու Դատախազությունն այդտեղ խնդիր չեն տեսնում, և քանի դեռ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մասնակցում է այս տիկնոջ կազմակերպած միջոցառումներին, ու հրավերի համար շնորհակալություն հայտնում նրան:

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը և Իլհամ Ալիևը նույն հայտարարություններն էին արել՝ օրերի տարբերությամբ:

Բայց ամեն դեպքում արձանագրենք՝ դատախազությունն առնվազն փաստել է՝ Աննա Հակոբյանը ստում է. Հայաստանում 11 000 դասալիք չկա. իրական թիվը մոտ 77 անգամ պակաս է:

Այս խորագրի վերջին նյութերը