Մեկնաբանություն

06.04.2023 09:00


Գոյության/չգոյության խնդիր է, բայց դա, կարծես, ոչ մեկին չի հուզում

Գոյության/չգոյության խնդիր է, բայց դա, կարծես, ոչ մեկին չի հուզում

Ընթացիկ լրահոսին նայելիս՝ ահագնանում է Երևանի որևէ բարձր կետ ելնելու և այնտեղից քաղաքով մեկ գոռալու ցանկությունը. «Ժողովո՜ւրդ, ձեր վարչապետը մեր երկիրը թշնամուն է հանձնում, էս ինչո՞վ ե(ն)ք զբաղված...»:

Թուրքը արդեն երեք տարի է՝ ոտ-ոտ, լոք-լոք, սար-սար, գյուղ-գյուղ զավթում է մեր հայրենիքը, մեր երկիրը, մեր ու մեր զավակների կենսատարածքը: Ու թշնամին դա անում է առաջին հերթին այն պատճառով, որ նրա դիմաց կանգնած է «խաղաղության մուրացկանների» իշխանություն, որի հիմնական զբաղմունքն է դարձել թշնամական առաջխաղացումներն արդարացնելը կամ հիմար ու զզվելի տեսարաններ սարքելը, դրանք քննարկման առարկա դարձնելը: Ավելին, կեղծ ու շինծու օրակարգերը հեղեղել են ամբողջ դաշտը, իսկ իրական վտանգներն ու սպառնալիքներն այլևս ոչ մեկին կարծես չեն հուզում:

Սենք այս ինչո՞վ ենք զբաղված...

Հայաստանն, ի՞նչ է, այլևս սպառվա՞ծ է, ավարտված երկի՞ր է: Վե՞րջ: Բառի ամենաիսկական իմաստով ու հենց այս պահին դրված է Արցախի ու ընդհանրապես Հայաստանի գոյության խնդիրը: Առանց չափազանցության: Ու ինչի՞ մասին են ընթացիկ իրադարձություններն ու լուրե՞րը: ԱԺ փաշինյանական նախագահի կամ այլ քպ-ականների թքելու, սպառնալիքներ հնչեցնելու, ինչ-որ անհասկանալի «աղբյուրների» հիման վրա ստեր տարածելու:

Այդ ընթացքում թշնամին է՛լ ավելի է խտացնում Արցախի շուրջ կազմած օղակը: Այդ ընթացքում թշնամին ներխուժում է Տեղ գյուղին պատկանող արտեր, վարելահողեր ու արագ-արագ դիրքավորվում է: Այդ ընթացքում թշնամին զորք ու զինտեխնիկա է կուտակում: Բայց բոլոր «այդ ընթացքում»-ներն ընթացիկ լրահոսում չկան: Վիճակը համեմատելի է այն պատկերի հետ, երբ ուր որ է ժայթքել պատրաստվող հրաբխի խառնարանի պռնկին երկու անհոգ զբոսաշրջիկ նստած պաղպաղակ են ուտում ու մտմտում այդտեղ «կաֆե» բացելու մասին: Նրանք արդեն քննարկում են, թե ինչ կերակրացանկ են առաջարկելու, մինչդեռ ժայթքող լավան ընդամենը մի քանի րոպե անց կլանելու է երկուսին էլ՝ պաղպաղակներով ու «կաֆեի» ծրագրերով հանդերձ:

Արցախի շրջափակման մասին արդեն խոսակցություն էլ չկա: Վե՞րջ: Հանձնեցի՞նք: Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն կարող են ցնծալ, քանի որ իրենք հենց դրա համար էին «հեղափոխություն» անում: Իսկ մե՞նք:

Տեղ գյուղի տարածքները թշնամուն հանձնելու, թշնամու առաջխաղացումն ու դա չկանխելու վրդովմունքի «վառոդը» միայն մեկ-երկու օրվա՞ բավականացրեց: Հիմա ամեն ինչ «օ-քե՞յ» է, վե՞րջ, հանձնեցինք ու համակարպվեցի՞նք, որպեսզի ինչ-որ տարեց նիկոլական անհեթեթություններ ասի, թե՝ «դե դա հնուց էլ իրենցն է (ադրբեջանական թուրքերինը) եղել...» կամ նման մի բան:

Ու ո՞րն է, օրինակ, Նիկոլ Փաշինյանի գործառույթը: Ա՞յն, որ շաբաթը մեկ անգամ կառավարության նիստ կոչված միջոցառման սկզբում մի քանի րոպեանոց ճառ արտասանի՝ կիսատ-պռատ արձանագրելով, թե էլ ինչ վատ-վատ բաներ է արել իր սիրելի ադրբեջանական կողմը ներկայացնող Ալիևը, որից հետո էլի խոսի... «խաղաղության օրակարգից»: Խոսի խաղաղությունից, բայց շարունակ բերի պատերազմ, թշնամական օկուպացիա, անմիջական սպառնալիք հայ մարդկանց կյանքին ու ապրուստին ու... շարունակի խնդալ բոլորի վրա:

Գոյության ու չգոյության խնդիր է: Ու սա արդեն քաղաքական հարց էլ չէ: Այն վաղուց վերքաղաքական է: Չհոգնենք ընդգծել. եթե բոլորով որոշել ենք կոտորվել ու վերանալ, ապա շարունակենք ոչինչ չանել, առանց այն էլ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամենը տանում է այդ ուղղությամբ ու, պետությունը վերջնական կործանման մատնելու առումով՝ արդյունավետ է դա անում:

Բա՛յց:

Եթե, այնուամենայնիվ, համարում ենք, որ սա մե՛ր երկիրն է ու նաև մեր զավակների՛ երկիրը պիտի լինի, եթե իսկապես չենք ուզում վերանալ որպես պետություն և ազգ, ապա պետք է նախ՝ իշխանությունից հեռացնել այն զավթած երկրաքանդներին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փոխել դեպի կործանում տանող «գիծը» և բոլոր ջանքերը կենտրոնացնել այս 5 տարվա մեջ սրանց իշխանության ձևավորած կոյաճահճից դուրս գալու վրա: Միայն այդ դեպքում է հնարավոր հետագա գոյության շանս ստեղծել:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը