Քաղաքական

24.04.2023 13:04


«Ո՛չ Արցախի հետ կապ ունենք, ո՛չ Հայաստանի՝ չորս գյուղ մնացել է թուրքերի արանքում. Երևանից հնչող ամեն հայտարարությանը հետևում է Ադրբեջանի որևէ քայլ». Մեծ Շենի գյուղապետ

«Ո՛չ Արցախի հետ կապ ունենք, ո՛չ Հայաստանի՝ չորս գյուղ մնացել է թուրքերի արանքում. Երևանից հնչող ամեն հայտարարությանը հետևում է Ադրբեջանի որևէ քայլ». Մեծ Շենի գյուղապետ

168.am-ի հետ զրույցում Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանն ասաց, որ այս պահին Մեծ Շենը մյուս երեք գյուղերի հետ միասին մնացել է տոտալ շրջափակման մեջ։

«Ես չեմ գտնում մի բառ, որ մեր վիճակը նկարագրի՝ ո՛չ Արցախի հետ կապ ունենք, ո՛չ Հայաստանի։ Չորս գյուղով մնացել ենք թուրքերի արանքում, չգիտենք ինչ ասենք»,-նշեց Դավիթ Դավթյանը։

Ըստ գյուղապետի, երեկ Մեծ Շենից 6 հոգի գնացել են Գորիս առևտուր անելու, վերադարձին ճանապարհն արդեն ադրբեջանական կողմը փակած է եղել։

«Այդ մարդկանց հետ կա նաև 3 տարեկան երեխա, մայրը մնացել է գյուղում, ինքը քրոջ հետ Գորիս է գնացել, որ վերադառնա, բայց մնացել են Տեղ գյուղի մոտ։ Այդ երեք տարեկան երեխան առանց մոր ինչպե՞ս մնա։

Դեկտեմբերի 12-ին, հենց Լաչինը փակեցին, մենք սպասում էինք, որ մի օր էլ այս ճանապարհն են փակելու։ Մենք դրան սպասել ենք, իմացել ենք, որ ուշ թե շուտ լինելու է։ Այսօր արդեն եկանք հասանք դրան, այն, ինչ սպասելի էր՝ եղավ»,-շեշտեց Դավիթ Դավթյանը։

Մեծ Շենի գյուղապետը հարց բարձրացրեց՝ իրավիճակը շտկելու համար հայկական կողմը դիվանագիտական որևէ քայլ անո՞ւմ է։

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրան հաջորդած քայլը եղավ Ադրբեջանի կողմից այդ ճանապարհի փակումը։ Հիմա Ադրբեջանն ասում է՝ դուք ասել եք՝ սա իմ սահմանն է, ես էլ ինչ ուզեմ՝ կանեմ, ո՞վ է մեղավոր, թո՞ւրքն է մեղավոր։ Եթե Նիկոլ Փաշինյանը ճանաչում է նրա տարածքային ամբողջականությունը, ապա ի՞նչ եք սպասում։

Միանշանակ խնդիրը Հայաստանում է, այսօր Արցախն ի վիճակի չէ որևէ հարց լուծի առանց Հայաստանի, թեպետ ես տարբերություն չեմ դնում, երկուսն էլ մերն է։ 120 հազար արցախահայերին թողել են շրջափակման մեջ ու նրանց ճակատագրի հետ են խաղում, ու խաղում են Երևանում։ Պարզ երևում է, որ Երևանից հնչող ամեն հայտարարությանը հետևում է Ադրբեջանի որևէ քայլ։ Ստացվում է, որ Ադրբեջանը Երևանի հետ բանավոր պայմանավորվածությամբ անում է այն, ինչ Երևանը խոստացել է ու ինչ պայմանավորվել են։ Ամբողջ իրականությունը սա է»,-եզրափակեց Դավիթ Դավթյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այս խորագրի վերջին նյութերը