Մեկնաբանություն

11.04.2023 21:10


Զոհեր Տեղ գյուղում՝ ԵՄ դիտորդների աչալուրջ հայացքի ներքո

Զոհեր Տեղ գյուղում՝ ԵՄ դիտորդների աչալուրջ հայացքի ներքո

Սյունիքի մարզի Տեղ գյուղի մատույցներում իրադարձությունները ծավալվում են միանգամայն կանխատեսելի ուղղությամբ: Հայկական տարածքներում առոք-փառոք դիրքավորվեալուց հետո, քպ-ականների սիրելի ադրբեջանական զորքերը կրակ են բացել մերոնց ուղղությամբ: Կան զոհեր, վիրավորներ:

Երևի հենց սա նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը՝ իր ԱԱԾ-ի ու հավելյալ Անդրանիկ Քոչարյանի հետ, երբ խոսում էին սահմանագոտու ճշգրտումների, ադրբեջանական կողմի հետ իբր տարվող աշխատանքների ու դրանց արդյունքում, իբր, գրանցած «էական բարելավման» մասին: Այնինչ, ինչպես տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, շարունակ «դմփ-դմփ-հու»-ելով «էսկալացիայից խուսափելու մասին», գործնականում «էստի համեցեք» է անում թշնամիներին և ստեղծում է հարմարավետ պայմաններ ու իրավիճակ, որպեսզի ադրբեջանական կողմը շարունակի լկտիանալ ու նախահարձակ գործողությունների դիմել:

Այս ամենի կոնտեքստում անմիջապես ուշադրություն է գրավում Նիկոլ Փաշինյանի հրավերով Հայաստան ներթափանցած Եվրամիության դիտորդների քար լռությունը: Հիշեցնենք, ԵՄ դիտորդները, ըստ Փաշինյանի «դոկտրինի», պիտի անվտանգության երաշխիք լինեին: Բնականաբար, չեն ու չեն էլ կարող լինել այդպիսին: Սակայն պարզվում է, որ ԵՄ դիտորդներն այլ առաքելություն էլ ունեն, մասնավորապես, իրենց շարժի, հնարավոր է նաև՝ հայկական կողմի, մեր բանակային ստորաբաժանումների շարժի մասին տեղեկություններ են փոխանցում… Ադրբեջանին:

Այս տեսանկյունից արժե նորովի դիտարկել տեղեկությունը, որ ադրբեջանական դիվերսանտներ են թափանցել Հայաստանի տարածք, տասնյակ կիլոմետրեր անցել ու հայտնվել Սիսիանի շրջանի բնակավայրերում, մտել տներ, զրուցել, անգամ՝ «մի կտոր հաց» կերել, ինչ-որ տեղ այնքան էլ զարմանալի չէր: Ինչի՞ վրա զարմանալ, եթե Հայաստանում իշխանություն է Նիկոլ Փաշինյանը, ում վարած քաղաքականության (եթե դա կարելի է այդպիսին անվանել) հետևանքով Արցախի զգալի մասն ու Հայաստանի տասնյակ քառակուսի կիլոմետրեր անցել են ադրբեջանական թուրքերի վերահսկողության տակ: Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակաբար ադրբեջանական ու թուրքական թուրքերին «էստի համեցեք» է անում, ապա մի՞թե զարմանալի է, որ ադրբեջանական զինուժի համազգեստով ինչ-որ տպեր մի օր էլ այդպես քայլելով, զբոսնելով կհասնեն, օրինակ, Բնունիս գյուղ:

Ինչն է հատկանշական: Նախ, մինչև օրս պաշտոնապես որևէ ողջամիտ ճշտում կամ հստակեցում չի եղել. երկո՞ւ, երե՞ք, թե՞ ասենք՝ 10 ադրբեջանական դիվերսանտ է ներթափանցել ՀՀ տարածք:

Երկրորդ. անհասկանալի է, թե նրանցից քանիսին են բռնել, մեկի՞ն, թե՞ երկուսին:

Երրորդ. ինչպե՞ս է թշնամական բանակի առնվազն երկու (թե՞ երեք, թե՞ վեց) զինվորականի հաջողվել ոչ միայն աննկատ անցնել սահմանը, որը ենթադրաբար հսկողության տակ է, այլև հայտնվել սահման-առաջնագծից 15-20 կիլոմետր հեռու գտնվող բնակավայրում:

Այսինքն, հասկանալի է, չէ՞, թե իրականում սահմանում ինչ վիճակ է, եթե թշնամին կարող է ահա այդպես հանգիստ, անարգել հասնել ուզածդ բնակավայր: Ու դժվար չէ ասել, թե ինչ կլիներ, եթե այդ ներթափանցածները խաղաղ բնակչությանը կոտորելու հանձնարարություն ստացած լինեին:

Ի դեպ, շրջանառվող հրապարակումների համաձայն, Բնունիսում ադրբեջանական զինվորները բախել են դուռը հենց այն տան, ուր մոտ մեկ ամիս առաջ այցելել էր Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: Շատերն այն կարծիքին են, որ դա ամենևին էլ պատահականություն չէ: Առհասարակ, կենցաղային հարթության վրա տարածվող կարծիք կա, թե Աննա Հակոբյանը ուր այցելում է ու լուսանկարվում, ապա շուտով նրա ամուսինն այդ տարածքը, այդ բնակավայրը հանձնելու է թշնամուն: Շուշիում ֆոտոսեսիաներ էր արել: Հետո Ջերմուկում էին նկարվել, վերջերս Դիլիջան են հաճախակի այցելում...

Բայց այս ամենի հետ կապված այլ հետաքրքրական պահեր էլ կան: Մասնավորապես,

եվրոպական Politico պարբերականը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հոդվածում մեջբերել է ԵՄ անանուն բարձրաստիճան մի պաշտոնյայի խոսք, ըստ որի, ԵՄ դիտորդական առաքելությունը «պատրուլների» գործունեության մասին, ինչպես նաև այլ տեղեկատվությամբ կիսվում է Ադրբեջանի հետ:

Ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է այն, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կտրուկ փչացնելու գնով (նաև՝ համար) Նիկոլ Փաշինյանը ԵՄ դիտորդներ է հրավիրում Հայաստան: Փաշինյանական քարոզչությունը դա ներկայացնում է որպես մի մեծ ձեռքբերում, շարունակ տարփողում, թե՝ վերջ, ՀՀ սահմանների անվտանգությունն այդպիսով ապահովված է: Սակայն նշվում է, որ այդ ԵՄ դիտորդներն այստեղ են եկել միայն այն բանի համար, որ հետևեն... ռուսական խաղաղապահների և ռուսական ռազմաբազայի անցուդարձին:

Ավելին, հիմա էլ պարզվում է, որ ԵՄ դիտորդները Հայաստան են եկել Ադրբեջանի համար շպիոնություն անելու նպատակով, այսինքն՝ իրենք որ կողմ գնում են, ինչ տեսնում են, դրա մասին հաղորդում են... ադրբեջանական կողմին, այսինքն՝ Հայաստանի ու հայության թշնամիներին: Նիկոլ Փաշինյանի համար դա երևի նորմալ է, բայց ըստ էության՝ աննորմալություն է:

Ի դեպ, արդեն մոտ երկու ամիս է, ինչ այդ ԵՄ դիտորդները Հայաստանում են: Այս ընթացքում ադրբեջանական կողմից զանազան թշնամական դրսևորումներ են եղել: Մեկնումեկը լսե՞լ է, որ Եվրամիությունը իր դիտորդների զեկույցների հիման վրա ինչ-որ բան հայտարարի, դատապարտի, լավ, գոնե ձևականորեն «մտահոգվի»:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը