Քաղաքական

24.04.2023 11:50


Տեղում դիրքային բարելավման աշխատանքներ ենք կատարում. ԳՇ պետ

Տեղում դիրքային բարելավման աշխատանքներ ենք կատարում. ԳՇ պետ

ՀՀ ԶՈւ–ն դիրքային բարելավման աշխատանքներ է կատարում Տեղում։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։

«Մենք կանգնած ենք Տեղի մատույցներում, իսկ ադրբեջանցիներն էլ կանգնած են մեր ստորաբաժանումների, դիրքերի դիմաց»,-ասաց Ասրյանը։

Ինչ վերաբերում է Սոթքում տիրող իրավիճակին, երբ հայ զինծառայող էր զոհվել հակառակորդի կրակոցներից, ԳՇ պետն ասաց, որ այս պահին այնտեղ իրավիճակը հարաբերական կայուն է։

Ասրյանը չմեկնաբանեց սահմանազատման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցը։ Նրա խոսքով` սահմանազատման աշխատանքների համար ստեղծված է հատուկ հանձնաժողով, որն էլ զբաղվում է այդ աշխատանքներով, ԳՇ պետը ներկայացուցիչ ունի այդ հանձնաժողովում։

Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածությունները և մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:

ՀՀ ԱԱԾ–ն ապրիլի 1-ին հայտարարեց, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։

Ապրիլի 11-ին ՊՆ–ն տեղեկացրեց, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։

Այս խորագրի վերջին նյութերը