Քաղաքական

24.04.2023 15:26


Շաբաթվա ընթացքում գրանցվել են ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից կատարված սահմանային խախտումներ. Արցախի ՆԳՆ

Շաբաթվա ընթացքում գրանցվել են ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից կատարված սահմանային խախտումներ. Արցախի ՆԳՆ

Արցախի ՆԳՆ ոստիկանությունն ամփոփել է անցած շաբաթը՝ մասնավորապես նշելով, որ շաբաթվա ընթացքում գրանցվել են նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված սահմանային խախտումներ: Նախ՝ ապրիլի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ ռազմամթերք է տեղափոխվել։

Մոլորեցնելով միջազգային հանրությանը՝ այդպիսով Ադրբեջանը հումանիտար բեռների փոխադրումները և ներքին տեղաշարժերը ներկայացնում է իբրև թե ռազմական տեխնիկայի ու զինամթերքի տեղափոխում: Մյուս կողմից, նույն օրը խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, կրակ է բացել Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի հողատարածքներում աշխատող Արցախի քաղաքացիական անձանց ուղղությամբ՝ դադարեցնելով գյուղատնտեսական աշխատանքները։

Իսկ ապրիլի 23-ից Ադրբեջանը փակել է Հայաստանը Կոռնիձոր գյուղից Արցախին կապող նոր մայրուղու Հակարի գետի կամուրջը, որը շրջափակմամբ պայմանավորված շահագործվում էր ռուս խաղաղապահների և ԿԽՄԿ առաքելության կողմից` հումանիտար նպատակներով։

Այդ ճանապարհը կապվում էր Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող և Լիսագոր գյուղերին։ Հավելենք նաև, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից նույն ճանապարհը դեպի Ստեփանակերտ փակ է Շուշիի խաչմերուկում։

Այս խորագրի վերջին նյութերը