Քաղաքական

13.04.2023 10:49


Մի՞թե պարզ չէ, թե թշնամին ինչու կամ ինչ նպատակով էր մոտենում մերոնց դիրքերին․ «Փաստ»

Մի՞թե պարզ չէ, թե թշնամին ինչու կամ ինչ նպատակով էր մոտենում մերոնց դիրքերին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Այն, ինչ ապրիլի 11-ի երեկոյան կատարվեց Սյունիքի մարզի Տեղ գյուղի մատույցներում, ցավոք, ոչ միայն լիովին կանխատեսելի ու սպասելի էր, այլև միանգամայն անխուսափելի: Այսինքն, երբ քո ոխերիմ թշնամուն, քեզ բնաջնջելու բացահայտ ծրագիր ունեցող և քայլ առ քայլ իրագործելու նպատակամղվա՛ծ թշնամուն, «էստի համեցեք» անելով, բերում և անարգել, անխոչընդոտ թույլ ես տալիս դիրքավորվել քո դաշտերում, քո արտերում, սարերի վրա, քո բնակչության քթի տակ, բացարձակ կանխատեսելի է, որ այդ թշնամին շարունակելու է հարձակվել, կրակել, սպանել, մանավանդ, եթե դա թուրքն է կամ ադրբեջանական թուրքը:

Բուն եղելության մասին այս ընթացքում արդեն բազմաթիվ հրապարակումներ եղել են: Վստահ ենք, որ շատերը դիտել են նաև Հայաստանի ՊՆ-ի տարածած տեսանյութը, որտեղ արտացոլված է դեպքերի ընթացքը կամ ադրբեջանական կողմի սադրանքի սկզբի պահը: Կատարվածի դաժան հետևանքների մասին էլ է հայտնի. մեր 4 զինվորական է զոհվել, ևս 6-ը վիրավորվել են, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ըստ լուրերի, թշնամին էլ ունի կորուստներ: Բայց հարցն այդ չէ միայն: Չենք կասկածում նաև, որ բոլոր ողջամիտ մարդիկ, ովքեր դիտել են ՀՀ ՊՆ տարածած տեսանյութը, տարակուսել են և առնվազն հարցեր ունեն:

Այդ հարցերի շարքում ամենից առաջինն այն է, թե ինչպե՞ս է ադրբեջանական մեքենան անարգել մոտենում մեր դիրքերին: Մի՞թե պարզ չէ, թե թշնամին ինչու կամ ինչ նպատակով էր մոտենում մերոնց դիրքերին: Կամ ինչ նպատակով որ մոտենար, դա ադրբեջանական թո՛ւրք է, դա թշնամի է, իսկ թշնամուն պետք է կանգնեցնել, առնվազն պահել հեռավորության վրա: Այդ հարցերի ենթադրական պատասխանները հանգեցնում են հիմնավոր կասկածի, որ խստորեն հրամայված է թշնամու վրա չկրակել: Իսկ նման անընկալելի հրամանն ուղղակիորեն բխում է Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի որդեգրած և պարբերաբար բարձրաձայնվող «քաղաքական» ուղեգծից:

Դիրքորոշում, որն ամփոփված է նույն Փաշինյանի հռչակած «խաղաղության օրակարգին» անհոգնել հավատարմության և «ամեն կերպ էսկալացիայից խուսափելու» մասին հայտարարություններով: Հասկանալի է, չէ՞, որ եթե օրվա իշխանությունը դավանում է ամեն կերպ լարվածությունից խուսափելու մոտեցում, շարունակական զիջումներ է անում թշնամուն, ապա այդ պայմաններում մարտական հրամանատարները «վերևից եկող» կապանքների մեջ են հայտնվում: Սկսում են երկմտել, օրինակ՝ «եթե կրակ բացենք, բա որ մեղադրեն էսկալացիա հրահրելու մեջ... (հասկանալի է՝ հետևանքներով)»: Իսկ առաջնագծում, մանավանդ, երբ թշնամին ուղիղ գծով շարժվում է քո վրա, նման երկմտումները ճակատագրական ու մահացու են:

Բայց այստեղ շատ ավելի կարևոր հարց կա, թե այդ ինչպե՞ս է թշնամին ընդհանրապես հայտնվել այդտեղ: Այդ ինչպե՞ս եղավ, որ թշնամին Տեղ-Կոռնիձոր հատվածում (ու ոչ միայն) ներխուժեց Հայաստանի տարածք, քիչ չէ, մի բան էլ՝ սկսեց արագորեն դիրքավորվել: Ավելին, երբ դիրքավորվում կամ, ինչպես ասվում է՝ «ինժեներական աշխատանքներ» էին անում հայ զինվորականները, թշնամին անմիջապես բախում սադրեց: Եթե խիստ հակիրճ, ապա թշնամին հայտնվեց Տեղում, որովհետև նույնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն հայտարարությունից հետո Հայաստանի իշխանության ղեկին շարունակեց մնալ Նիկոլ Փաշինյանը: Պարտվա՛ծը: Պարտությա՛մբ հպարտացողը: Արևելյան Հայաստանի քաղաքների մարգարիտ Շուշին «դժբախտ ու դժգույն» անվանո՛ղը...

Ի դեպ, ո՞ւր մնացին նույն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները նույն Տեղ գյուղին անմիջապես հարող հատվածի վերաբերյալ, թե դիրքային փոփոխություններ չեն եղել, թե պարզապես բանակային ստորաբաժանումներին նույն դիրքերում փոխարինելու են սահմանապահները: Ի՞նչ դիրքեր, ի՞նչ նույն դիրքեր, եթե Հայաստանի բանակային ստորաբաժանումը նոր-նոր դիրքավորվում էր Տեղ գյուղի կոնկրետ այդ հատվածում: Է՛լ ավելին. Նիկոլ Փաշինյանը, իրեն ենթակա ԱԱԾ-ն, առաջին շարքի փաշինյանականները ևս, նախորդ օրերին անդրադառնալով Տեղ-Կոռնիձոր հատվածում ստեղծված իրավիճակին, շարունակ հենց այն էին ասում, թե ընդամենը քարտեզների տարընթերցումներ են եղել, թե ինտենսիվ աշխատում են ադրբեջանական կողմի հետ և կա... «էական բարելավում»:

Հետագա դեպքերն ու փաստերն արդեն հուշում էին, որ նրանք «էական բարելավում» ասելով՝ նկատի ունեն ոչ թե թշնամու հետ քաշվելը, այլ... թշնամու հետ քննարկումները, որոնց ընթացքում նրանք երևի համաձայնել են, որ ոչ թե 300 մետր են ավել առաջ եկել, այլ, ասենք, 192 մետր: Թե ո՛րն է կամ քանի գրոշ արժե Նիկոլ Փաշինյանի ասած «էական բարելավումը», թե ինչ դաժան ու ծանր գին է վճարում ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի դավանած «խաղաղության օրակարգի» համար, երևաց ապրիլի 11-ին: Դժբախտացավ ևս 4 հայոց օջախ: Ընդհատվեց ևս 4 հայ երիտասարդի կյանք: Արդեն որերո՞րդը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության ընթացքում և նրա իշխանության վարած քաղաքականության հետևանքով զոհված, վիրավորված, անհայտ կորած հազարավորների շարքում:

Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգը» մահվան, կորուստների, շարունակական աղետների՛ մասին է: Դա «խաղաղության օրակարգ» չէ՛, այլ ամենաիսկական արնածոր սողա՛նք՝ «սողացող պատերազմ»: Ու քանի դեռ իշխանության ղեկին է Նիկոլ Փաշինյանը, այս ամենը վերջ չի ունենալու: Ու քանի դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանը, Հայաստանը գլորվելու է դեպի վերջացում, սպառում, կործանում: Դա՛ է ցույց տալիս դեպքերի ընթացքը: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Հայաստան Եվրամիության դիտորդներ ներգրավելը ներկայացնում էին այնպես, թե՝ վե՛րջ, դրանով «էական բարելավում» է արված Հայաստանի սահմանների պաշտպանության ու անվտանգության ապահովման ուղղությամբ: Լո՞ւրջ:

Երևի սուպեր-պաշտպանվածության մասի՞ն է վկայում եվրադիտորդների համատարած լռությունը: Բայց, մեծ հաշվով, ոչ թե օտարների լռությունը պետք է անհանգստացնի, այլ Հայաստանի հանրության: Այնպիսի տպավորություն է, որ շատերն անհաղորդ սպասում են, թե երբ թշնամու ականներն ու ռումբերը անձամբ իր տան մոտ կպայթեն կամ իր բնակարանը թշնամական կրակի տակ կհայտնվի: Այդժամ գուցե սթափվեն, բայց դա չափազանց ուշ է լինելու: Թեպետ... շատ կցանկանայինք, որ այս վերջին տպավորությունը սխալ դուրս գար:

Այս խորագրի վերջին նյութերը