Մեկնաբանություն

25.04.2023 17:50


«Ֆեյք պապիկներ», կեղծ տատիկներ... ու իսկական ստեր, ստեր, ստեր (տեսանյութ)

«Ֆեյք պապիկներ», կեղծ տատիկներ... ու իսկական ստեր, ստեր, ստեր (տեսանյութ)

Բաներ կան, որոնցում, անկասկած, հաջողում է Նիկոլ Փաշինյանի թիմը: Կռահեցիք՝ ստեր փչել, հորինել, խեղաթյուրել, կեղծավորություն անել: Ավելին, կեղծ պապիկներ ու տատիկներ հորինել: Շատերը կարծում են, որ առաջինը Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի «ֆեյք պապի» խաղացնելն էր: Կհիշեք: Փաշինյանը հարթակում տեղ ու խոսափող տրամադրեց մի տարեց խաբեբայի, որ ներկայացավ որպես ապրիլյան պատերազմում անձնազոհաբար նահատակված հերոսի պապիկ ու բավականին կեղտոտ ելույթ ունեցավ: Կարելի է չկասկածել, որ Փաշինյանի թիմը դա հատուկ էր արել: Եվ կարելի է չկասկածել այն պարզ պատճառով, որ երբ հաջորդ օրը խայտառակ սուտն ու զազրելի անբարոյականությունը բացահայտվեց, դրանք իրենց այնպես պահեցին, ասես՝ առանձնապես բան չէր եղել, իրենք ոչ մի վատ բան չէին արել: Դա է փաշինյանական թիմի բարոյական նկարագիրը, ավելի ճիշտ՝ անբարոյական պատկերը:

Բայց նախքան այդ էլ էին նրանք նման կեղծիքների դիմում: Կհիշեք, «դմփ-դմփ-հու»-ի «հեղափոխության» օրերին «ոստիկան Աշոտի տատին»: Դա, ինչ խոսք, հորինված էր: Մի քիչ անեկդոտային, մի քիչ սրամիտ, բայց՝ հորինվածք էր:

Հետո, երբ կորոնավիրուսի պատրվակով անիծյալ 2020-ին արգելվեց Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելը, փաշինյանական քարոզչությունը հանրությանը զբաղեցրեց «Արտուշ պապի» բեմադրությամբ: Համեմատաբար անշառ հնարք էր, բայց այս դեպքում էլի որոշակի կեղծության հետ գործ ունեինք: Այսպես ասած՝ «պապիկ շոու» էր:

Հարկավ, թե՛ Փաշինյանի, թե՛ նրա թիմակիցների ստերի շարքում ներկայացված օրինակները զուտ առանձին օրինակներ են, թեպետ՝ բնութագրական: Փաշինյանենց դեպքում միայն մեկ բան է իսկական: Եվ այդ մեկ բանը սուտն է:

Եվ ահա, էլի մեկ օրինակ: Օրերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը (կրթության «նիկոլ փաշինյանը», կարելի է ասել) ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե Գորիսին մերձակա Խնածախ սահմանային համայնքում ունեն ուսուցիչ, որը 450 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Արձանագրեցի՞ք:

Եվ ահա, «5-րդ ալիքի» մեր գործընկերները չեն զլացել, կապ են հաստատել Խնածախ գյուղում աշխատող վաստակաշատ ուսուցիչ Ալբերտ Աղաջանյանի հետ: Մարդը պարզ ու շիտակ ասաց, որ իր աշխատավարձը կազմում է 295 հազար 62 դրամ: Լավ, «կլորացնենք», թող 300 հազար լինի: Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանի կրթության նախարարը բացահայտ սուտ է ասել: Հայտարարել է, թե 450 հազար աշխատավարձ են տալիս մարդուն, բայց պարզվում է՝ իրականում դրանից նկատելի քիչ են վճարում: Կասկածողները կարող են համոզվել մեր գործընկերների պատրաստած անդրադարձը ստորև դիտելով: Բայց վերադառնանք փաշինյանական հերթական դրսևորմանը, այսպես ասենք՝ փաշինյանիզմին:

Այո, շատ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանի թիմում, գլխավորած կառավարության կազմում կարող են լինել միայն այնպիսի անձինք, որոնք ընդունակ են ստել: Այսինքն, քպ-ական լինելու առաջին գլխավոր պայմանը բացահայտ սուտ ասելու ունակությունն է, մյուս պայմանը՝ ստի մեջ բռնվելուց հետո, հնարավորինս անհեթեթ «կռուտիտներ» անելը: Այ, օրինակ, բռնել էին մի քպ-ականի, որ անծանոթ կանանց հասցեին կեղտոտ արտահայտություններ էր արել սոցցանցային մեսինջերով: Հայտարարեց, թե իր հեռախոսով ուրիշն է նման բաներ արել: Ու... ոչ մի բան: Նույնիսկ ձևի համար չսկսեցին փնտրել քպ-ական դեպուտատի հեռախոսով նման խուլիգանության կարծեցյալ հեղինակին:

Հիմա ի՞նչ է լինելու Փաշինյանի (ինչ տարբերություն՝ ինքն է, թե իր նախարարներից մեկնումեկը) այս մի բռնված ստի հետևանքը: Ոչ մի բան: Սրանք միայն մեկ բանից են ուժեղ՝ «ֆեյք պապիկներ», կեղծ տատիկներ ու՝ ստեր, ստեր, ստեր:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը