Քաղաքական

24.04.2023 15:44


Արայիկ Հարությունյանը թող կոնկրետ հասցեական գնահատական տա Փաշինյանի վարած քաղաքականությանը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը թող կոնկրետ հասցեական գնահատական տա Փաշինյանի վարած քաղաքականությանը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

1915 թվականից, 1920-ից եւ մյուս թվականներից, ցավոք սրտի, դասեր չեն քաղվել, եւ ես այստեղ ժողովրդին մեղադրելու ոչ մի բան չունեմ, որովհետեւ դասեր քաղելն ու բացատրելը քաղաքական վերնախավերի խնդիրն է: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

«Այո, մենք հիմա նոր ցեղասպանության խնդրի առաջ ենք կանգնած, եւ կոնկրետ անցակետը, որ տեղադրվել է միջանցք կոչված տարածքում, խոսում է այն մասին, որ կոնկրետ խնդիր է դրված 120 հազար մեր արցախահայերի ցեղասպանությունն իրականացնել կամ, լավագույն դեպքում, նրանց արտահոսքը կազմակերպել: Սրա մեղավորությունը պետք է նախեւառաջ փնտրել Երեւանի իշխանության մեջ: Ալիեւը մեր թշնամին է եւ նրա քայլերից չեմ զարմանում: Ես զարմացած ու զայրացած եմ Հայաստանի իշխանության քայլերից, որը 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում տվել է համաձայնություն, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին: Դրանից հետո բնական է, որ Ադրբեջանը պետք է անցակետ տեղադրի: Հանցագործությունը կատարվել է, երբ ՀՀ իշխանությունը համարել է Արցախն ադրբեջանական: Դրանից հետո արդեն վերանում է «Լաչինի միջանցք» հասկացությունը, Լեռնային Ղարաբաղ հասկացությունը եւ այն կարգավիճակը, որը պետք է հետագայում որոշվեր ԼՂ-ի համար»,-ասաց նա:

Թեւանյանը հիշեցրեց, որ ԱԺ-ում ՔՊ-ն ագրեսիվ քարոզ էր տանում, որ Արցախն ադրբեջանական է, դրանից հետո բնական է, որ անցակետ պետք է տեղադրվի:

«Հիմա կարող ենք ասել՝ ռուսները թող նոյեմբերի 9-ի համաձայնագրով պահպանեն միջանցքը, բայց ռուսները չեն կարող ավելի հայկական քաղաքականություն վարել, քան ՀՀ իշխանությունները: Եթե ՀՀ իշխանությունն Ալիեւի հետ համաձայնության է գալիս, Ռուսաստանն ի՞նչ պետք է անի, ինքը որպես արբիտր չի կարող ինչ-որ քայլ անել»:

Դիտարկմանը, որ Արցախի իշխանություններն արդեն դիմել են ՌԴ-ին, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Մենք շատ քիչ, բայց առայժմ հնարավորություն ունենք իրավիճակը Երեւանում փոխելու: Մինչեւ իրավիճակը չփոխենք իշխանափոխության տեքստով, ոչ մի երկիր ոչ մի խնդիր չի լուծելու մեր փոխարեն ու մեզ համար: Արցախի իշխանությունները, որ դիմում են ՌԴ-ին, թող Հայաստանի իշխանությանն էլ դիմեն, ասեն՝ դու իրավունք չունես Արցախը ճանաչել ադրբեջանական: Թող անեն այդ քայլը, հետո ակնկալեն մեր բարեկամներից ու դաշնակիցներից քայլեր:

Այս իշխանությունները ասում են՝ մենք Արցախը հանձնում ենք, որ Հայաստանը փրկենք, բայց իրականում համ Արցախն են հանձնելու, համ Հայաստանը եւ իրենց կաշին են փրկելու»,-հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը:

Նա հավելեց, որ պետք է կազմակերպված համաժողովրդական շարժում ձեւավորել՝ խաղաղ, անցնցում իշխանափոխություն իրականացնելու համար. «Այլընտրանք չունենք, պետք է դա անենք: Իսկ Արցախի իշխանությունները պետք է հասցեական Նիկոլ Փաշինյանին գնահատական տան: Իշխանություն ասելով նկատի ունեմ հենց կոնկրետ Արայիկ Հարությունյանին»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը