Մեկնաբանություն

06.04.2023 12:55


Փաշինյանի «հայ-թուրքական հաշտեցման» գինը նաև Ցեղասպանության ուրացո՞ւմն է

Փաշինյանի «հայ-թուրքական հաշտեցման» գինը նաև Ցեղասպանության ուրացո՞ւմն է

Թուրքական շրջանակները, անկասկած՝ որոշակի ներքին համաձայնությամբ, լրահոս արտահոսքեր են նետում այսպես կոչված՝ «հայ-թուրքական հաշտեցման» գործընթացի վերաբերյալ: Մասնավորապես, այս օրերին շրջանառվում են Թուրքիայի նախկին ԱԳ նախարարներից մեկի բացահայտած մանրամասնությունները: Ըստ այդմ, թուրքական իշխանությունները «թուրք» բառից չվիրավորվող Նիկոլ Փաշինյանին ու նրա հանձնակատարներին միանգամայն պարզորոշ ասել են, որ եթե ցանկանում են հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, ապա նախ, պետք է բավարարեն Ադրբեջանի, Ալիևի պահանջները: Բացի այդ, որպես հայ-թուրքական հարաբերությունների հաստատման կոշտ նախապայման՝ Թուրքիան դրել է Հայոց ցեղասպանության հարցը, ավելի ճիշտ՝ այդ թեման փակելու խնդիրը (ինչպիսի՜ «անակնկալ», չէ՞):

Շրջանառված հրապարակումների համաձայն՝ քննարկվող մոտեցումն այն է, որ կողմերն ընդունում են, որ Առաջին համաշխարհային պատերազմի «խառը ժամանակներում» ցավալի դեպքեր են եղել, մասնավորապես և՛ թուրքերն են հայերին սպանել, և՛ հայերը՝ թուրքերին: Պարզ ասած՝ Հայոց ցեղասպանություն չի եղել, պարզապես երկուստեք բախումներ են եղել, որոնք ամեն պատերազմի ժամանակ էլ լինում են: Սակայն նախ՝ Ադրբեջանի պահանջների սպասարկման հարցն է դրված:

Հաշվի առնելով, թե ինչ է իրենից ներկայացնում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ովքեր են թուրքերի հետ «բանակցողները», ինչպես են քսմսվում թուրքական իշխանություններին, ո՜նց են ջերմորեն գրկախառնվում, օրինակ, Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, կարելի է գրեթե չկասկածել, որ այսպես կոչված «հայկական իշխանությունները» Ցեղասպանությունն էլ կուրանան, պետք լինի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն էլ հողին կհավասարեցնեն: Նիկոլ Փաշինյանից ու նրա իշխանությունից սպասելի է ցանկացած այլանդակություն, ցանկացած հակազգային քայլ:

Կարող է հակաճառողներ լինեն, որ եթե այդպես է, ապա ինչու է վերջին շրջանում այսպես կոչված «հայ-թուրքական հաշտեցման» գործընթացը տեղապտույտի մեջ հայտնվել: Մակերեսորեն դիտարկելի՝ կարող է թվալ, թե նման դիտողությունը տեղին է: Այո՛, իսկապես էլ վերջին շրջանում գործնականում շփումներ չկան: Եթե անգամ կան դիպվածային շփումներ, այսպես ասած՝ առաջխաղացում չկա այդ գործընթացում:

Բայց դրա պատճառը ոչ թե այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում թուրքական կողմի դրած պայմանները, այլ այն, որ Ալիևի պահանջները չեն վերջանում:

Իր հերթին, ադրբեջանական կողմը՝ ի դեմս Ալիևի, հրաշալի իմանալով, թե եղբայր-թուրքերն ինչ պայմաններ են դրել, ավելացնում ու մեծացնում է Փաշինյանին ներկայացվող պահանջները:

Թերևս ասել է՝ այո՛, կբավարարեմ Ալիևի պահանջները: Բայց այդ պահանջները չեն սպառվում: Ավելի ճիշտ, դրանք կսպառվեն, երբ վերջանա Հայաստանը: Գործնականում սա՛ է Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի նախանշած «ապագան»:

Ոչ այնքան իրենց, որքան իրենց «ունկնդիրներին» թվում էր (և նրանք դա ամեն կերպ, զանազն «տաքսի-նյուզ»-երով քարոզում էին), որ եթե Արցախը դավաճանաբար հանձնեն թշնամուն, ապա՝ վերջ, Արցախից էլ կպրծնեն, գլխացավից էլ, թուրքական պահանջներից էլ, ու վերջապես կսկսեն նրանց հետ առուտուր անել, սիլի-բիլի, բան-ման: Բայց «հանկարծ» պարզվեց, որ ադրբեջանական թուրքերը միայն Արցախով չեն բավարարվում, նաև Սյունիքն են ուզում, Գեղարքունիքը, Տավուշը, տո՛ հենց Երևանը: Իսկ ինչո՞ւ չուզեն, եթե դիմացները մեկն է, ով արդե՛ն հրապարակավ նվաստացել է իրենց առաջ, բացի այդ էլ, թշնամին որ գյուղն ու ճանապարհն ուզել է, հեզիկ-նազիկ տվել է ու շարունակում է տալ:

Այնպես որ, այնքան էլ անհավանական չի թվում հարցը, որ «հայ-թուրքական հաշտեցման» գինը կարող է լինել Ցեղասպանության ուրացումը: Արցախն ուրացողը Ցեղասպանությունն էլ կուրանա: Ու հենց տեսնեք Արարատի մարզի որևէ գյուղից ռեպորտաժ, որի ժամանակ ինչ-որ տարեց քպ-ական կասի, թե՝ «ա՜, դե, Մասիս սարը հա էլ թուրքերինն է եղել, էլի...» (ասում են, չէ՞, թե «Տեղ գյուղից արևելք ադրբեջանական տարածքներ են եղել...»), կարող եք ենթադրել, որ Ցեղասպանությունն ուրանալու վերաբերյալ թուրքական պահանջն էլ է արդեն բավարարվել Փաշինյանի կողմից:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը