Մեկնաբանություն

06.04.2023 15:34


Ի՞նչ են դիտարկում ԵՄ դիտորդները

Ի՞նչ են դիտարկում ԵՄ դիտորդները

Փաշինյանական քարոզչությունը Եվրամիությունից դիտորդական առաքելություն «բերելու» հանգամանքը ներկայացնում է որպես Հայաստանի անվտանգությունն ապահովելուն ուղղված մե հզո՜ր, մե չտեսնված զիլ քայլ ու հաջողություն: Բանն այնպես էր ներկայացվում, որ շարքային նիկոլականները բակային խոսքուզրույցի ժամանակ շտապում էին վրա բերել, թե՝ «տեսա՞ք, մեր հզոր վարչապետը (սա էլ է անեկդոտ. հենց պետք է՝ «խեղճ Փաշինյան» են ասում, հենց ուրիշ բան է պետք՝ «մեր հզոր վարչապետ») ոնց եվրոպացիներին բերեց ու սահմանի վրա շարեց: Վե՛րջ, էլ ադրբեջանցիները ռիսկ չեն անի մի մետր առաջ գան...»: Բացի այն, որ նման կերպ իրականությունն ընկալելը նշանակում է բացարձակապես վերացած լինել նույն այդ իրականությունից, կյանքն ապացուցում է, որ ԵՄ դիտորդները մի կարգին դիտորդություն էլ չեն անում: Էլ չենք ասում այն մասին, որ նրանց ոչ թե «բերել» են, այլ նրանք իրենք են ամեն գնով խցկվել այստեղ՝ իրենց աշխարհաքաղաքական շահերի բերումով, հիմնականում՝ Ռուսաստանի նյարդերը «խուտուտ տալու» համար:

Ինչ վերաբերում է սահմանագծին... Օրերս, կհիշեք, ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը շատ պարզ հայտարարեց, որ եթե ապրիլին ադրբեջանական հարձակում չլինի, դա կհամարվի իրենց ներկայության ձեռքբերումը: Իսկ եթե ադրբեջանական կողմը հարձակման դիմի, ապա իրենք ոչինչ չեն կարող անել, որովհետև «զենքերից» միայն... հեռադիտակ ունեն:

Չէ, ինքնին աեմեղսունակություն է կարծելը, թե եվրոպաներից կամ որևէ այլ տեղից ինչ-որ մարդիկ են գալու և մեր երկրի ու ժողովրդի պաշտպանության համար, մեր երկրի բանակի ու ժողովրդի փոխարեն, կռվեն թշնամու հետ: Անմեղսունակություն է, բայց այդպես «կարծողներ» կան: Ցավոք: Բայց վերադառնանք եվրադիտորդներին:

Տեսեք, հիշյալ հայտարարությունից բառացիորեն մեկ-երկու օր չանցած, ադրբեջանական զինուժը շատ հանգիստ, քայլելով, ներխուժեց Հայաստանի տարածք և, առանց որևէ խնդրի հանդիպելու, դիրքավորվեց Տեղ գյուղի դաշտերում, տեղացիների քթի տակ: Եվ դա տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի ու նրա ԱԱԾ-ի կողմից թշնամական առաջաղացումը արդարացնելուն նպատակաուղղված հայտարարությունների ուղեկցությամբ, բացատրություններով, թե՝ «հայկական կողմը» ամեն ինչ արել է, որ հանկարծ էսկալացիա չլինի, ֆլան-ֆստան:

Իսկ ի՞նչ հայտարարեցին ԵՄ դիտորդները: Դիտարկեցի՞ն գոնե այդ ամենը: Կամ, եթե անգամ դիտարկեցին, ապա՝ մե՞ջն ինչ:

Դեպքերի ընթացքը, կարելի է ասել՝ զարգանում էր «օն-լայն»: Այսինքն, Հայաստանի տարածքում ադրբեջանական զորքերի առաջխաղացումն ու դիրքավորումը ցուցադրվում, հեռարձակվում էր համացանցային կապի միջոցներով: Այնպես, որ այն դիտարկելու համար ամենևին դեպքի վայրում ֆիզիկական ներկայության և անգամ հեռադիտակի կարիք չկար: Կոնկրետ ԵՄ դիտորդները կարող էին Բրյուսելում կամ, օրինակ, Քյոլնում իրենց աշխատասենյակներում նստած էլ «դիտարկել» տեղի ունեցածը:

Բայց այդ դեպքում ո՞րն է Հայաստանում նրանց ներկայության իմաստը: Իրենք զուտ բուտաֆորիա՞ են, թե բոլորովին այլ առաքելություն ու խնդիրներ ունեն, ինչպես օրինակ այն, որ ասվեց, թե ԵՄ դիտորդների խնդիրը այս տարածքում գտնվող ռուսական ռազմաբազայի ու խաղաղապահ զորքերի շարժին հետևելն է:

Իսկ մինչ այդ, Ռուսաստանից այս էլ որերրորդ անգամ հայտարարություններ են հնչում առ այն, որ ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ հարցը, եթե կուզեք՝ «գնդակը» պաշտոնական Երևանի կիսադաշտում է: Իսկ «պաշտոնական Երևանը», այն է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ոչ մի կերպ հետաքրքրված չէ Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների անվտանգության ապահովման հարցերով: Իրենք խնդիր ունեին և ունեն «բուռն գործունեության» իմիտացիա ցուցադրել, իսկ որ իրենց համար ավելի կարևոր է՝ հնարավորինս փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, այսինքն Հայաստանին գործնականում զրկել անվտանգությունն ապահովելու հավելյալ կարևոր բաղադրիչից: Ու, պետք է նկատել, իրենց այդ խնդիրը փայլուն են կատարում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը