Քաղաքական

05.04.2023 18:34


Մեքենաները կանգնեցրած ադրբեջանցիները 5 ժամ շարունակ հոգեբանական ահաբեկման են ենթարկել արցախցիներին. ԱՀ ԱԳՆ հայտարարությունը

Մեքենաները կանգնեցրած ադրբեջանցիները 5 ժամ շարունակ հոգեբանական ահաբեկման են ենթարկել արցախցիներին. ԱՀ ԱԳՆ հայտարարությունը

Ապրիլի 4-ին տեղի է ունեցել Արցախի քաղաքացիների իրավունքների հերթական կոպտագույն խախտումը, որն ի ցույց է դնում Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ավելի քան 110 օր լիակատար շրջափակման մեջ պահող Ադրբեջանի իրական նպատակները: Այս մասին նշվում է Արցախի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

«Ադրբեջանական կողմը հրաժարվել է թույլ տալ Լաչինի միջանցքով անցնել Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ավտոմեքենաներին, որոնք տեղափոխում էին շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած և իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու հնարավորությունից զրկված Արցախի քաղաքացիներին: Լաչինի միջանցքի արգելափակված հատվածում ադրբեջանական կողմը կանգնեցրել է մեքենաները և 5 ժամ շարունակ հոգեբանական ահաբեկման ենթարկել դրանցում գտնվողներին՝ հիմնականում կանանց, երեխաներին և տարեց մարդկանց: Այնուհետև Ադրբեջանը փորձ է արել մարդկանց տառապանքները վերածել կեղծ հումանիզմի բեմադրության:

Տվյալ աղաղակող միջադեպն ակնհայտորեն ցույց է տալիս, որ ադրբեջանական իշխանություններն անցել են Արցախի էթնիկ զտման և պատմական հայրենիքից նրա ժողովրդի վտարման իրենց հանցավոր ծրագրի հաջորդ փուլի իրագործմանը: Այս մտադրությունների մասին հրապարակավ հայտնել է Ադրբեջանի նախագահը 2023 թ. հունվարի 10-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Հետագայում Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը բազմիցս կրկնել է այն սպառնալիքը, որ Արցախի բնակիչները պետք է կամ ենթարկվեն Ադրբեջանի հայատյաց իշխանություններին, կամ լքեն սեփական հայրենիքը:

Բացարձակ անպատժելիության պայմաններում Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողություններն առավել սպառնալից բնույթ և ծավալներ են ստանում: Մարդու իրավունքների այդքան լուրջ ոտնահարումների հանդեպ միջազգային հանրության անգործությունը հավասարազոր է լռելյայն հավանության, եթե ոչ հանցակցության պաշտոնական Բաքվի հակամարդկային գործողություններին: Համապատասխան մանդատ և գործիքակազմ ունեցող ՄԱԿ ԱԽ կողմից անհետաձգելի և վճռական միջոցների ձեռնարկումը բացարձակ անհրաժեշտություն է ապօրինի շրջափակման անհապաղ դադարեցման և միջազգային հանրության աչքի առաջ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակվող հանցագործությունների կանխման համար»,-ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը