Քաղաքական

26.04.2023 13:31


Կրկնակի շրջափակումը Շուշիի շրջանի չորս համայնքի հումանիտար աղետի առջև է կանգնեցրել

Կրկնակի շրջափակումը Շուշիի շրջանի չորս համայնքի հումանիտար աղետի առջև է կանգնեցրել

Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայման ու կրկնակի շրջափակման պատճառով Արցախի Շուշիի շրջանի Լիսագոր, Եղծահող, Մեծ Շեն և Հին Շեն համայնքները հումանիտար աղետի առջև են կանգնել:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ շրջափակված համայնքների բնակիչները զրկվել են առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումներից:

«Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կառավարության գործակալների կողմից Շուշի քաղաքի մոտ Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով Շուշիի շրջանի չորս գյուղեր կորցրել են ճանապարհատրանսպորտային կապը Ստեփանակերտի և Արցախի այլ շրջանների հետ։ Այնուամենայնիվ, նրանք Հայաստանի Հանրապետության հետ հումանիտար կապ պահպանելու հնարավորություն ունեին մինչև ապրիլի 23-ը: Այժմ Հայաստանի հետ սահմանին գտնվող կամրջի մոտ ադրբեջանական կողմից ապօրինի անցակետի տեղադրման պատճառով այդ գյուղերը հայտնվել են կրկնակի շրջափակման մեջ»,-ասաց շրջվարչակազմի ղեկավարը՝ հավելելով, որ չնայած ստեղծված իրավիճակին, չորս գյուղերում էլ շարունակում են գործել դպրոցները, վարչական և հասարակական կառույցները։

«Սակայն կրկնակի շրջափակման մի քանի օր շարունակվելը կհանգեցնի հումանիտար աղետի՝ պայմանավորված սննդի, դեղորայքի ու այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման բացակայությամբ»,-ընդգծեց Հովհաննիսյանը՝ լրջագույն խնդիր համարելով հատկապես բժշկական օգնության կազմակերպման անհնարինությունը:

Նրա խոսքով՝ դեռևս անցած տարվա դեկտեմբերի 12-ից այս գյուղերի բնակիչները զրկված են Ստեփանակերտի բուժհաստատություններում պետական պատվերով բուժում ստանալու հնարավորությունից: Խնդիրը որոշակիորեն լուծվում էր Գորիս մեկնելու և այնտեղ բուժումը կազմակերպելու միջոցով, որը սակայն այժմ անհնար է: «Ունենք առողջական խնդիրներ ունեցող բնակիչներ և, եթե հիվանդանոց տեղափոխելու և բուժօգնություն ցուցաբերելու հրատապ անհրաժեշտություն առաջանա, ապա լուրջ խնդիրներ կլինեն»,-ասաց նա։

Անդրադառնալով լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սոցիալական խնդիրներին, Շուշիի շրջվարչակազմի ղեկավարը մանրամասնեց, որ այդ ենթաշրջանի բնակիչները շուտով պետք է թոշակներ և նպաստներ ստանան, որը ներկա իրավիճակում անհնար է դարձել: Այդ պատճառով թոշակառուներն ու բազմազավակ ընտանիքները կարող են մնալ առանց ֆինանսական աջակցության:

Այս խորագրի վերջին նյութերը