Մեկնաբանություն

11.04.2023 00:22


Ընտանեկան դատախազը

Ընտանեկան դատախազը

Կարո՞ղ է երկրի գլխավոր դատախազ նշանակված անձնավորությունը լինել անկողմնակալ, կուսակցական ու խմբակային շահերից զերծ, եթե նա մինչև այդ երկուսուկես տարի եղել է Նիկոլ Փաշինյանի օգնականը: Եվ գլխավոր դատախազի պաշտոնում էլ հայտնվել է անմիջապես դրանից հետո: Ու, որքան էլ հարցը հռետորական է՝ ո՛չ, չի՛ կարող: Ավելի՛ն, ստանձնելով գլխավոր դատախազի պաշտոնը, նա գործնականում շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի օգնական: Իսկ դա նշանակում է, որ այլևս ոչ գլխավոր դատախազ կա՝ որպես այդպիսին, ոչ էլ դատախազություն: Թե՛ երկրի իրավական համակարգի համար առանցքային այդ պաշտոնը, թե՛ դատախազության նման կարևոր պետական կառույցը ընդամենը Նիկոլ Փաշինյանի սպասարկման տակ են դրված:

Երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազի պաշտոնում նշանակելու է Աննա Վարդապետյանին, պարզ դարձավ, որ դա ընդամենը ևս մեկ պետական կառույց վերջնականորեն ջնջելու և բացառապես 1 անձի ու նրա խմբակի սպասարկման տակ դնելու նպատակ է հետապնդում: Ի լրումն («ղարաբաղյան կլանից» խոսացողներն ո՞ւր են), Փաշինյանի հերթական նշանակումն է՝ «համերկրացիական» մոտեցմամբ, դե՝ ոստիկանապետն առավել քան՝ «զեմլյակ» է, գլխավոր դատախազը՝ ևս...

Ու, պատկերացրեք, որ Փաշինյանից, նրա կուսակցությունից ու նրա ընտանիքից գլխավոր դատախազի կախվածությունն անգամ թեթևակի թաքցնելու, ինչ-որ, թեկուզ ֆորմալ տարանջատվածությամբ քողարկելու փորձեր էլ չեն արվում: Հակառակը՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ամեն հնարավոր առիթով ցույց է տալիս, թե ինքը կոնկրետ որ անձին է ծառայում տվյալ պաշտոնում:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը առիթը բաց չի թողնում՝ ներկայանալու Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հովանու ներքո կազմակերպվող միջոցառումներին: Ելույթներ է ունենում, ինչ-որ ճառեր է ասում՝ իր գյուղական արձակուրդների և գյուղական տնային գործերը խորապես չսիրելու կամ դժկամությամբ անելու մասին:

Ահավասիկ, օրերս Աննա Հակոբյանը յուրային կանանց հավաքել էր Դիլիջանում՝ որոշելով այդ հավաքույթն անվանել «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում»:

Չի բացառվում, որ Աննա Հակոբյանը ևս մեկ կանացի թիմ է հավաքում՝ թիրախ ունենալով ամուսնու պաշտոնը (ո՞վ կարող է վստահ պնդել, թե Աննա Հակոբյանը նման ծրագրեր չունի): Բայց տվյալ դեպքում ուշադրություն գրավեց այլ բան: Այն, որ համաժողովը վարում էր Մարիամ Փաշինյանը, իսկ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ հրավիրված էր, ներկա էր և ելույթ ունեցավ: Ի դեպ, նա հա պատրաստվում էր խոսել «ատելության խոսքի» թեմայից, բայց, ինչպես նշեցինք՝ «մանկության հուշերի գիրկն» ընկավ: Եվ լավ արեց, ի՜նչ իմաստ ուներ Աննա Հակոբյանի մատի շարժումով հավաքվող կանանց, ակնհայտորեն՝ փաշինյանականների մոտ խոսել «ատելության խոսքից»: Փաշինյանական կանայք, առավելապես՝ ֆեյսբուքներում ու առհասարակ, ատելության խոսքի, անեծքների, հայհոյախոսության, զազրախոսության «գուրուներ» են: Եթե Աննա Վարդապետյանը նրանց մեղադրանքներ չէր ներկայացնելու, ապա ի՞նչ պիտի բացատրեր, որ «ատելության խոսքը» վատ բա՞ն է: Եվ ո՞ւմ միջոցառմանը դա պիտի բացատրեր, Աննա Հակոբյանի՞: Ի դեպ, վերջինս կարող էր շուրջը հայացք նետել և վերանայել «հայ կանայք դժբախտ են» իր տխրահռչակ տեսությունը: Դե, ինքն ու իր ամուսինը ամեն ինչ արել են, որպեսզի առհավետ դժբախտացնեն մի քանի տասնյակ հազար հայ կանանց, մայրերի, ամեն ինչ արել են՝ հազարավոր մայրերի որդեկորույս ու սգավոր դարձնելու համար: Ինչից հետո, ասես այդքան երիտասարդների արյունն իրենց ու իրենց՝ մինչև «յոթը պորտ» սերունդների վրա չէ, խնդմնդալով, ուրախ-երջանիկ ինչ-որ հավաքույթներ են անցկացնում Հայաստանում կանանց տեղի ու դերի թեմաներով: Ու գլխավոր բանախոսներից մեկն էլ գլխավոր դատախազն է: Թերևս կարելի է ասել՝ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի «ընտանեկան դատախազը»:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը