Մեկնաբանություն

05.04.2023 23:11


Մեկ անգամ Ամերիկայում. ԱՄՆ–ի «Նիկոլը» ձերբակալել է... Թրամփին

Մեկ անգամ Ամերիկայում. ԱՄՆ–ի «Նիկոլը» ձերբակալել է... Թրամփին

Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում օվկիանոսի այն կողմում՝ ալամ-աշխարհին «դեմոկրատիա» և այլ նման «հաճույքներ» մատակարարող Միացյալ Նահանգներում, արտառոց ու զավեշտական է միաժամանակ:

Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախկին նախագահ և կրկին նախագահական մրցավազքի մեջ մտած Դոնալդ Թրամփը ձերբակալվել է: Մեղադրանքները, որոնք նրան ներկայացվելու են դատարանում, շատերի կարծիքով՝ մտացածին են, իսկ կոնկրետ այդ քայլը նպատակ ունի պարզապես անցանկալի թեկնածուին հանել ասպարեզից: Դե, եթե այլ ճար չի մնում, այդպես են վարվում բոլոր բռնատիրական ռեժիմները: Դոնալդ Թրամփի բախտը երևի միայն այն հարցում է բերել, որ ուլտրա-բռնատիրական ռեժիմները սովորաբար չեն բավարարվում կալանավորումներով, և անցանկալի անձանց, իսկ քաղաքական հակառակորդներին առաջին հերթին, ֆիզիկապես են վերացնում: Պարզ ասած՝ սպանում են:

ԱՄՆ-ում, ի դեպ, մեկ կամ երկու նախագահի չէ, որ պաշտոնավարման ընթացքում սպանել են կամ մահափորձեր են արել, առնվազն: Բայց, կարծես, առաջին անգամն է, որ ԱՄՆ նախկին նախագահի ձերբակալում են պաշտոնավարումից հետո:

Իսկ ի՞նչ կապ ունի ԱՄՆ-ում կատարվող խայտառակությունը Նիկոլ փաշինյանի կամ Հայաստանի մերօրյա մղձավանջի հետ:

Խնդիրը կամ ակնարկվող կապը այն է, որ ԱՄՆ գործող իշխանությունները՝ Բայդենի գլխավորությամբ, իրենց պահում են մոտավորապես նույն կերպ, ինչ Նիկոլ Փաշինյանը: Պարզապես այնտեղ մի քիչ խաղի մակարդակներն են տարբեր:

Ամենից հետաքրքիրը, սակայն, դա չէ: Ամենից հետաքրքիրն այն է, որ եթե (երբ) նման բաներ տեղի են ունենում նույն ԱՄՆ-ի համար հետաքրքիր, բայց յուրային ռեժիմի պայմաններում, ոչ մի դեսպան-մեսպան սուր հայտարարություններ չի անում: Իսկ այ, երբ պետք է ճնշման տակ պահել օտար երկրի ոչ այնքան յուրային իշխանություններին, ապա ԱՄՆ դեսպանը և նրա ձեռքից սնվող «ակտիվիստները» իրենց պատառոտում են, օրումեջ մեղադրական հայտարարություններ, ցույցեր, ակցիաներ:

Սա կոչվում է երկակի ստանդարտների կիրառում: Զզվելի երևույթ է, բայց այն առավել քան առկա է: Տեսեք, Ուկրաինայի վերաբերյալ ինչ հոգեթով վերաբերմունք ու միլիարդավոր ծախսեր է դրսևորում նույն ԱՄՆ-ն: Եվ հիշեք, թե որքան խորապես թքած ունեն ըստ էության ֆաշիստական բնույթ ունեցող Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի կողմից Արցախի ու հայության դեմ ագրեսիայի վրա:

Տեսեք, եթե հանկարծ «նախկինների» ժամանակ ԱԺ նախագահի պաշտոն զբաղեցնող որևէ մեկը թիկնապահներով բռնել տար որևէ քաղաքացու և թքեր, ապա հիմա ԱՄՆ դեսպանը, Եմ ներկայացուցիչը, զանազան եվրաձյաձյաներ ու եվրածյոծյաներ անասելի աղմուկ-աղաղակ դրած կլինեին: Բայց հիմա անասելի լռություն է: Ինչո՞ւ: Իսկ պա՞րզ չէ: Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը ԱՄՆ-ի, Եվրամիության համար «յուրային» են: Դրա համար էլ ոչ մի եվրածյոծյա ու առավել ևս ոչ մի ԱՄՆ դեսպան ոչ մի կերպ ոչ մի վերաբերմունք չի արտահայտի, կձևացնի, թե ոչինչ չգիտե, ոչինչ չի տեսել, ոչինչ չի եղել:

Դա առաջին նման քար լռությունը չէ: Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը կարող է հարձակում հրահրել դատարանների վրա, կարող է քաղաքական հակառակորդներին հետապնդել ու բանտարկել՝ շինծու «գործերով», կարող է ինչ այլանդակություն ասես անել, ու՝ որպես ծաղրանք ու մրցանակ, ստանալ «ժողովրդավարության չեմպիոնի» տիտղոս, հրավիրվել ժողովրդավարական գագաթաժողովի:

Իսկ ի՞նչ է հետևում այդ ամենից: Իսկ այդ ամենից ուղղակիորեն հետևում է, որ ժամանակակից աշխարհում (ասենք առաջ էլ վիճակն էապես տարբեր չէր), այսպես կոչված՝ «առաջադեմ դեմոկրատական, զարգացած» երկրների ու նրանց կառավարիչների համար ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, առհասարակ իրավունքներն ու ազատությունները դատարկ, բովանդակազուրկ հնչյուններ են և ընդամենը օգտագործվում են որպես սեփական շահերն ու նպատակները սպասարկելու գործիքներ: Պե՞տք լինի՝ նորմալ երկիրը կանվանեն բռնապետություն ու չորս կողմից վրա կտան, պե՞տք լինի՝ ամենազզվելի բռնապետության ու մարդակեր-բռնապետի հետ կգրկախառնվեն: Նավթին մունաթ, ինչպես ասվում է:

Դա, ի վերջո, ամերիկյան քաղաքականությանը բնորոշ գիծ է՝ «Սամոսան շան որդի է, բայց նա մեր շան որդին է»: Ի դեպ, որքան էլ խոսքը թևավոր է, բայց ասված է շատ կոնկրետ բռնապետի վերաբերյալ:

Պարզ ասած՝ ժամանակակից աշխարհում, քաղաքականության մեջ այսպես կոչված «ժողովրդավարական արժեքները» ոչ մի արժեք չունեն, և ակնկալել, թե ինչ-որ բարի քեռիներ դրսից մատ են թափ տալու, օրինակ, Նիկոլ Փաշինյանի վրա, որովհետև նա դրսևորվում է որպես ամենավերջին բռնապետ, կներեք, անլուրջ է:

Ոչ միայն ձանձրացել, ոչ միայն զզվել եք նրա բերած «թավշյա» դժոխքի՞ց: Ուրեմն այս մղձավանջից ելնելու համար հույսներդ դրեք բացառապես ձեր վրա։ Ի վերջո. «Ուժն է ծնում իրավունք»:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը