Քաղաքական

20.04.2023 10:52


Կլրանա 5 տարին, ինչ ապրում ենք Փաշինյանի կառավարած երկրում, որն այդ կառավարման հետևանքով անշեղորեն կործանվում է․ «Փաստ»

Կլրանա 5 տարին, ինչ ապրում ենք Փաշինյանի կառավարած երկրում, որն այդ կառավարման հետևանքով անշեղորեն կործանվում է․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը չափից շատ է սիրում «զրոյական կետ» արտահայտությունը: Բնութագրական է, ոչինչ չես ասի: Միանշանակ ու աներկբա: Շուտով կլրանա 5 տարին, ինչ ապրում ենք Նիկոլ Փաշինյանի կառավարած երկրում, որն այդ կառավարման հետևանքով անշեղորեն կործանվում է և ջղակծկվում է հոգեվարքի մեջ: Հնգամյակը հարմար առիթ է հետադարձ թեթևակի հայացք նետելու համար՝ դիտարկելով անցած 5 տարում Նիկոլ Փաշինյանի ու նրա «քաղպայմանագրայինների» կողմից Հայաստանի Հանրապետության պետական ամբողջ համակարգը կազմաքանդելու «հեղափոխական նվաճումները»: Դրանց մի մասը թերթի նախորդ համարում ներկայացրել ենք ընթերցողին, ուստի շարունակենք: Քավ լիցի, կարելի է դիտարկել պետական ցանկացած հաստատություն: Աղետալի հետևանքները համատարած են:

Վերցնենք թեկուզ այնպիսի կառույց, ինչպիսին է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը: Մինչև վերջերս, կարելի է ասել, փաշինյանական իշխանության բախտը բերել էր, քանի որ «նախկինից» ՄԻ պաշտպանի պաշտոնում մնացել էր խարիզմատիկ, սկզբունքային, գրագետ և բանիմաց գործիչ Արման Թաթոյանը: Բայց փաշինյանական իշխանությունն իրեն հատուկ ձևով պահեց Արման Թաթոյանի նկատմամբ. է՛լ շարունակական, թիրախավորված ատելություն, որի հրահանգը, կարելի է չկասկածել, Փաշինյանից ու նրա անվան ՔՊ-ի ներկայացուցիչներից էր գալիս, էլ ամենատարբեր՝ հիմնականում մանրախնդիր բացասական դրսևորումներ, և այլն, և այլն:

Բայց մարդը ոչ միայն դիմացավ այդ ամենին, ոչ միայն պատվով տարավ փաշինյանական իշխանության կողմից շարունակաբար թիկունքից հասցվող հարվածները, այլև յուրովի նոր մակարդակի վրա բարձրացրեց թե՛ օմբուդսմենի կոչումը, թե՛ ՄԻՊ ինստիտուտը: Թվում է՝ որևէ իշխանություն կերազեր դրա մասին: Միայն ոչ Նիկոլ Փաշինյանը: Նախ՝ նա մի քանի ամսով ՄԻ պաշտոնում նշանակել տվեց մի անձնավորության, որն իր հիմնական գործը համարում էր միայն մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի պաշտպանությունը: Իսկ վերջերս էլ քպականներով հավաքվեցին ու ՄԻ պաշտպան նշանակեցին գլխավոր դատախազուհու տեղակալուհի Անահիտ Մանասյանին: Շատերը դառը կատակում են, որ այժմ կառույցը լինելու է ՄԻԴ, այն է՝ մարդու իրավունքների դատախազ, կամ՝ ՔՊԻՊ, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագրի» իրավունքների պաշտպան:

Կարելի է չկասկածել, որ դատախազ-ՄԻՊ-ի դեպքում այս պետական ինստիտուտը վերջնականապես կվերածվի փաշինյանական իշխանության կցորդի, որի միակ գործառույթը լինելու է յուրայիններին պաշտպանելը: Սա հենց կազմաքանդումն ու վարկաբեկումն է՝ գործի մեջ: Հայաստանում նախկինում էլ պետական կառույցների մեծ մասը հանրության որոշակի հատվածի վստահությունն առանձնապես չէր վայելում, գաղտնիք չէ: Բայց կոնկրետ ՄԻՊ ինստիտուտը, կարելի է ասել, սեփական քրտինքով էր վաստակել հազարավոր հայրենակիցների վստահությունը՝ որպես պետական կառույց: Համենայն դեպս, նախկինում, որքան դա հնարավոր է եղել, իշխանությունները ՄԻ պաշտպանի պաշտոնում առաջադրել են կա՛մ հեղինակավոր հասարակական գործիչների, կա՛մ ուժեղ պրոֆեսիոնալի, բայց այնպիսի անձնավորության, ով, այսպես ասենք, բացահայտ իշխանության սազանդար չէ:

Իսկ «ժողովրդավար» Նիկոլ Փաշինյանը գերադասում է միայն բացահայտ յուրայիններին, նույնիսկ՝ ՄԻ պաշտպանի պաշտոնում: Վերցնենք այլ կառույցներ՝ հպանցիկ դիտարկելով դրանցում արձանագրված կադրային աթուր ման (ռու ս ե ր ե ն ա ս ա ծ ՝ чехарда): Օրինակ՝ ԱԱԾ-ն: Վերջին 5 տարվա ընթացքում ազգային անվտանգության ծառայությունը 5 տնօրեն է փոխել: Արդեն իսկ անլրջացում է: Ուժային կառույցներում ղեկավարության նման հաճախակի փոփոխությունը հանգեցնում է տվյալ կառույցների անխուսափելի քայքայման: Վերջին 4-5 տարում ԶՈւ գլխավոր շտաբի փոխված պետերի թիվն արդեն հաշվելու ցանկություն էլ չկա: Մի քիչ ավելի քիչ են փոփոխվել ոստիկանապետերը՝ ընդամենը 3 անգամ:

Պաշտպանության նախարարները փոխվել են ավելի հաճախակի, կարելի է ասել՝ ձեռնոցների նման: Քանի-քանիսն են այս ընթացքում նախարարական պաշտոններ փոխել, մարզպետից թռել գերատեսչություն, գերատեսչությունից՝ չգիտես՝ ուր: Դա կարելի է հեղափոխական անխուսափելի հետևանք համարել: Բայց խնդիրը հեղափոխականների մյուս հատկանիշն է. նրանք գործից բացարձակապես բան չեն հասկանում, բայց վստահ են իրենց անքննադատելիության և հանճարեղության մեջ, որովհետև իրենք... կարողացել են քայլելով զավթել իշխանությունը: Հետևաբար, անխուսափելիորեն ձախողվում են աշխատանքները, խնդիրները: Իսկ գործունեության առանցքային նպատակը դառնում է ինքնագովությունը, պարզ ասած՝ «փիարվելը»:

Փաշինյանն իշխանության գալուն պես երկար-բարակ քանդում-հավաքումներ անելուց հետո, ի վերջո, որոշեց 12 նախարարություն ունենալ: Դրա հիմնական պատճառն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում համեմատվել... Հիսուս Քրիստոսի հետ, ակնհայտ է, որ նման մտասևեռում ունի: Ի դեպ, ոստիկանությունը վերստին ՆԳ նախարարություն դարձնելուց հետո այն դարձել է 13-րդը: Շատերը համարում են, որ 13-րդը Հուդան էր: Բայց, ոնց հասկանում ենք, այդպես չեն թողնի, մի նախարարություն կփակեն շուտով: Ինչևէ: Նախարարությունների «կարուձևի» դաժան հետևանքներից մեկն այն եղավ, որ Նիկոլ Փաշինյանը գործնականում վերացրեց գյուղատնտեսության նախարարությունը: Հայաստանի դեպքում դա կառավարման ուղղակի աններելի սխալ է, եթե հատուկ միտումով չի արվել, այսինքն՝ նպատակը հենց այդ կառույցը վերացնելը չի եղել:

Վերացված գերատեսչություններից մեկն էլ Սփյուռքի նախարարությունն էր: Այն կարող է ու պետք է նոր բովանդակություն ստանար, բայց փոխարինվեց ինչ-որ անհասկանալի բանով, իսկ նախարարի փոխարեն հրամցվեց «Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի» կարգավիճակով Զարեհ Սինանյանը, որ հատկապես Սփյուռքում չափազանց հարգված, ամենուրեք բացառապես խանդավառությամբ ընդունվող աշխարհահռչակ գործիչ է: Զարմացա՞ք: Ճիշտ արեցիք: Ուղղակի սարկազմն արտահայտող ժպտացող սմայլիկ թերթում չեն դնում...

Այս խորագրի վերջին նյութերը