Քաղաքական

20.04.2023 10:06


Դիրքերի հստակեցման աշխատանքները շարունակվում են. ՀՀ ՊՆ-ն` Տեղ գյուղի մոտ առկա վիճակի մասին

Դիրքերի հստակեցման աշխատանքները շարունակվում են. ՀՀ ՊՆ-ն` Տեղ գյուղի մոտ առկա վիճակի մասին

Սյունիքի մարզի Տեղ գյուղի շրջանում դիրքերի հստակեցման աշխատանքները դեռ չեն ավարտվել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ–ից։

«Տվյալ տարածքում դիրքերի տեղակայման կետերի հստակեցման աշխատանքները ներկայում շարունակվում են»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Մեր հարցին, թե քանի քառակուսի կիլոմետր տարածք է Ադրբեջանի վերահսկողության տակ անցել Տեղ գյուղի մոտակայքում, գերատեսչությունը չի պատասխանել։

Ավելի վաղ Sputnik Արմենիայի նույն այդ հարցին պատասխան չէր տվել նաև ՀՀ ԱԱԾ–ն։

Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր Հայաստանի տարածքը Լաչինի միջանցքին միացնող ճանապարհահատվածի 5 կետերում Ադրբեջանի ԶՈւ–ի առաջխաղացման մասին։ Այդ ժամանակ ԱԱԾ-ն հայտնել էր ադրբեջանական կողմից պայմանավորվածությունների խախտման մասին՝ նշելով, որ Բաքուն, չսպասելով ճշգրտումներին, ինժեներական աշխատանքներ է սկսել։ Այնուհետև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ իրավիճակը պետք է կարգավորեն երկու երկրների քարտեզագրողները:

Ապրիլի 11-ին ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ գյուղի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող զինծառայողների ուղղությամբ։ Հայկական կողմից 4 հոգի զոհվել էր, 6-ը` վիրավորվել։

Այս խորագրի վերջին նյութերը