Լրահոս

07.10.2011 11:49


Լ. Ալավերդյան. «Պետք չէ պայքարող ժողովրդին նույնացնել հարթակում կանգնածների հետ»

Լ. Ալավերդյան. «Պետք չէ պայքարող ժողովրդին նույնացնել հարթակում կանգնածների հետ»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այցելության էր գնացել Ազատության հրապարակում ՀԱԿ–ի շուրջօրյա հանրահավաքի մասնակիցներին։

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն էլ երեկ հայտարարել է, որ իրենց էին այցելել քաղաքական գործիչներ, ովքեր շատ էին ցանկանում նկարահանվել վրանային ավանի ֆոնին։ Նրա խոսքերով՝ խնդիրն այն է, որ ՀԱԿ–ի 7-օրյա հանրահավաքը լուրջ հաջողություններ է արձանագրել իր հիմնական նպատակի իրականացման ուղղությամբ, այն է՝ արթնացնել ժողովրդին։ –Այսօր բոլոր այդ քննադատները հասկանում են, որ հետ են մնում կյանքից, քանի որ մեր շուրջօրյա հանրահավաքների փաստն ու ընթացքը ցույց են տալիս նրանց քննադատության ամբողջ սնանկությունը: Ժողովրդին հնարավոր չէ խաբել PR դիվիդենտներ քաղելու նպատակով Ազատության հրապարակ այցելություններով։ Կա՛մ դուք այսօր ժողովրդի հետ եք, իսկ դա նշանակում է գալ Ազատության հրապարակ, կա՛մ դուք զբաղված եք պայքարի ելած մարդկանց վարկաբեկման գործընթացով՝ դառնալով ռեժիմի ամենաարդյունավետ գործիքներից մեկը,–ասել էր նա։

Ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ ինքը նույնիսկ չի էլ իմացել այդ հայտարարության մասին։

–Որևէ մեկնաբանության կարիք չկա, ու մեր անտեղյակությունը նրանով է պայմանավորված, որ մենք գործով ենք զբաղված, այլ ոչ թե... Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի այցի կապակցությամբ պարզաբանեմ։ Նախ՝ Լևոն Զուրաբյանն է մոտեցել Րաֆֆի Հովհաննիսյանին։ Պարոն Հովհաննիսյանն իր զորակցությունն է հայտնել բողոքող ժողվորդին, որոնցից շատերն  իրեն են զորակցել հացադուլի ժամանակ։ Եթե դա շփոթվում է «PR»–ի հետ, ապա դա իրենց խնդիրն է,–ընդգծել է նա։

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն էլ հավելել է, որ պետք չէ պայքարող ժողովրդին նույնացնել հարթակում կանգնածների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը