Կարծիք

12.04.2023 11:14


Երեկվա ադրբեջանական սադրանքը ցույց տվեց, որ Ալիևը շտապում է, նա ևս ժամանակ չունի

Երեկվա ադրբեջանական սադրանքը ցույց տվեց, որ Ալիևը շտապում է, նա ևս ժամանակ չունի

Ի՞նչ էր նշանակում երեկվա դիրքային մարտերը.

Թշնամին նույնիսկ նոր զավթած տարածքում կանգ առնելու մտադրություն չունի: Կարծում եմ, որ նա միտումնավոր բախում հրահրեց` մեր բանակի օպերատիվության ու սպառազինության մակարդակը գնահատելու և իր հետագա գործողությունները պլանավորելու համար:

ԵՄ դիտորդական առաքելությունն առաջին կարևոր քննությունը պետք է հանձնի: Եթե առաջիկա երկու օրերի ընթացքում Բրյուսելից չլինի Ադրբեջանի դեմ սակցիայի սպառնալիք և ՀՀ օկուպացված տարածքներից հետ քաշվելու հստակ պահանջ, ապա ԵՄ դիտորդների քամակներին պետք է տալ ու դուրս անել սահմանամերձ գոտիներից` անհասկանալի ու կասկածելի գործունեության համար: Այս մասին իր վերջին ասուլիսում խոսել է նաև ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը: Տեղ գյուղի երեկվա մարտերն ու զոհերը խոսում են այն մասին, որ ԵՄ առաքելությունն առնավազն իր խնդիրը չի կատարել, ավելին` ձախողել է:

Երեկվա մարտական գործողությունն ազդանշան է Հայաստանի հարավում սպասվող նոր ռազմական էսկալացիայի հավանականության վերաբերյալ, ինչպես նաև ստուգատես էր Իրանի հնարավոր օպերատիվ արձագանքի մասով:

Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ մեր ԶՈւ ստորաբաժանումներում կա ուժ, ոգի և պատրաստականության բավարար մակարդակ: Իսկ ՊՆ քաղաքական ղեկավարությանն ու իշխանության ՔՊ-ական բոսյակներին պետք է խզակոթներին տալով դուրս շպրտել` դավադիր կերպով ՀՀ սուվերեն տարածքներում նման պայթյունավտանգ իրավիճակ ստեղծելու և այն կառավարել չկարողանալու համար:

Անհրաժեշտ է նաև գիտակցել, որ շարային ծառայության համար պիտանի և առնվազն մարտական հերթապահության փորձ ունեցող բոլոր քաղաքացիները պետք է պատրաստ լինենք 24 ժամվա ընթացքում մոբիլիզացիայի: Ցանկացած պատերազմ մեր դեմ կարող է սկսվել ու ծավալվել շատ անսպասելի, հաշված րոպեների ընթացքում: Աստված մի արասցե, եթե ռազմական էսկալացիա լինի, թշնամին քթներիս տակ է, ոչ թե Հորադիզում: Արագություն է անհրաժեշտ լինելու բոլոր հարցերում:

Համաժողովրդական համախմբում է պետք լինելու ամեն ինչում` կանոնավոր պաշտպանությունից, աշխարհազորային ինքնապաշտպանությունից մինչև ինֆորմացիոն պատերազմ ու թիկունքային ապահովում: Թքած ՔՊ-ական դավաճանների վրա: Հայրենիքի լինելիության հարց է, իսկ դավաճանների հետ` պատերազմի կանոններով:

Տեղ գյուղի երեկվա իրադարձությունն ու արագ ավարտը փոքր հույս տվեց, որ Ռուսաստանի ու Իրանի գործոնները դեռևս զսպող հանգամանք են Ադրբեջանի և Թուրքիայի համար և թույլ չեն տալիս տարածաշրջանը վերածել նոր, ավելի թեժ Սիրիայի:

Երեկվա ադրբեջանական սադրանքը ցույց տվեց, որ Ալիևը շտապում է, նա ևս ժամանակ չունի: Նիկոլի դիրքերը երկրի ներսում թուլացել են: Իշխանությունը պահվում է իրավապահ համակարգի չարաշահման հաշվին: Թուրքերը նպատակ ունեն մինչև վերջ օգտվել Նիկոլի «իշխանությունից»: Մենք պարտավոր ենք իշխանափոխության ձգտելով` դիմադրել ևս մեկ բարդ շրջան, որից հետո չի բացառվում, որ Ադրբեջանի համար սկսվեն ծանր ու քայքայիչ ժամանակներ:

Մեր կյանքը պայքար է, թե´ ներսում, թե´ դրսում: Ոչ ոք չգիտի, թե ի՞նչ է տեղի ունենալու երկրում վաղը և ի՞նչ է սպասվելու իրեն այդ ընթացքում:

Աստված թող լույսերի մեջ պահի մեր զոհված երիտասարդների հոգիները: Հավերժ հիշատակ ու խոնարհում: Նրանք ընկան` հանուն Հայրենիքի:

Շուտափույթ ապաքինում մաղթենք վիրավոր զինծառայողներին:

Իսկ մեզ բոլորիս թող Աստված խելք ու իմաստություն տա վերջապես: Ամոթ է, որ առ այսօր մեր ժողովուրդը ՀՀ ում նման իշխանություն է հանդուրժում և միևնույն ժամանակ ցանկանում է հաղթել թուրքին:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը