Քաղաքական

20.04.2023 14:15


2018-ին տեղի ունեցածը ստի ու կեղծիքի հրավառություն էր․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

2018-ին տեղի ունեցածը ստի ու կեղծիքի հրավառություն էր․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթը

․ ․ ․

Սիրելի՛ ժողովուրդ,

2018-ին տեղի ունեցած իշխանափոխությունը ոմանք կոչում են «թավշյա» հեղափոխություն, ոմանք՝ իշխանազավթում, ոմանք էլ՝ գունավոր հեղափոխություններին ներհատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ իշխանափոխություն։ Թե ինչի հետ գործ ունենք իրականում, պարզ դարձավ շատ արագ։ Գործ ունենք ստի, կեղծիքի հաղթարշավի հետ։ Ոմանք էն գլխից գիտեին, որ դա մեծ խաբեություն է, քանզի ճանաչում էին այսպես կոչված հեղափոխականներին՝ նրանց նախկին կյանքին ու գործունեությանը քաջածանոթ լինելով։ Շատերը չգիտեին այդ մասին կամ էլ չէին ուզում իմանալ, քանզի փոփոխությունների ձգտումը գերակշռում էր ամեն ինչին։

Փողոց դուրս եկած ժողովուրդն ուներ հույս, հավատ, մեծ սպասումներ։ Իշխանության եկածները խաբեցի՛ն ժողովրդին։ Խաբեցին, թե իբր սիրում են բոլորին, խոնարհվում բոլորի առաջ ու հպարտանում բոլորով։

Նրանք քաղաքացուն հռչակեցին հպարտ, 3 միլիոն վարչապետերից մեկը, բայց դրաձրեցին տուգանքի ու թալանի մատերիալ։ Հազարավոր երիտասարդների էլ «հաղթելու ենք» կարգախոսի ներքո և «Նիկոլ դավաճան» որակումից խուսափելու համար դարձրեցին պատերազմի զոհ։ Իսկ ադրբեջանական բանտերում տանջվող գերիների մասին էլ փաստացի մոռացել են, քանզի ինչպես իրենք էին հայտարարում՝ թող մի քիչ համբերեն։ Հետո էլ ասացին, որ գերիներն իրենց համար գոյություն չունեն։

Ժպիտ և երջանկություն խոստացողները երկրի գլխին բերեցին միայն պատերազմ, պարտություն և սուգ, գողացան քաղաքացու ժպիտը։

Հայրենիքին որդի տված մորը ոստիկանական յենիչերիներով քաշքեցին Եռաբլուրում։ Հղի կնոջը՝ Սոնային և նրա չծնված երեխային «ժողջանի» սիրելին իր ավտոշարասյունով սպանեց ու առանց կանգնելու շարունակեց ընթացքը։ Արմեն Գրիգորյանին մահվան դուռը հասցրեցին հենց դատարանի դահլիճում՝ բոլորիս աչքի առաջ։ Քաղաքական հետապնդումների են ենթարկում վաստակ ունեցող մարդկանց, զինվորականներին։ Ապօրինի կալանքի տակ է պահվում գեներալ Գրիգորի Խաչատուրովը։ ԱԺ նախագահը թքում է իրեն դավաճան անվանած քաղաքացու վրա և մնում անպատիժ։

Ամբոխի սիրելին ամբոխին օգտագործեց, հետո հայտարարեց, որ եթե կան աղքատներ, ապա այդ աղքատությունը նրանց գլխում է և ինքը ոչինչ չի կարող անել, մինչդեռ «թավշյա» օրերին հաճոյանում էր նրանց ու խոստանում դրախտային կյանք։

2018-ին թալանը կոպեկ առ կոպեկ հետ բերել խոստացողները պոպուլիստաբար հայտարարում էին, թե թանկացումներ չեն լինելու, իսկ հիմա, օրինակ, թոշակառուներն իրենց միջոցներն են կոպեկ առ կոպեկ հաշվում, որ կարողանան դուրս գալ այս թանկացումների տակից։

«Թավշյա հեղափոխականներ» ինքնահռչակվածները ներքնաշորով տեսախցիկներ ու արագաչափեր էին փակում։ Հիմա նրանց մի մասն իշխանության է եկել՝ ավելացնելով արագաչափերն ու տեսախցիկները, իսկ մյուս մասն արտագաղթել է մեր երկրից՝ դառնալով օգտագործված ու դեն նետված մատերիալ։

Արագաչափերը փակելով մարդկանց մոլորեցնողները, աղքատությունը սրբացնողները հիմա դարձել են դոլարային միլիոնատերեր և վարկով տուն առնելու անվան տակ՝ դղյակատերեր։ Ժողովրդի լեզվով ասած՝ բիրդան աղաներ։

2018-ին տեղի ունեցածը ստի ու կեղծիքի հրավառություն էր։ Հիմա նախկին արատավոր երևույթները կա՛մ պահպավել են, կա՛մ ավելի խորացել։ Դրան գումարած՝ Արցախի քանդված պետականություն և հարցականի տակ հայտնված Հայաստան։

Սիրելի՛ ժողովուրդ,

Այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանը փաստացի հայտարարեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Դրա դիմաց նա ակնկալում է, որ Ալիևը բարեգութ կգտնվի և կճանաչի Հայաստանը 29 հազար 8 հարյուրով, բայց երաշխիք չունի, որ Արցախը հանձնելուց հետո Ալիևը չի հասնի մինչև Երևան։ Փաշինյանն ուզում է արդարացնել իր քայլերը՝ «ես ինչ մեղավոր եմ, մինչև իմ իշխանության գալն էին հանձնել Ղարաբաղը» տարբերակով, բայց դա ակնհայտ սուտ է։

«Քաղաքացիական պայմանագիրը» բազմիցս ցույց է տվել, որ 2021-ի ընտրությունների ժամանակ հերթական անգամ խաբել է մեր ժողովրդին։ Ասել է մի բան, անում է լրիվ հակառակը։ Հետևաբար՝ այս իշխանությունը լեգիտիմ չէ և պետք է հեռանա։ Պետք է հեռանա ժողովրդական նոր շարժման միջոցով։ Պետք է հեռանա, որ մեր երկիրը մնա։

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է իրեն հավատացող փոքրաթիվ քաղաքացիներին ընտրություն կատարել իր և Հայաստանի միջև։ Փաշինյանն առաջարկում է նախընտրել իրե՛ն, այլ ոչ թե Հայաստանը։

Ես համոզված եմ, որ ճնշող մեծամասնությունը հասկացել է, թե ով է իրականում 2018-ին եկել իշխանության, որովհետև հնարավոր է մի պահ խաբել բոլորին, հնարավոր է անընդհատ խաբել մարդկանց մի փոքր հատվածի, բայց անհնար է բոլորին ու միշտ խաբել։

Սուտն ու կեղծիքը պետք է մաքրվեն մեր քաղաքական ու պետական համակարգից։ Պարտության խարանը պետք է ջնջել մեր պետության երեսից, որ երես ունենանք աշխարհին ներկայանալ՝ ապահովելով իրակա՛ն խաղաղություն, զարգացում և հաղթանակ։

Այս խորագրի վերջին նյութերը