Մեկնաբանություն

05.04.2023 01:14


Կրկեսը վաղուց չի գործում, բայց կլոունները «լռվել» են ու չեն հեռանում

Կրկեսը վաղուց չի գործում, բայց կլոունները «լռվել» են ու չեն հեռանում

Այդպիսի արտահայտություն կա. «Շրջիկ կրկեսը մեկնել է, բայց ծաղրածուները մնացել են»: Մերն ուրիշ է, ամեն պարագայում: Երևանի պետական կրկեսը, գիտեք, քանի տարի է, ինչ վերանորոգումային տվայտանքների մեջ է: Իսկ այ, տարատեսակ ինքնակոչ կլոունները ձյութի պես կպել են երկրի ճակատագրին ու ամուր «լռվել» քաղաքական ու մերձքաղաքական ասպարեզում: Բայց արդեն վաղուց ծիծաղելի չէ: Հակառակը:

Այստեղ ոչ թե պարզապես պողպատակուռ նյարդեր են պետք, այլ լեգիրացված պողպատից հյուսված նյարդեր: Դիմանալու չէ:

Փաշինյանական քարոզչությունը տարերքի մեջ է: Ալեն Սիմոնյանն այս ասաց, Ալեն Սիմոնյանի ասածը հերքեց անձամբ Աշոտ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը գրառումը ջնջեց, Ալեն Սիմոնյանը գրածը չմեկնաբանեց, Ալեն Սիմոնյանը Տեր-Պետրոսյանի ասածը մեկնաբանեց, Աշոտ Փաշինյանը…

Ստո՛պ:

Չնայած, քարոզչական խրախճանքը շարունակվում է: Կանգառ չկա: Դերերը բաշխված են, չկարծեք, թե այս աղմուկ-մաղմուկը հանպատրաստից է: Ամեն մեկն իր «դերն» ունի այս անմաքուր «գործում»:

Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Ալեն Սիմոնյանը: Ավելին, իրեն բնորոշ ոճով, Նիկոլ Փաշինյանն այս ամեն ինչի մեջ ներքաշում է իր տան անդամներին, լինեն կինը, դուստրերը, թե որդին: Երևի Աշոտ Փաշինյանի հերթն էր հասել, և հետո՝ նրա մասին ինչ-որ երկար ժամանակ ոչինչ չէր ասվում, լսվում: Երևի դրա համար էլ որոշել էին այս անգամ Աշոտ Փաշինյանի վրա հարձակման կեղծ լուր նետել ասպարեզ: Ալեն Սիմոնյանը հաճույքով այդ լուրերը տարածելու դերը ստանձնեց, մանավանդ, դա թույլ էր տալիս, որ ինքն էլ անհատական «օգուտ քաղի»՝ քաղաքացու վրա թիկնապահներով հարձակվելու և բացահայտ խուլիգանական իր պահվածքի մասին քննարկումները հետին պլան մղելու առումով:

Հետո արդեն եկավ Ալեն Սիմոնյանին թիկունքից հարվածելու պահը, և Աշոտ Փաշինյանը հայտարարեց, թե՝ ստում են, իր վրա ոչ ոք չի հարձակվել:

Այստեղ արդեն սոցցանցերում հայտնվեցին Աշոտ Փաշինյանի «բալելշիկներ», թե բա տեսեք, ինչ լավ է իրեն դրսևորում, Ալեն Սիմոնյանին է ստախոս հանում և այլն, և այսպես շարունակ:

Մի՛ «սրբացրեք» Աշոտ Փաշինյանին: Նա ընդամենը իր դերն է խաղում իր հոր ձևավորած մղձավանջային «ռեալիթի-շոուի» հարթակում: Նիկոլ Փաշինյանիի համար, նկատած կլինեք, կարևոր չէ, որ դա իր ընտանիքի հետ է կապվում: Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր նժույգ վարող դստերն ասում, որ եթե ձիուց ընկներ, ապա «լայքերն« ու դիտումներն ավելի շատ կլինեին...

Կակաչ է տնկում: Պատերազմից առաջ ինչ-որ վասյուկիական պրեզենտացիա էր անում, կեռաս էր «խեղդում» ծառի վրա: Եվ՝ ի՞նչ: Իսկ ոչինչ, իրականության մեջ մղձավանջն է շարունակվում:

Լրահոսը քանի օր է, ինչ «եռում» է ներմուծովի արհեստական օրակարգերի մեջ՝ Ալեն Սիմոնյան, Աշոտ Փաշինյան, հարձակվել են, չեն հարձակվել…

Իսկ այդ ընթացքում թշնամին իրականության մեջ զորքեր է կուտակում, դիրքավորվում է, առաջ է շարժվում Հայաստանի տարածքում և դիրքեր է դնում, Արցախի ու Հայաստանի վրա նոր հարձակման է նախապատրաստվում: Արցախի շուրջ թշնամական օղակն ավելի ու ավելի է սեղմվում: Բայց ո՞վ է դրա մասին խոսում, ո՞վ է դա քննարկում, թեկուզ ֆեյսբուքներում:

Ավելի «կարևոր» հարցեր կան, ի՜նչ եք ասում: Այնպիսի տպավորություն է, որ եթե վաղը, մյուս օրը թշնամին զորաշարքով ներխուժի հայկական որևէ բնակավայր ու կոտորած սկսի, Նիկոլ Փաշինյանը կամ նրա խմբակիցները որևէ անհեթեթություն կասեն կամ կանեն, իսկ մյուսներն էլ, թշնամական ներխուժումն ու դրա համար պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու, ապա մի կողմ նետելու և երկրի փրկության վրա կենտրոնանալու փոխարեն, էլի քննարկելու են, թե՝ «բա իմացա՜ք, Ալեն Սիմոնյանն ասաց, որ Աշոտի վրա էլի հարձակվել են…»:

Ի դեպ, այս միջակայքում երևի ամենից շատը Սուրեն Պապիկյանը շահեց: Հիմա ոչ մեկը նրա թանկարժեք բնակարանագնման մասին չի էլ հիշում, էլ ավելի՝ ոչ մեկը նրան չի հարցնում, թե այդ ինչպե՞ս էին դիրքավորվել, որ թշնամին անարգել զավթեց Տեղ գյուղի մերձակա տարածքները:

…Կրկեսը դեռ չի բացվել, բայց այս արնածոր կլոունադան արդեն ֆիզիկապես անտանելի է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը