Մեկնաբանություն

20.04.2023 23:33


«Խաղաղություն, խաղաղություն» ճվճվացող պատերազմի գուժկանը

«Խաղաղություն, խաղաղություն» ճվճվացող պատերազմի գուժկանը

Լավ, ի՞նչ էր ցանկանում ասել, բացատրել, համոզել, հիմնավորել կամ արդարացնել Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում ունեցած վերջին խայտառակ ելույթով: Կոնկրետ Արցախի պահով, ու շատերի համար, Փաշինյանի ասածը պարզից էլ պարզ էր դեռ նախքան նրա այդ ելույթը: Եզրակացությունը մեկն է՝ տալիս է, հանձնում է, թողնում է թշնամու քմահաճույքին: Ում որ տարբերակը հաճո է, թող վերցնի, չնայած տարբերություն չկա, իմաստն ու վերջնարդյունքը նույնն է: Նպատակն էլ՝ Ալիևի հետ ձեռք-ձեռքի տված, փաստորեն, հայաթափել Արցախը, գործնականում Հայաստանի ու հայության ոտքերի տակից վերջնականապես հանել պետականություն ունենալու հողը, հիմքը, սյունը: Սա է: Ու փաշինյանական մոտեցումը ոչ մեկի համար ոչ գաղտնիք է, ոչ էլ՝ նորություն: Նա դրա մասին է երազել տասնամյակներ շարունակ, նա դա հնարավոր դարձնելուն նպատակաուղղված քարոզն է տարել տասնամյակներ շարունակ: Իսկ ով էլ չգիտեր, պիտի որ 2018-ի մայիսի 1-ին համոզվեր, երբ իր թերթում գրած հակահայ, հակաարցախյան տողերը մեջբերվեցին, ինքը երդվեց, թե կյանքում երբեք նման բան չի գրել, հորինում են, «ջեբն են գցում», բայց հաջորդ պահին, երբ իր իսկ թերթի պահանջվող օրինակը աչքը խոթեցին, նա սկսեց ուրիշ ստեր թելել, իսկ իր քարոզաոհմակը վայնասունով հարձակվեց Նիկոլի կրկնակի սուտը բացահայտածի ու նաև՝ նրա բացահայտումը սոցցանցերում տարածողների վրա:

Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթում այդ առումով նորությունները կոսմետիկ-դիզայներական էին: Մասնավորապես, նա հայտնի կինոհերոսի նման գրեթե բացականչեց, թե՝ «տալի՜ս եմ, տալի՜ս եմ…», և երկրորդ՝ տալիս է, որովհետև իրեն հանդուրժում են վարչապետի աթոռին, այսինքն՝ բոլորով են տալիս, միայն ինքը չէ:

Փաշինյանի ասելիքի մյուս, շաղկապված հանգամանքը այն անհեթեթ ու ոչ մի օբյեկտիվ հանգամանքով չհիմնավորված թեզն է, որն իր կողմնակիցները վաղուց արդեն ձևակերպել են այսպես. «Ղարաբաղը տանք ու հանգիստ (խաղաղ) ապրենք…»: Այսինքն, Փաշինյանի «սուպեր-ծրագիրն» այն է, որ Արցախը թշնամուն հանձնի՝ պայմանով, որ թշնամին դրանից հետո դադարելու է թշնամություն անել և թողնի, որ ՀՀ 29000 քառակուսի կիլոմետրի վրա (դե մի քանի հարյուր քառակուսի կիլոմետրն արդեն այս 2-3 տարվա մեջ Փաշինյանը նվիրել է իր սիրելի գործընկեր Ալիևին, այդ թվում՝ բազմաթիվ հայ տղաների մահվան մատնելով) ինքն ու իր կինը վարչապետություն անեն:

Բայց արի ու տես, որ թշնամին էլի ու էլի է առաջ շարժվում, չի դադարում (միայն բացարձակ ապուշը կմտածեր, որ կարող է դադարել): Փաշինյանն էլ, իբր նեղսրտում է և փչացած MP-3 ֆայլի նման շարունակ կրկնում է՝ «խաղաղության օրակարգին հավատարիմ... խաղաղության օրակարգին հավատարիմ...»: Իբր, երբ թշնամու առաջ կզելով՝ նրա պահանջները բավարարեն, խաղաղություն է լինելու:

Բնականաբար, չի՛ լինելու: Եվ այն, ինչ ԱԺ-ում այդ թեմայով ասում էր Փաշինյանը, իրականում ոչ թե խաղաղության կամ խաղաղության պայմանագրի մասին էր, այլ փաստացի՝ մի նոր պատերազմի նախերգանքն է: Ավելին, Փաշինյանի պատերազմական նախերգանքի գրեթե չքողարկված ակնարկն էլ մի նոր, է՛լ ավելի ծանր պարտության մասին է:

Եվ, եթե իշխանազավթման սկզբնամասում Փաշինյանն ու նրա «թավշահեղափոխական» «դմփ-դմփ-հու»-ները հիշեցնում էին Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործության մեջ նկարագրվածը, ապա հիմա ավելի շատ մոտենում են նույն հանճարեղ հեղինակի «1984»-ին: Հիշո՞ւմ եք՝ «Պատերազմը խաղաղություն է...»: Եթե Օրուելը փաշինյանի տիպաժին ծանոթ լինելու դժբախտություն ունենար, երևի մի ձևակերպում էլ կաներ՝ «սուտը ճշմարտություն է...», «ստորությունը վեհություն է», «պոռնկությունը պարկեշտություն է»:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը