Քաղաքական

11.04.2023 09:40


Ադրբեջանցիներն այցելել են այն տունը, ուր մեկ ամիս առաջ գնացել էր Աննա Հակոբյանը․ «Հրապարակ»

Ադրբեջանցիներն այցելել են այն տունը, ուր մեկ ամիս առաջ գնացել էր Աննա Հակոբյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան տեղեկացանք, որ ադրբեջանցիները մտել են Սիսիանի Բնունիս համայնք, թակել Գասպարյանների դուռը: Սիսիանի ոստիկանները հաստատեցին լուրը, սակայն ողջ օրը իրավապահները լռեցին, և պարզ չդարձավ, թե ինչպես են նրանք շրջանցել մեր սահմանապահներին, եղե՞լ են սահմանապահներ։ Ադրբեջանցիները 3-ն են եղել՝ զինվորական հագուստով։ Դուռը բացել է տիկին Շողիկը, ով կասկածել է ու ահազանգել ոստիկանություն։ Նա մեզ ասաց․ «․․․ո՞վ չէր վախենա, այո, վախեցել եմ … բան չխոսացին, բայց ամեն ինչ պարզ էր»։

Ավելի ուշ մեկ այլ բնակավայրում՝ Աշոտավանում, իրավապահները բռնել են ադրբեջանցիներից մեկին, տարել ոստիկանության Սիսիանի բաժին, մյուս երկուսը փախել են։ Ադրբեջանցին Աշոտավանում ևս այցելել է մի քանի տուն, զրուցել բնակիչների հետ: Ասել է, որ 3 օր է՝ Հայաստանում է, թաքնվել է անտառներում։

Մեր հարցին, թե ճի՞շտ է, որ երկուսը փախել են, ոստիկանության Սիսիանի բաժնից ասացին․ «Ո՞վ ասաց, որ 3-ն են եղել, միգուցե 6-ն են, մանրամասներ չենք կարող հաղորդել»։ Ոստիկանությունում ադրբեջանցին ասել է, թե տարածքը շփոթել է: Նրան փոխանցել են ԱԱԾ-ին։

Ուշագրավ է, որ ադրբեջանցիները Բնունիսում թակել են 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Գասպարյանի տան դուռը, ում տուն ընդամենը մեկ ամիս առաջ, դստեր հետ, այցելել էր Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը։ Համայնքում կատարվածը զուտ պատահականություն չեն համարում` տարբեր վարկածներ են քննարկում»:

Այս խորագրի վերջին նյութերը