Քաղաքական

04.04.2023 09:32


Ալեն Սիմոնյանը հանգիստ կարող է թքել քաղաքացիների դեմքին. քրեական վարույթ չի նախաձեռնվել

Ալեն Սիմոնյանը հանգիստ կարող է թքել քաղաքացիների դեմքին. քրեական վարույթ չի նախաձեռնվել

168.am-ը գրում է․ Կիրակի օրը` ապրիլի 2-ին, Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանը Կասկադում իրեն դավաճան անվանելու համար նախ հրահանգել էր բռնել սփյուռքահայ հայրենադարձ գործարար Կարեն Մկրտչյանի ձեռքերը, նրան ասել էր` դավաճանը մայրդ է, ապա թքել վերջինիս աչքին։

Ֆիքսենք` այս գործողության հեղինակը Ալեն Սիմոնյանն է` ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, ով իր թիկնապահների օգնությամբ ազատությունից զրկված քաղաքացու վրա թքելուց հետո խրոխտ քայլերով նույն անվտանգության մոտ 7-8 աշխատակիցների հետ, կեպկան գլխին` հեռացել էր։

Տարածքի տեսախցիկները, բնականաբար, արձանագրել են տեղի ունեցածը, հատկապես այն սրճարանինը, որի տարածքում տեղի է ունեցել ԱԺ թքող նախագահի բախումը քաղաքացու հետ։ Բնական է, որ սրճարանի անունը չենք հրապարակում բիզնեսին չվնասելու համար։

Եվ եթե այդ տեսախցիկների պարունակությունը ոչնչացված չէ, ապա մեր հայրենի հպարտ իրավապահները, ովքեր Ալեն Սիմոնյանի մատի մի շարժումով հարձակվում ու տուժած քաղաքացուն բերման են ենթարկում ոստիկանության բաժին, կարող էին տեսնել` ինչ է կատարվել իրականում։

Սակայն ՀՀ դատախազությունը Ալեն Սիմոնյանի արարքին չի պատրաստվում քրեաիրավական գնահատական տալ, մի բան, ինչն ակնթարթային կերպով արվեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի դեպքում։

Եվ սա այն դեպքում, երբ Ալեն Սիմոնյանը չի էլ հերքել կատարվածը, ընդհակառակը, հարցը տեղափոխել էր տղայական դաշտ ու ասել, որ ինքը «երևանցի տղա» է, իր ժողովրդի հետ հեղափոխություն արած, պատերազմ տեսած, և կարճ ասած՝ ինչ արել, լավ է արել։

Ի դեպ, նույն բանը ժամանակին ասել էր նաև Հանրային հեռուստաընկերության եթերում, ընդ որում՝ ձայնագրվող, ոչ ուղիղ հեռարձակվող հաղորդման ժամանակ, երբ լրագրողի հարցին ի պատասխան, ասաց` մայրս լավ է արել, որ ցուցարարներին մեջտեղի մատ է ցույց տվել։

Ինչևէ 168.am-ի հարցին ի պատասխան` դատախազությունից տեղեկացրեցին` Ալեն Սիմոնյանի թքելու առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնված չէ։

Այս խորագրի վերջին նյութերը