Կարծիք

06.10.2011 17:05


Հիվանդ քաղաքական դաշտի զառանցանքները

Հիվանդ քաղաքական դաշտի զառանցանքները

Հայաստանյան քաղաքական դաշտի վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ եկան ապացուցելու՝ որքան շատ խնդիրներ ունենք, և որքան ցածր մակարդակի վրա է մեր բազմաչարչար երկիրը:

Հիշելով մեծ բանաստեղծ Համո Սահյանին՝ կարելի է ասել՝ ախր ուրիշ տեղ ընդդիմությունը բողոքի գործողություններ չի կազմակերպում, որ անօրինական իշխանությունների հետ երկխոսելու հնարավորություն ստանա, ախր ուրիշ տեղ իշխանությունն այսքան սխալներ չի անում՝ իրեն դնելով բավական ծիծաղելի իրավիճակում:

Հետևելով տեղի ունեցող իրադարձություններին՝ մեկ անգամ ևս համոզվում ես, որ հնարավորինս շուտ պետք է սահմանադրական բարեփոխումներ կատարել և անցնել խորհրդարանական համակարգին: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ խորհրդարանական համակարգ ունեցող զարգացած երկրներն ավելի շուտ են մոտեցել ժողովրդավարությանը, քան նախագահական և, առավել ևս, կիսանախագահական համակարգ ունեցողները:

Իհա՛րկե, ոմանք կպնդեն, թե խորհրդարանական համակարգը թույլ կտա ինչ–որ մեկին ավելի երկար ժամանակ զբաղեցնել վարչապետի պաշտոնը, բայց եթե նույնիսկ դա այդպես լինի, այդուհանդերձ, այդ մեկ անձը կախված կլինի քաղաքական ուժերից և նույնիսկ իր իսկ կուսակցությունից, ոչ թե ներկա իրավիճակի նման, երբ քաղաքական ուժերն են կախված լինում մեկ մարդուց, որին Սահմանադրությամբ գրեթե արքայի լիազորություններ են տրված: Այնպես որ, հենվելով միջազգային փորձի և մեր ժողովրդի մենթալիտետի վրա, կարելի է վստահաբար ասել, որ առաջընթացի հիմնական ճանապարհներից մեկն անցնում է խորհրդարանական համակարգով:

Խորհրդարանական համակարգը և անցումը բացառապես համամասնական ընտրահամակարգին կնպաստի կուսակցությունների ուժեղացմանը և կայացմանը: Իսկ երբ կայանան կուսակցությունները, ապա քաղաքական դաշտն էլ կառողջանա, և մենք ապահովագրված կլինենք այնպիսի իրադարձություններից, որոնք տեղի են ունենում այսօր մեր աչքի առաջ, մենք էլ ստիպված հետևում ենք այդ գործընթացին:

Այն, ինչ տեղի է ունենում այսօր Ազատության հրապարակում, պարզապես զարմանք է առաջացնում: Հավաքվել են որոշ թվով մարդիկ, որոնք կարծում են, թե պայքարում են Սերժ Սարգսյանի վարչախմբի դեմ, չնայած իրենց առաջնորդը չի դադարում կրկնել, որ իրենք այդ քայլերով գնում են «երկխոսության»: Իսկ ամենամեծ անհեթեթությունն այն է, որ երբ կոալիցիան բառիս բուն իմաստով Կոնգրեսին ստորացնելով հայտարարեց, որ «կերկխոսեն», եթե դադարեցվեն «ապօրինի հավաքները», ՀԱԿ-ը ոչ թե համարժեք հայտարարություն արեց, այլ պարզապես շեշտեց, որ արդեն «կերկխոսեն» բացառապես իշխանությունների նախաձեռնությունից հետո:

Իսկ որ «երկխոսությունն» ի սկզբանե նախաձեռնել էր Սերժ Սարգսյանը, այդ մասին գիտեն գրեթե բոլորը, այնպես որ, տրամաբանությունը հուշում է, որ երկրորդ փուլը ևս պետք է նախաձեռներ նույն Սերժ Սարգսյանը:

Իսկ եթե Կոնգրեսի առաջնորդների նպատակն իսկապես լիներ ժողովրդավարական Հայաստանի կերտումը և Սերժ Սարգսյանի վարչախմբից ազատվելը, ապա ոչ թե պետք է պատրաստակամություն հայտներ շարունակել «երկխոսությունն» իշխանությունների նախաձեռնությունից հետո, այլ անհապաղ պահանջեր այն վարչախմբի և նրա առաջնորդի հրաժարականը, որոնք հանրահավաքները կամ նստացույցը խորհրդային ժամանակների ոգով համարում են «անօրինական գործողություններ»: Կոնգրեսը չգնաց այս քայլին և ապացուցեց՝ այսօր ինչ է իրականում: Իր հայտարարություններով և պահվածքով էլ վարչախումբն իր հերթին ապացուցեց, որ քաղաքական դաշտում անելիք չունի:

Ապացուցելն ապացուցեցին, բայց դրանից դեռ չի հետևում, որ նրանք կցուցաբերեն բարձր ինքնագիտակցություն և կհեռանան քաղաքական թատերաբեմից՝ իրենց տեղը զիջելով նրանց, ովքեր իրենց կոչումը համարում են քաղաքականությունը և պատրաստ են ղեկավարել երկիրը: Այնպես որ, Հայաստանում գործող բոլոր առողջ քաղաքական ուժերը, անհատները ոչ թե պետք է հետևեն, թե էլ ինչ են անելու Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, այլ կոնկրետ գործողություններով և քայլերով նպաստեն քաղաքական դաշտի առողջացմանը: Իսկ որ մեր քաղաքական դաշտն այսօր հիվանդ է, վկայում է նաև այն փաստը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցից հետո շատերն ուշադրություն են դարձնում ոչ թե այն փաստին, որ ԲՀԿ-ն նպատակ ունի համախմբող դերակատարում ունենալ, այլ այն, որ նա չի ասել, թե ում թեկնածությունն է պաշտպանելու հերթական նախագահական ընտրություններում:

Կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցի մեխը հենց այն էր, որ նա հայտարարեց իր կարևոր որոշման մասին՝ նպաստել առողջ ուժերի համախմբմանը, և հիմա դժվար չէ կռահել, որ բոլոր նրանք, ում շահերից չի բխում քաղաքական դաշտի առողջացումը և Հայաստանի ժողովրդավարացումը, սկսելու են քարեր շպրտել ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը