Քաղաքական

27.04.2009 15:21


ՀՅԴ հայտարարությունը քաղաքական կոալիցիային իր մասնակցությունը դադարեցնելու մասին

ՀՅԴ հայտարարությունը քաղաքական կոալիցիային իր մասնակցությունը դադարեցնելու մասին

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հայտարարում է քաղաքական կոալիցիային իր մասնակցությունը դադարեցնելու մասին։

Նկատի ունենալով խնդրի քաղաքական նշանակությունը, հանրային հնչեղությունը և հետևանքները՝ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել այս քայլի պատճառները։

Նախ՝ ՀՅԴ-ն կոալիցիային մաս կազմեց նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված ճգնաժամը, հայկական երկու պետությունների անկախությանն ու անվտանգությանն ուղղված ռազմաքաղաքական սպառնալիքները միասնական ուժերով հաղթահարելու և համակարգված բարեփոխումներ իրականացնելու նպատակադրումով։

Այս ընթացքում որոշակի հաջողություններ արձանագրվեցին, սակայն անհաղթահարելի սկզբունքային տարաձայնություն առաջացավ արտաքին քաղաքականության ուղեգծի շուրջ։

Մենք մշտապես համոզված ենք եղել, որ պետության ազգային անվտանգության ռազմավարական ուղղություններից մեկը Հայոց ցեղասպանության համընդհանուր, մասնավորապես՝ Թուրքիայի կողմից ճանաչումն ու դատապարտումն է։ Սա դիտարկվել է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլև տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման և ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում։ Այս առումով, մեզ համար, ինչպես արդեն հայտարարել ենք, անընդունելի ու դատապարտելի է էր ապրիլի 24-ի անմիջական նախօրեին և Թուրքիայի ղեկավարների հակահայկական, նախապայմաններ թելադրող կեցվածքների համատեքստում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարությունների համատեղ հայտարարության ընդունումը։ Ունենք նաև սկզբունքային տարաձայնություններ Հայաստան-Թուրքիա բանակցություններում արծարծվող որոշ դրույթների վերաբերյալ ՀՀ-ի իշխանությունների դիրքորոշման հարցում, որոնց վերաբերյալ ամբողջական տեսակետները կարտահայտենք դրանց հրապարակային քննարկումների ժամանակ։

Հետայսու ՀՅ Դաշնակցությունը Հայաստանի քաղաքական դաշտում գործելու է նոր՝ ընդդիմադիր ուժի կարգավիճակով։ Մեր հիմնական առաջնահերթությունները լինելու են.

  1. Դառնալ իշխանության լիարժեք այլընտրանք՝ բոլոր հիմնահարցերի վերաբերյալ առաջարկելով սեփական ծրագրերն ու լուծումները։
  2. Որպես ընդդիմություն ստանձնել իշխանություններին արդյունավետորեն հակակշռելու և զսպելու դերակատարություն։
  3. Իրականացնել անհրաժեշտ գործառույթներ՝ քաղաքական դաշտի առողջացման և բյուրեղացման, իշխանություն-ընդդիմադիր քաղաքակիրթ հարաբերությունների ձևավորման, սոցիալական արդարության հաստատման և ժողովրդավարության ամրապնդման նպատակով։
  4. Ծավալել նախընտրական խոստումներից բխող ամբողջական գործունեություն, դրսևորելով ՀՅ Դաշնակցության գաղափարաքաղաքական ինքնատիպությունը։
  5. Հայ-թուրքական հարաբերությունների, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներում առաջնորդվել բացառապես ազգային-պետական շահերի և նպատակների գերակայությամբ։

Մենք գնահատելի ենք համարում կոալիցիոն գործընկերների հետ համատեղ գործունեությունը և հաջողություն ենք մաղթում նրանց աշխատանքներին՝ ի շահ մեր պետության և ժողովրդի։

Հայ Հեղափոխական Դաշնակցության

Հայաստանի Գերագույն Մարմին

Այս խորագրի վերջին նյութերը