Քաղաքական

14.04.2023 18:16


Արթուր Հովհաննիսյանն ակնհայտորեն հիմնվում է իր հորինած ձևակերպման վրա, կամ, հավանաբար, նրան սխալ է թարգմանվել. Զախարովան պատասխանել է ՔՊ խմբակցության քարտուղարին

Արթուր Հովհաննիսյանն ակնհայտորեն հիմնվում է իր հորինած ձևակերպման վրա, կամ, հավանաբար, նրան սխալ է թարգմանվել. Զախարովան պատասխանել է ՔՊ խմբակցության քարտուղարին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե ինքը չի հասկանում Ռուսաստանի պահանջը՝ պարզաբանել Եվրոպայում ԱՄՆ-ի գլխավորած զորավարժություններին հայկական կողմի մասնակցությունը։

Ըստ Զախարովայի՝ նա ակնհայտորեն հիմնվում է իր հորինած ձևակերպման վրա և ինքն էլ զարմացած է դրանով, կամ նրան սխալ է թարգմանվել օրերս ճեպազրույցի ժամանակ իր արած մեկնաբանությունը։

Ուրբաթ ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը տարակուսանք էր հայտնել, որ ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանումներ է ցանկանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։ Նա հավելել էր, որ Երևանն անում է ամեն ինչ իր զինված ուժերի մարտունակությունը զարգացնելու և բարձրացնելու համար։

Այս կապակցությամբ ՌԴ ԱԳՆ թելեգրամյան ալիքում հրապարակվել է օրերս Զախարովայի ճեպազրույցում՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցության մասին հարցի պատասխանի սղագրությունից մի հատված.

«Հարց. Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել իր տարածքում, միևնույն ժամանակ որոշեց մասնակցել ՆԱՏՕ-ի երկրների զորավարժություններին։ Ինչպե՞ս է Ռուսաստանի ԱԳՆ-ն վերաբերվում Երևանի դիրքորոշմանը։ Կարո՞ղ է սա համարվել Երևանի կողմից ոչ բարեկամական քայլ, որը կարող է վատթարացնել մեր երկրների երկկողմ հարաբերությունները։

Պատասխան. Չեմ կրկնվի և ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստի վրա, որ ես հենց նոր մեկնաբանեցի Հայաստանի և ՀԱՊԿ-ի թեման։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին. դաշինքը շարունակում է իր զորավարժություններին գործընկեր երկրներին ակտիվորեն ներգրավելու պրակտիկան։ Դա անում է ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման միջոցով և ձգտում է վերափոխել այդ պետությունների պաշտպանական համալիրը, լծակներ ձեռք բերել նրանց ներքին և արտաքին քաղաքական գործընթացներում, զինված ուժերի կառուցման ընթացքում: Խոսքը առաջին հերթին վերաբերում է հետխորհրդային տարածքին, որը ՆԱՏՕ-ի համար իսկական դաշտ է Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական առճակատման համար։ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները փորձում են վարկաբեկել տարածաշրջանի երկրների համագործակցությունը մեր երկրի հետ։ Նրանք ներքաշված են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, որոնք հակառուսական բնույթ ունեն, երբեմն՝ ռուսատյաց: ՆԱՏՕ-ի նման գործողությունները հանգեցնում են տարբեր տարածաշրջաններում իրավիճակի ապակայունացմանը, կոնֆլիկտային ներուժի աճին և նոր բաժանարար գծերի ստեղծմանը։ Մեր հայ գործընկերներից ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ ենք խնդրել։ Պատասխանը ստանալուն պես կորոշենք մեր արձագանքը։ Իհարկե, Երևանի հրաժարումն իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց ցավալի է և չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»։

Հավանաբար, Արթուր Հովհաննիսյանին սխալ է թարգմանվել»,-ասվում է Զախարովայի պատասխանում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը