Քաղաքական

08.04.2023 20:15


Ղարաբաղը դե-ֆակտո հայկական է մնում միայն շնորհիվ ռուս խաղաղապահների. Ալեքսեյ Տոկարև (տեսանյութ)

Ղարաբաղը դե-ֆակտո հայկական է մնում միայն շնորհիվ ռուս խաղաղապահների. Ալեքսեյ Տոկարև (տեսանյութ)

Ղարաբաղը դե-ֆակտո հայկական է մնում միայն շնորհիվ ռուս խաղաղապահների։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ ասել է ռուս սոցիոլոգ, միջազգայնագետ Ալեքսեյ Տոկարեւը։

«Հաճախ տարբեր ուժեր, եւ ինչ մեղքս թաքցնեմ՝ Արեւմուտքը, բացասաբար են տրամադրված Ռուսաստանի հանդեպ, ակտիվորեն առաջ են մղում այն նարատիվը, թե Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենը հոդված է գրել ճապոնական թերթի համար, որտեղ ասել է, որ Հայաստանը մնացել է մենակ, չկա մեկը, որ պաշտպանի։ Դե, եկեք ենթադրենք, թե իսկապես նախկին գլխավոր քարտուղարը ճիշտ է։ Ո՞վ խաղաղապահ կդառնա։ Ո՞ր կողմից։ Կամ՝ ո՞ր ազգը կկանգնի հայերի եւ ադրբեջանցիների միջեւ»,-նշել է ռուս փորձագետը։

Նրա խոսքով՝ հենց ռուս խաղաղապահներն են կանգնած հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, ինչի հետ կապված, ինչպես նշել է փորձագետը, տարօրինակ է լսել խոսակցություններ այն մասին, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտականությունները։

«Եվրոպացի քաղաքական գործիչների գործը հիանալի է, «լրատվամիջոցային», գովազդային։ Նրանց խնդիրն է հասնել Հայաստանի սահման, հենվել բլոկպոստին, սելֆի անել, անպայման ասել, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի, եւ հեռանալ։ Ահա այդ եվրոպացի քաղաքական գործիչների ողջ պատասխանատվությունը»,-Հայաստանում ԵՄ-ի ներկայացուցիչների գործունեությունը նկարագրել է Ալեքսեյ Տոկարեւը։

Նրա խոսքով՝ Արեւմուտքը, ինչպես նշել է ռուս փորձագետը, սիմուլյացիա անելու հիանալի վարպետ է, իսկ իր համերկրացիներն իրապես կանգնած են եւ իրապես պաշտպանում են Ստեփանակերտն այն տեսքով, ինչպիսին կար, պահպանում են Ղարաբաղը։

«Եվ Ղարաբաղը դե-ֆակտո հայկական է պահպանվում միայն շնորհիվ ռուս խաղաղապահների»,-ընդգծել է միջազգայնագետը։

***

Ռուսաստանը չի հեռանա Հարավային Կովկասից։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ ասել է ռուս սոցիոլոգ, միջազգայնագետ Ալեքսեյ Տոկարեւը։

«Ռուսաստանը չի հեռանա Հարավային Կովկասից, պարզապես այն պատճառով, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի ազգային շահերի գոտին է։ Չնայած առանձին պետություններ, այդ թվում համաշխարհային տերությունները, փորձում են Ռուսաստանին դուրս մղել այստեղից, փորձում են խաղեր տալ, այդ թվում եւ Հայաստանի հետ, Ռուսաստանն այստեղից ոչ մի տեղ չի գնա, պարզապես այն պատճառով, որ սա մեր ազգային շահերի տարածքն է»,-ասել է ռուս փորձագետը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության թարմացված հայեցակարգին, ըստ Ալեքսեյ Տոկարեւի՝ այստեղ անհետացել են այն ձեւաչափերը, որոնք Արեւմուտքի հետ կոնսենսուսն էին՝ Ղարաբաղի եւ Մերձդնեստրի։

«Ղարաբաղի մասին ասվում էր, որ Ռուսաստանը կողմնորոշված է այդ հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը, եւ հիշատակվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի նախագահի, Ֆրանսիայի Հանրապետության նախագահի եւ Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունները։ Մերձնեստրի վերաբերյալ անհետացել է Մոլդովայի չեզոքության հիշատակումը եւ Մոլդովայի տարածքային ամբողջականության հարգումը»,-նշել է միջազգայնագետը։

Նրա խոսքով՝ Մոլդովայի համար սա տագնապալի ազդանշան է, եւ «ավելի լավ է, որ նրանք, իհարկե, պաշտոնապես հայտարարեն, եւ դա օգտակար կլիներ իրենց համար, որ պահպանում են իրենց չեզոքությունը եւ չեն ցանկանում գնալ ՆԱՏՕ»։

Այս առնչությամբ Ալեքսեյ Տոկարեւը նշել է, որ ՆԱՏՕ-ի ցանկացած հրավեր հետխորհրդային տարածք, օրինակ՝ զորավարժությունները ՆԱՏՕ-ի հետ, թրիգեր է Ռուսաստանի համար։

«Ես չգիտեմ՝ կհաստատվի՞, թե՞ արդեն հաստատվել է, որ Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին, մենք ոչ մի դեպքում, ոչ ես, ոչ գործընկերներս, ոչ, հաստատ, պաշտոնական անձինք, չենք կարող արգելել դա, որովհետեւ Հայաստանն ինքնիշխան երկիր է, բայց թե դա ինչպես կընդունվի Մոսկվայում, ես կարող եմ ասել, որ դա վրդովեցնում է, իհարկե։ Եվ ՆԱՏՕ-ն դա գիտի, եւ ես կարծում եմ՝ հայկական ղեկավարությունը դա հիանալի գիտի»,-ընդգծել է ռուս փորձագետը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու Ռուսաստանը չի հեռանա Հարավային Կովկասից, միջազգայնագետի խոսքով՝ Կովկասը, Անդրկովկասը, Հարավային Կովկասն արդեն մի քանի հարյուր տարի՝ երբեմն Ռուսաստանի անմիջական մասն է, երբեմն՝ ռուսական շահերի ոչ ֆորմալ մասը։

Այս խորագրի վերջին նյութերը