Մեկնաբանություն

19.04.2023 19:20


Ալիև-Փաշինյան «փոխանցումներով խաղը»՝ Հայաստանի ու հայության դեմ

Ալիև-Փաշինյան «փոխանցումներով խաղը»՝ Հայաստանի ու հայության դեմ

Երեկ, բացի այն, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի խորհրդարանում թշնամական երկրի համար ելույթ ունեցավ, իր հակամարդկային գոյության մասին որոշեց հիշեցնել նաև նրա սիրելի «կիրթ ու կառուցողական» գործընկեր Իլհամ Ալիևը:

Նրանց՝ թե՛ Փաշինյանի, թե՛ Ալիևի խոսույթը բավականին ներդաշնակ էր: Այնպես, որ կարելի էր կարծել՝ փոխադարձ ու նախօրոք համաձայնեցրել են, թե իրենցից ամեն մեկը ինչ պետք է ասի: Ի լրումն, թե՛ Փաշինյանի, թե՛ Ալիևի խոսույթն ակնհայտ հակահայկական էր, թշնամական: Հիմնական տպավորությունն այնպիսին է, որ ասես՝ գործ ունենք նույնական նպատակներ հետապնդող մեկ ուժի՝ արտաքնապես տարբեր երկու ներկայացուցիչների հետ: Բայց վատը ոչ միայն դա է, այլև այն, որ Ալիև-Փաշինյան դուետի ներդաշնակությունը կարծես արդեն առանձնապես ուշադրություն էլ չի գրավում:

Քաղաքականության մեջ երկու և ավելի կողմերի նման հայտարարությունները սովորաբար անվանում են «պասերով խաղ», այն է՝ «փոխանցումներով խաղ»: Տվյալ դեպքում այդ արյունոտ «խաղը» Ալիևն ու Փաշինյանը վարում են Հայաստանի, Արցախի ու հայության դեմ:

Ինչ վերաբերում է Արցախին, ապա Նիկոլ Փաշինյանը երեկ պաշտոնապես, փաստորեն, հայտարարեց, որ այո՛, ուրացել է Արցախը, որ քանի դեռ ինքը ՀՀ վարչապետ է, Արցախի հարց չկա ու չի դրվելու, գործնականում ասաց գրեթե այն, ինչ ուզում է իր գործընկեր ու հայության թշնամի Ալիևը: Ճիշտ է, Ալիևը ուզում էր, որ Նիկոլ Փաշինյանը արդեն երեկ բացեիբաց հայտարարեր՝ «Արցախը Ադրբեջան է, և՝ վերջ»: Նիկոլ Փաշինյանը գործնականում հենց դա էլ ասում էր, ի միջի այլոց: Ավելին, խոստովանեց, որ դա է ասել նաև Պրահայում, նաև Սոչիում:

Բայց դե Ալիևը ուզում է, որ Հայաստանում Փաշինյանը բառ առ բառ կրկնի այն, ինչ ինքն է ուզում, ինչ ասել էին տալիս գերի ընկածներին:

Ակնհայտ է մեկ բան. Հայաստանն ու երկրաբնակ հայությունը ուղղակիորեն պատանդառված են փաշինյանական կլանի ու նրա գործընկեր Ալիև-Փաշաևների կլանի կողմից:

Ստացվում է, որ տասնամյակներ շարունակ հայությունը մեծ զրկանքների ու զոհողությունների գնով պայքարում էր հանուն այն բանի, որ երկու-երեք տարվա մեջ Արցախը՝ եղած-չեղածով, նվիրի ադրբեջանական թուրքերին և... հպարտանա դրանով:

Մինչ այս, մինչ այն, գործնականում թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը հայտարարում են, որ Արցախի խնդիրը Ադրբեջանի ներքին գործն է: Փաշինյանը «ինքնորոշման իրավունք» բառակապակցությունն անգամ չի համարձակվում արտասանել: Իսկ Ալիևն էլ ասում է, որ դա ընդհանրապես իր ներքին գործն է. եթե Ղարաբաղի հայերը ուզում են ապրել այնտեղ, ապա պիտի Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն, ո՞չ՝ ուրեմն պետք է թողնեն-հեռանան: Կարճ ասած՝ սպառնում է կոտորածով, որի այլընտրանքը ազգուրացությունն է:

Այ, սա՛ է Նիկոլ Փաշինյանի ու նրա մանկլավիկների երազած ապագան:

Ամենից վատն այն է, որ Փաշինյան-Ալիև զույգը համոզված է, որ Արցախի հարցերն արդեն լուծել են, և հիմա, համատեղ ուժերով ձեռնմուխ են եղել Հայաստանի ոչնչացման փուլն իրագործելուն՝ գրեթե զրոյական դիմադրության պայմաններում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը