Կարծիք

10.04.2023 17:36


Ներկրող ընկերությունների համար այսպիսի արհեստական խոչընդոտների ստեղծումը ոչ մի արդարացում չունի

Ներկրող ընկերությունների համար այսպիսի արհեստական խոչընդոտների ստեղծումը ոչ մի արդարացում չունի

Բազմաթիվ քաղաքացիներ, ներկրող ընկերությունների ներկայացուցիչներ ահազանգում են, որ գիշերվանից սկսած չեն կարողանում ավտոմեքենաներ արտահանել։ Մաքսատնից պահանջում են տեխնիկական կարգավորման հավաստագիր։ Թե որտեղի՞ց կարող են ստանալ այս հավաստագիրը, տրվում են տարբեր պատասխաններ։

Սկզբում հուշել են քաղաքացիներին դիմել Էկոնոմիկայի նախարարություն։ Նախարարությունից ուղղորդել են քաղաքացիներին Ստանդարացման և չափագիտության ազգային մարմին։ Պարզվել է, որ այս մարմինը ևս չի իրականացնում նման գործառույթ․ հարկ է դիմել ինչ-որ կազմակերպության, որն էլ, իր հերթին, պահանջում է, որ ավտոմեքենան ունենա ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգ։

Բանն այն է, որ այս նավիգացիոն համակարգը հնարավոր է ակտիվացնել միայն ՌԴ-ում, քանի որ Հայաստանում չկա որևէ լիցենզավորված կազմակերպություն։ Բացի այդ, անգամ ՌԴ-ում այժմ չի պահանջվում ԳԼՈՆԱՍՍ-ի առկայությունը։

Ստացվում է, որ ներկրող իրավաբանական ընկերություններից պահանջում են մի հավաստագիր, որը չի տրվում որևիցե իրավասու մարմնի կողմից։

Իսկ հարցին, թե ինչպե՞ս վարվել այս դեպքում, պատասխանում են՝ վաճառեք ավտոմեքենաները ֆիզիկական անձանց, որպեսզի ԱԱՀ-ն դուրս գա։

Ներկրողների խոսքով՝ այս ամենի նպատակը ԱԱՀ հետվերադարձի հնարավորությունից զրկելն է։

Եթե նույն մեքենան վաճառում ես որպես ֆիզիկական անձ, ոչ մի խնդիր չի առաջանում, ոչ մի նմանատիպ փաստաթուղթ չի պահանջվում։ Իսկ եթե արտահանում ես, պահանջում են հավաստագրի առկայությունը։

Նշենք, որ ԵԱՏՄ այլ պետություններ առանց ԱԱՀ-ի են տրանզիտն իրականացնում։ Իսկ մեր պետության քաղաքականությունն այնպիսին է, որ արտահանումը դառնա ոչ շահավետ։

Այս ամենի արդյունքում՝ սահմանին առաջացել են հերթեր, իսկ քաղաքացիները հայտնվել են անորոշ, անելանելի իրավիճակում։

Մենք հրատապ հարցում ենք ուղարկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը՝ խնդրի կապակցությամբ։

Ներկրող ընկերությունների համար այսպիսի արհեստական խոչընդոտների ստեղծումը ոչ մի արդարացում չունի։

Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը