Մեկնաբանություն

14.04.2023 21:35


Հայաստանը ԵՄ-ի ու ՀԱՊԿ-ի արանքում… որպես մանրադրամ

Հայաստանը ԵՄ-ի ու ՀԱՊԿ-ի արանքում… որպես մանրադրամ

Այսօր վերստին ակտիվացավ փաշինյանական «գվարդիան»: Հայտարարություններ, փչոցներ, գլուխգովանություն: Ինչ ասես, որ կարելի էր արձանագրել նրանց խոսքի ելևէջներում: Բայց փաշինյանականների այդ դրսևորումները դեռ մի հարց են:

Բուն հարցն այն է, որ ահա այդ խմբավորման ներկայացուցիչների և, իհարկե, նրանց գլխավորող Նիկոլ Փաշինյանի վարած «քաղաքականությունը» Հայաստանը դրել է մի այնպիսի վիճակում, մի այնպիսի ուղու վրա, որն անխուսափելիորեն հանգեցնում է կորուստների: Եթե, իհարկե, երկու-երեք աթոռի վրա նստելն ու պարբերաբար բետոնակուռ հատակին թրմփալը կարելի է քաղաքականություն անվանել ընդհանրապես:

Այսօր, օրինակ կարելի էր արձանագրել, թե ինչպես են «առաջին շարքի» փաշինյանականները հակադարձում ՌԴ ԱԳՆ խոսնակին առ այն, թե ում զանգերով կամ ջանքերով է դադարեցվել Տեղի մատույցներում օրերս սկսված բախումը: Փաշինյանականներից (եթե չենք սխալվում, դա բոլոր ժամանակների մեծագույն ստրատեգոս Անդրանիկ Քոչարյանն էր) մեկն, օրինակ, խրոխտ հայտարարեց, որ եթե Հայաստանի զինված ուժերը չկռվեին, ապա ով ուր ուզում էր՝ զանգի (Զախարովան էր նման հայտարարություն արել), ոչինչ չէր ստացվելու:

Անհայտ մնաց միայն, թե այդ ամբողջ ընթացքում ինչ բանի էին այսպես կոչված ԵՄ դիտորդները, որոնք, ըստ Նիկոլ Փաշինյանի դոկտրինի, պիտի ապահովեին Հայաստանի սահմանների անդորրը ու նման բաներ: Բայց նրանք, ինչպես իրենց առաքելության ղեկավարը հայտարարեց, «զենքերից» միայն հեռադիտակ ունեն ու իրական ռազմական վտանգի դեպքում ոչնչով օգնել չեն կարող: Ի դեպ, ԵՄ դիտորդները բավականին ճարպիկ դիրք են բռնել. Եթե ոչինչ չլինի, ուրեմն՝ իրենց ներկայությունն է ազդել, իսկ եթե լինի՝ իրենք ի՞նչ կարող են անել… հեռադիտակներով: Չհաշված, որ ինչ նկատում են, պարզվում է, նաև ադրբեջանական կողմին են զեկուցում:

Բայց՝ եղավ: Տեղ գյուղի մոտ թշնամին նախահարձակ բնույթի գործողության դիմեց: Ու ի՞նչ: Այնտեղ կայի՞ն ԵՄ դիտորդներ: Հազիվ թե: Հետո, միգուցե և գնացել են:

Մյուս կարևոր հարցը, որը փաշինյանական «տրիբունները» երբեք չեն արծարծի, այն է, թե այդ ինչպե՞ս եղավ, որ թշնամական զորքը Տեղի քթի տակ եկավ-նստեց: Իսկ թե ով կամ որ երկրի ջանքերով է այս կամ այն կոնկրետ միջադեպը սառեցվել, կասեցվել կամ դադարեցվել, կներեք, արդեն երկրորդական հարց է:

Այսօր, ենթադրենք, Ռուսաստանն է ինչ-ինչ ջանքեր գործադրել, վաղը, ենթադրենք, Եվրամիությունն է նման զանգեր արել կամ թեկուզ հենց ԱՄՆ-ը:

Դաժան իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական մանրադրամ: Երկիր, որից ով ինչ ուզում՝ պոկում է: Ամենից վատը, որ պոկողների առաջին գծում թշնամի Ադրբեջանն է, որը քայլ առ քայլ Հայաստանից տարածքներ է զավթում: Ու այդ պայմաններում, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը խոսում է… զորքերի հետքաշումից: Քիչ չէ, որ ամեն ինչ արել է, որպեսզի թշնամական հորդաները դիրքավորվեն մեր բնակավայրերի անմիջական հարևանությամբ, մի հատ էլ՝ հետքաշում-հետքաշում է ասում:

Այսօր փաշինյանականները փորձում են չգիտես, թե ո՛ւմ համոզեն, որ Հայաստանը արտաքին-քաղաքական գիծ չի փոխել, «խաղեր չի տվել», բայց այդ պայմաններում, օրինակ ՀԱՊԿ-ը ոչնչով չի օգնել, դրա համար էլ հիմա վազում են ՆԱՏՕ-ի գիրկը, կարծես՝ իրենց այնտեղ սպասող կա: Իրենցից Արևմուտքի ուզածը ռուսական ռազմական ներկայությունից հրաժարվելն է: Մնացածը, կներեք, «լոլոներ» են:

Արտաքին-քաղաքական գիծ չփոխելուց խոսում են ներկայացուցիչները մի իշխանության, որ իշխանությունը զավթելուն պես՝ 2018-ի մայիսից, հետևողականորեն վատացրել են Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները, եթե չասենք՝ փչացրել են այդ հարաբերությունները: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին հանիրավի ձերբակալող իշխանությունը ինչ-որ դժգոհություններ ունի ՀԱՊԿ-ից:

Փաշինյանենց երևի թվում է, որ իրենք կարող են ցանկացածի գոգին նստել, միրուքը փիտել: Մինչդեռ առավելագույնը, ինչին հասել են, այն է, որ Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական մանրադրամ: Այն աստիճանի բացահայտ է դա, որ Ֆրանսիայի նման բարեկամական երկրի ղեկավարն է ասում՝ Հայաստանը բուֆեր է: Հասկանո՞ւմ եք՝ բու-ֆեր…: Իսկ փաշինյանական իշխանությունն էլ բուֆերչի, թերևս:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը