Մեկնաբանություն

10.04.2023 22:55


Է՛լ ինչեր են հորդորում ԱՄՆ-ն ու Արևմուտքը՝ իրենց ենթականերին

Է՛լ ինչեր են հորդորում ԱՄՆ-ն ու Արևմուտքը՝ իրենց ենթականերին

Թերևս ակամայից, բայց բավականին ուշագրավ բացահայտում է արել «Սիվիլնեթ»-ի քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանը՝ սոցցանցային իր մի գրառմամբ: Նա մասնավորապես, միանգամայն պարզորոշ ակնարկով նշել է, որ Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունն ու ԱՄՆ դեսպանատունն իրենց խնդրում են (խնդրո՜ւմ են) չխոսել կամ ձայն չհանել Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, այլ կենտրոնանալ բացառապես «Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների» վրա: Ապա գրառման հեղինակը հռետորական հարց է տալիս, թե՝ «սա՜ ձեր «իրավունքներն ու անվտանգությունը»:

Նման հարցադրումն էլ է հետաքրքիր: Այնպես է արվում հարցադրումը, որ կարծես՝ այլ բան էին ակնկալում Արևմուտքից՝ ԱՄՆ-ից ու Եվրամիությունից: Մինչդեռ առանց այն էլ բացահայտ էր, որ ԱՄՆ-ն ու Արևմուտքը խորապես թքա՛ծ ունեն Հայաստանի ու Արցախի, առավել ևս՝ Հայաստանում ու Արցախում ապրող հայերի և նրանց ճակատագրի վրա: Իրենց՝ ԱՄՆ-ին ու Եվրամիությանը պետք է, որ այստեղից դուրս մղեն Ռուսաստանին, ռուսական ռազմական ներկայությունը, բավարարեն իրենց թուրք բարեկամների պահանջները, Իրանի շուրջ օղակը սեղմեն և, ի լրումն, որպես «բոնուս», վերահսկողություն ստանան նավթագազային ռեսուրսների ու դրանց փոխադրման ուղիների՝ խողովակաշարերի վրա: Հիմա եթե այդ ամենին հասնելու համար Հայաստանն ու Արցախը կոչնչացվեն, իսկ հայերն էլ 21-րդ դարի ցեղասպանության կենթարկվեն, Արևմուտքին նմանապես չի հուզում (Եթե ՀՀ իշխանությանը չի հուզում, ուրիշներից ի՞նչ ենք սպասում): Իրենք իրենց «մեծ գործի» վրա են, որոնք, հասկանալի է, «մեծ զոհեր» են պահանջում: Իրենց՝ ի՞նչ, հո Վիրջինիայի ամերիկացիների՞ն չեն թուրքերը կոտորելու կամ հո Բրյուսելի կենտրոնո՞ւմ չեն ադրբեջանական զորքերը հայկական եկեղեցի պայթեցնելու:

Բայց հարցն այդ չէ միայն: «Սիվիլնեթ»-ի քաղաքական մեկնաբանի համառոտ գրառման մեջ արտացոլված բացահայտումն իրականում շատ ավելի խորը շերտերի է վերաբերում, քան կարող է թվալ:

Մակերեսին եղած շերտն այն է, որ փաստորեն, Եվրամիությունը, ԱՄՆ-ն՝ իրենց ներկայացուցիչների միջոցով, ուղղակիորեն միջամտում են Հայաստանի ներքին անցուդարձին, մասնավորապես այս կամ այն լրատվամիջոցին «խնդրում են» (տեղին կլինի ասել՝ հորդորում են կամ ամենից ճիշտը՝ կարգադրում են), թե ինչի մասին չխոսեն և ինչի մասին խոսեն:

Մյուս, շատ ավելի հատկանշական պահն այն է, որ հենց այն իշխանությունը գործնականում անում է այն, ինչ հորդորել են ԱՄՆ-ն ու Եվրամիությունը: Ահա արդեն որքան ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանն ու նրա կամակատրները ինչի մասին ասես՝ խոսում են, բացի Արցախի հայության ինքնորոշման իրավունքից: Նույն Նիկոլ Փաշինյանը, եթե խոսում էլ է, ապա խոսում է միայն «Լեռնային Ղարաբաղի բնակիչների» (կարելի է կարծել՝ մի ինչ-որ այլ ազգի մասին է խոսքը) «իրավունքների ու անվտանգության» մասին:

Այսինքն, նույն ամերիկյան, ԵՄ-ական հրահանգիչները, նույն հրահանգները, շատ ավելի խիստ տոնայնությամբ, իջեցրել են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:

Պարզ է, թե ինչու: Իրենք չափազանց շտապում են՝ «Արցախի հարցը լուծելու» հարցում, այն օր առաջ համարում են վերացած և Ադրբեջանին «ինտեգրված», բայց որպեսզի ամերիկաեվրոպացիների մտադրությունները շատ չզռռան, ինչ-որ սուտի «անվտանգության և իրավունքների» նեյնիմներ են մեջտեղ գցում:

Նրանց պետք է այստեղ վերջ տալ ռուսական ռազմական ներկայությանը: Իսկ քանի դեռ Արցախը կա ու Արցախի ինքնորոշման հարցը կա, դա ավելի դժվար կլինի անել: Նրանց պետք է «տարածքն ազատել», որպեսզի նախ, Ռուսաստանը թուլացնող ևս մեկ հարված հասցնեն, բ) ստանան լիովին վերահսկելի պլացդարմ՝ Իրանի վրա հարձակվելու համար: Այսինքն, զուտ արևմտյան պրագմատիզմ, «միայն բիզնես ու ոչինչ անձնական», ինչպես ասվում է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը