Մեկնաբանություն

14.04.2023 14:35


Ի՞նչ կլիներ, եթե Հայաստանի ղեկին Փաշինյան Նիկոլը չլիներ... (տեսանյութ)

Ի՞նչ կլիներ, եթե Հայաստանի ղեկին Փաշինյան Նիկոլը չլիներ... (տեսանյութ)

Ուղիղ 1 տարի առաջ՝ ապրիլի 13-ին, վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե բոլոր դեպքերում նույնն էր լինելու, բայց՝ առանց զոհերի: Նա այդ հայտարարությունից 365, նույնիսկ 366 օր անց շարունակում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Ասում է՝ «եթե...»:

Որքան ծրագրավորումը սիրում է «եթե...»-ներ, կրկնակի ավելի պատմությունը չի՛ սիրում «եթե...»-ներ: Եվ պատմությունը «եթե...»-ներ չունի: Բայց ի՞նչ կլիներ, եթե Հայաստանի ղեկին Փաշինյան Նիկոլը չլիներ:

Բայց նախ, հիշեցնենք, թե Փաշինյանն ինչ հայտարարեց 2022 թվականի ապրիլի 13-ին, ԱԺ-ում՝ յուրային Վահագն Ալեքսանյանի «հարցին» (հասկանալի է, նախօրոք համաձայնեցրած) անդրադառնալով: Խոսքը 2020-ի աղետի, Արցախի խնդրի կարգավորման հնարավորությունների ու տարբերակների մասին էր: Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասաց. «Կարո՞ղ էինք կանխել պատերազմը: Կարող էինք կանխել պատերազմը: Որի արդյունքում մենք կունենայինք էս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի: էս նույն վիճակը՝ բոլոր նրբություններով...»:

Սա ասում է մեկը, ով 2018-ի մայիսի 8-ից ամիջական պատասխանատուն էր թե՛ բանակցային գործընթացում, թե՛ պետության կառավարման բոլոր հարցերում, թե՛ մնացած ամեն ինչի առումով, ինչ վերաբերվում է բանակին, երկրի անվտանգությանն ու ժողովրդի ապահովությանը: Սա ասում է մեկը, ով Ալիևի հետ «ինչ-որ պետք է, էն էլ բանակցում» էր: Սա ասում է մեկը, ով հետևողականորեն տապալեց բանակցային գործընթացը՝ այն մղելով թշնամուն ձեռնտու՝ ռազմական էսկալացիայի տանելու արյունոտ արահետ: Սա ասում է նույն Նիկոլ Փաշինյանը, ում սխալ քաղաքականության արդյունքում և ում որշումների հետևանքով Հայոց բանակի հազարավոր զինվորներ են զոհվել: Սա ասում է մեկը, ով ահռելի և աղետային կորուստների է տարել Հայաստանն ու Արցախը, ու ասում է այդ ամենն անելուց հետո:

Ասում է՝ «նույնն էր լինելու, բայց՝ առանց զոհերի», եթե կանխեին պատերազմը, ինչը, ըստ նրա խոսքի, կարող էին անել: Բայց չարեցին:

«Եթե կանխեին...»: «Եթե...»:

Իսկ ի՞նչ կլիներ, եթե Հայաստանի ղեկին չլիներ Փաշինյան Նիկոլը: Չենք ասում՝ ընդհանրապես չլիներ ինքը կամ, ենթադրենք, իր և բոլորիս բախտը բերեր ու, ասենք, 2020-ի ապրիլին, կորոնայից, որով իբր, վարակվել էր, «ուղևորվեր» իր սիրելի և անուն-ազգանունով նույնական պապիկի մոտ: Այլ ասում ենք՝ «եթե վարչապետն ինքը չլիներ», այ, այդ ժամանակ ինչ կլիներ: Նո՞ւյնը կլիներ, ամեն դեպքում, ինչպես ինքն է ասում, «բայց առանց զոհերի», թե՞ նույնը չէր լինի:

Նիկոլ Փաշինյանն ինչ-որ առումով ճիշտ է ասում, նախ՝ զոհեր չէին լինի: Հաստատ, իր իշխանության բերած հազարավոր զոհերը չէին լինի:

Բայց Նիկոլ Փաշինյանը «կես» ճշմարտությունն է ասում, այսինքն՝ ճշմարտություն չի ասում, քանզի ասված «կես ճշմարտությունը» նաև չասված «կես սուտ» է, որոշակի իմաստով:

Ամենից առաջինը. եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ (վարչապետ, ՀՀ ղեկավար), Հայաստանը ոչ մի կերպ չէր տորպեդահարելու Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը, Հայաստանը անհավասարակշիռ հայտարարություններ չէր անելու և չէր լեգիտիմացնելու խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու՝ ադրբեջանաթուրքական տանդեմի մղումները:

Երկրորդը. եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, Հայաստանը չէր փչացնելու հարաբերություններն իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ: Հայաստանը հակաչինական ու հակաիրանական «խաղեր չէր տալու» և բոլոր կողմերից ինքն իրեն չէր մեկուսացնելու:

Երրորդը. եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, Հայաստանը գործնականում հիմար վիճակի մեջ չէր դնելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, այդ թվում՝ Ֆրանսիային ու ԱՄՆ-ին:

Չորրորդը. եթե չլիներ Նիկոլ փաշինյանը, Հայաստանը կարողանալու էր պահպանել արտաքին-քաղաքական բալանսը, ամենակարևորը՝ Հայաստանը ժամանակին ապահովելու էր ռազմական հավասարակշռությունը՝ որոշակի զինատեսակների ապահովման իմաստով:

Հինգերորդը. Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանը միգուցե կկարողանար կանխել պատերազմն ընդհանրապես, իսկ եթե թշնամին այնուամենայնիվ որոշեր դիմել ագրեսիայի, ապա արագ և կտրուկ հակահարված էր ստանալու: Այս խայտառակ արդյունքները հաստատ չէին լինելու

Վեցերորդ. եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, ապա Հայաստանը չէր ծվատվելու ներքին թշնամանքի ճիրաններում առնվազն այն աստիճանի, որը տեսանք ու տեսնում ենք բոլորս:

Յոթերորդ. Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանն ու Արցախը կարողանալու էին դիմագրավել ծանր փորձություններին, որոնցից, վստահաբար, դուրս էինք գալու առնվազն անհամեմատ նվազագույն կորուստներով, եթե ոչ՝ հաղթանակած:

Մեծ հաշվով, չէր կարող ու չէր լինելու «նույն բանը», իսկ զոհեր ու ահռելի կորուստներ չէինք ունենալու: Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը...

Բայց... նա կա: Իսկ դա նշանակում է, որ շարունակվելու են աղետները, կորուստները, զոհերը, մղձավանջն ու հոգեվարքը:

Նիկոլ Փաշինյանի լինելը (վարչապետ), նշանակում է Հայաստանի մահ, ոչնչացում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը