Մեկնաբանություն

04.04.2023 11:09


Որքա՞ն է հեռու Ալեն Սիմոնյանի ու նրա նմանների «թուքը չորանալու» օրը

Որքա՞ն է հեռու Ալեն Սիմոնյանի ու նրա նմանների «թուքը չորանալու» օրը

Նիկոլ Փաշինյանի մոտ ԱԺ նախագահ աշխատող անձնավորությունը, որ մի քանի օր առաջ ԱԺ միջանցքներում ղժղժում էր՝ ՔՊ կուսակցության նվիրյալ ոստիկաններին հրահանգելով ձեռբակալել ընդդիմադիր պատգամավորին, ինչպես հայտնի է, աչքի է ընկել նոր «սխրանքով»: Մասնավորապես, Ալեն Սիմոնյանը իր թիկնապահներին հրամայել է բռնել իրեն դավաճան անվանած քաղաքացուն, ով ի լրումն՝ հայրենադարձ սփյուռքահայ է, ապա իր թիկնապահների «կանդալած» մարդու վրա թքել է:

Զուգահեռաբար, կարելի է ասել, որ հիմա արդեն կռահելի է, թե վերջերս ինչ հանգամանքներում էր Ալեն Սիմոնյանը ընկել և վնասել ձեռքը: Եթե մինչ այս վերջին խայտառակ, տմարդի ու հակահիգիենիկ միջադեպը ենթադրվում էր, որ Ալեն Սիմոնյանը սայթաքել է գրպանից ընկած սեփական խղճի վրա, այժմ կարելի է դա հերքված համարել: Առավել հավանական է, որ նա սայթաքել է սեփական թքի վրա:

Բայց պարզվեց, որ տեղի ունեցածից հետո դեռ ցինիզմի նորանոր փայլատակումներ են արձանագրվելու:

Մասնավորապես, Ալեն Միմոնյանը, որ խորհրդարանական երկրում ԱԺ նախագահ է աշխատում (ավելի ճիշտ՝ պաշտոն զբաղեցնում), այսինքն՝ ի պաշտոնե պետության ամենաբարձր պաշտոնյաներից մեկն է, սոցցանցային գրառում արեց, որով գործնականում հաստատեց, որ ա) քաղաքացու վրա հարձակվելու հրահանգ է տվել իր թիկնապահներին, բ) թիկնապահների միջոցով ֆիզիկական բռնության է դիմել մարդու նկատմամբ, գ) ինքը իրեն դրսևորել է որպես վեջրին խուլիգան ու հակահասարակական տարր: Դրանից հետո էլ, գրել է, թե պատերազմ տեսած, երևանցի տղա է, ֆլան-ֆստան:

Թե ի՞նչ պատերազմ է նա տեսել, թող Աննա Հակոբյանն ասի կամ թեկուզ Նիկոլ Փաշինյանը, բայց «երևանցի տղա» լինելը, առհասարակ, «տղա լինելը» թիկնապահներով չի, որ որոշովում է, եթե անցնենք Ալեն Սիմոնյանի վկայակոչած «տղայականին»:

Ու ահա նման անձնավորությունը, պատկերացրեք, Նիկոլ Փաշինյանի մոտ ԱԺ նախագահ է: Նա օտարերկրյա այցեր է անում, Հայաստանի անունից հանդես է գալիս, պետություն ու ազգ է ներկայացնում:

Ու ո՞վ է խոսում, էլի, առհասարակ: Ի՞նչ է ուզում ասել կամ ասում: Ուզում է ասել կամ ասում է, թե՝ իրենց թիկնապահները «թավշյա» և «ժողովրդավարական են, ընդամենը բռնում են ժողովրդի ձեռուոտը, որպեսզի իրենց շեֆն անարգել ու անպատիժ թքի: Չնայած, մեյդան են ելել այլ քպ-ականներ, որ բացահայտորեն սպառանում են, թե պետք էր սպանել, գլուխը ջարդել, այս, այն: Բայց ձեր թիկնապահները, ձեզ սպասարկող «անվտանգությունը», մոտ մեկ տարի առաջ գործել է մեղքերից ամենաահավորը: Ալեն Սիմոնյա՛ն, քո կուսակցական շեֆ Նիկոլ Փաշինյանի թիկնապահազոր՛քն է տրորել-անցել երիտասարդ հղի կնոջ վրայով՝ սպանելով այդ լուսավոր մարդուն և նրա չծնված երեխային: Սպանել ու փախել են դեպքի վայրից: Դո՛ւք եք քրեական պատասխանատվությունից պլստացրել այդ աններելի հանցանքը գործածին: Ու դուք դեռ որևէ բա՞ն եք խոսում, խոսքի բարոյական իրավունքը կորցրածնե՛ր: Դուք միայն մեկ տեղում կարող եք խոսել. դատարանում:

Առհասարակ, շատերը թիկնապահների պահի վրա են կենտրոնացել, բայց այստեղ կարևոր է, թե ի՞նչ է արել, իրեն ինչի՞ կամ ում նման է պահել կոնկրետ Ալեն Սիմոնյանը և, ամենակարևորը՝ ինչպես է շարունակել իրեն պահել: Սկզբունքորեն, Ալեն Սոիմոնյանը պետք է առնվազն տեղում ձերբակալվեր: Բայց քանի որ Հայաստանում օրենքն ու օրինականությունը պաշտոնապես վերացված են և գործում են բացառապես ու միմիայն այն դեպքերում, եթե պետք է այն կիրառել ընդդիմադիրների նկատմամբ, ապա նա ոչ միայն չի ձերբակալվել, այլև կխուսափի նաև քրեական պատասխանատվությունից:

Կխուսափի, համենայն դեպս, քանի դեռ իշխանություն են: Հարցերը ծագելու են այն վայրկյանից, երբ Ալեն Սիմոնյանը դադարի լինել իշխանություն ու այլևս չունենա թիկնապահներ:

Առայժմ Ալեն Սիմոնյանը, բառի թե՛ փոխաբերական, թե՛ հենց ամենագռեհիկ դրսևորման իմաստներով՝ թքա՛ծ ունի հայ մարդկանց, Հայաստանի ու, առհասարակ, հասարակության վրա: Հիմնական խնդիրն այն է, որ անհրաժեշտ է հնարավորինս մոտեցնել այն պահը, այն իրավիճակը, որի դեպքում թքարտադրությունը դադարում է, պարզ ասած՝ «թուքը չորանում» է: Իսկ դա արդեն մնացած բոլորի, առաջին հերթին՝ ընդդիմադիր ուժերի խնդիրն է, ինչպես հնարավորինս մոտեցնել այն պահն ու իրավիճակը, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանության «թուքը կչորանա»: Որքա՞ն է հեռու ա՛յդ պահը, դժվար է ասել: Փոխարենը կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա ներկայացուցիչներն անում են հնարավոր ու անհնար ամեն ինչ, որպեսզի Հայաստանում արագացնեն արտահերթ իշխանափոխությունը, իսկ իրենք էլ ոչ թե դատի, այլ դատաստանի հեռանկարի առաջ հայտնվեն: Իրենք, կրկնենք, հետևողականորեն ամեն ինչ անում են դրա համար:

Իսկ Ալեն Սիմոնյանը, կարծում ենք, իշխանափոխությունից հետո, այնուամենայնիվ հնարավորություն կունենա նաև «բանտ տեսնել», «մենախուց տեսնել», հասկանալի է՝ ներսից:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը