Քաղաքական

23.04.2023 19:01


«Դիմում են ՌԴ-ին անհապաղ քննարկումներ սկսելու». Արցախի անվտանգության խորհրդի հայտարարությունը

«Դիմում են ՌԴ-ին անհապաղ քննարկումներ սկսելու». Արցախի անվտանգության խորհրդի հայտարարությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ այսօր հրավիրված Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարություն են ընդունել:

«Հարգելի՛ հայրենակիցներ, Այսօր հրավիրել եմ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ քննարկելու Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից արգելափակման և անցակետի տեղադրման հարցը: ԱՀ Անվտանգության խորհրդի բոլոր անդամներս միաձայն ընդունել ենք հայտարարություն, որում, մասնավորապես, նշված է.

«Ընդգծելով, որ Արցախի ողջ ժողովուրդը ժամանակին հավատացել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՌԴ կողմից տրամադրված անվտանգության երաշխիքներին և վերադարձել Հայրենիք ու անցել բնականոն կյանքի կազմակերպմանը, Շեշտադրելով, որ Եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը բազմաթիվ անգամ խախտել է տվյալ փաստաթղթի տարբեր դրույթներ՝ սպանելով Արցախի բնակիչների, բռնազավթելով նոր տարածքներ, իսկ 2022թ. դեկտեմբերի 12-ից՝ արդեն 133 օր շարունակ Արցախի ժողովրդին պահելով շրջափակման, 104 օր շարունակ՝ էլեկտրամատակարարումից, իսկ 67 օր շարունակ՝ գազամատակարարումից զուրկ պայմաններում, Ողջունելով ՌԴ ղեկավարության կողմից բազմիցս արտահայտված դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների շարունակականության ու ամրության, ինչպես նաև Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման անընդունելիության վերաբերյալ, Բացարձակորեն անընդունելի համարելով Արցախը Հայաստանի հետ կապող՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում գտնվող Լաչինի միջանցքի արգելափակումը և ապրիլի 23-ին այնտեղ անցակետի տեղադրումն Ադրբեջանի կողմից, Արձանագրելով, որ այդ քայլով Արցախի ժողովուրդը վերջնականապես դարձել է պատանդ Ադրբեջանի ձեռքում՝ էթնիկ զտման աճող ռիսկով, իսկ Եռակողմ հայտարարության հետագա գործունեությունը լրջորեն վտանգված է՝ Դիմում ենք Եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ. Ակնկալում ենք ամենակարճ ժամկետում գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջև ծագած անվտանգային և հումանիտար հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, որոնց բացակայությունը թույլ կտա Արցախի իշխանություններին ու ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները»։

Այս խորագրի վերջին նյութերը