Մեկնաբանություն

26.04.2023 23:30


Փաշինյանի իշխանությունը, օտարներին կոչեր հղելուց բացի, ոչինչ չի անելու

Փաշինյանի իշխանությունը, օտարներին կոչեր հղելուց բացի, ոչինչ չի անելու

Արդեն ավելի քան չորս ամիս է, ինչ Արցախը շրջափակված է Ադրբեջանի կողմից: Ավելին, այս ընթացքում ադրբեջանական կողմը ավելի է սեղմել շրջափակման շղթան՝ զինուժի դիրքային որոշակի դիրքավորումներ անելով: Իսկ օրերս էլ, ինչպես հայտնի է, Հայաստանն Արցախին կապող ճանապարհի վրա անցակետ տեղադրեց:

Ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը անցած ամիսների ընթացքում և ինչ է արել այս օրերին, որպեսզի վերացնի այդ շրջափակումը, որի նպատակն ակնհայտ է՝ ճնշում գործադրելով հայաթափել Արցախը:

Փաստը, որ ադրբեջանական շրջափակումը շարունակվում է, ավելին՝ ի խախտումն անգամ 2020-ի նոյեմբերի 9-ի «եռակողմ հայտարարության», ադրբեջանական անցակետ է տեղակայվում, հուշում է, որ ինչ էլ ասեն փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, ոչինչ էլ չի արվում:

Կոնկրետ անցակետի վերաբերյալ տարածվել է ՀՀ ԱԳՆ ապրիլի 23-ի հայտարարությունը, որով տվյալ անցակետը բնորոշվում է որպես ապօրինի: ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ադրբեջանի կողմից նման գործողությունները «միտված են տապալելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման փաստաթղթի շուրջ բանակցությունները», իսկ Հայաստանն «անընդունելի է համարում և դատապարտում է «Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու քայլը»:

Հա, անընդունելի է համարում ու դատապարտում է: Իսկ ի՞նչ է անում, որ այդ անընդունելի ու դատապարտելի քայլը, հետևանքներով հանդերձ, վերացվի: Ոչի՛նչ: Բացարձակապես ոչինչ:

Թեպետ, կներեք, մի «բան» այնումամենայնիվ անում է, և այդ «մի բան»-ը կոչն է: Խնդրեմ. «Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանն ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի ողջ անվտանգության գոտուց, իսկ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետություններին հստակորեն արձանագրել Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել միջազգային բարձրագույն դատական ատյանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ»:

Դե, իհարկե, Ռուսաստանը ադրբեջանական ուժերին դուրս բերի, ՄԱԿ անդամ-պետություններն էլ, երևի դեսանտ են իջեցնելու, որպեսզի Հաագայի դատարանի վճռի կատարումն ապահովեն: Դե, իսկ Նիկոլ փաշինյանն ու Արարատ Միրզոյանն էլ պիտի Ազգային ժողովում ելույթներ ունենան, հայտարարեն, թե Արցախը ադրբեջանական տարածք է կամ նման մի բան:

Անհասկանալի է միայն, թե ՀՀ իշխանություն կոչվող ու աշխարհին այդ կարգավիճակով ներկայացողների նմանօրինակ հայտարարությունների դեպքում, ինչպիսին արեց Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ապրիլի 18-ին, Ռուսաստանի, ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի կամ որևէ մեկի ինչին է պետք միջամտել դեպքերի ընթացքին: Եթե այն, ինչը համարվում է Հայաստանի իշխանություն, գումարած՝ Արցախի նախագահ (իշխանություն) ներկայացողին, գործնականում ոչինչ չեն անում այդ ամենը թույլ չտալու համար, օտարնե՞րն ինչու պիտի ավելի շահագրգիռ լինեն, ուզում է՝ Հաագայի դատարանի մեկ չէ, տասնմեկ վճիռ լինի: Այն, որ Ադրբեջանը ապրիլի 23-ին արդեն անցակետ տեղադրեց, ուղիղ հետևանքն է Նիկոլ Փաշինյանի ոչ միայն մինչ այս վարած քաղաքականության, այլև հենց ապրիլի 18-ի հայտարարության, երբ նշեց, որ վերահաստատում է Պրահայում Ալիևի առաջ ստանձնած պարտավորությունները, վերահաստատում է, որ ադրբեջանական կոնտեքստով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Դե, եթե ճանաչում է, ուրեմն էլ ինչո՞ւ պետքէ որևէ բան անի՝ ադրբեջանական անցակետի տեղադրումը թույլ չտալու կամ վերացնելու համար:

Մինչև այժմ Փաշինյանի արածների ու ասածների կոնտեքստում իր ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը, կարելի է ասել՝ ընդամենը քողածածկույթ է, ոչ ավելին: Փաշինյան-Ալիև պասերով հակահայկական խաղի քողածածկույթ: Իբր՝ տեսեք, լուռ չենք մնում, հայտարարություն արեցինք, խստորեն դատապարտեցինք և այլն: Ձև, էլի:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը