Մեկնաբանություն

03.04.2023 15:20


«Դասալքության թեման» Հայաստանի վրա քարոզչական հարձակման ուղղություններից մեկն է

«Դասալքության թեման» Հայաստանի վրա քարոզչական հարձակման ուղղություններից մեկն է

Նիկոլ Փաշինյանի կողակիցը՝ Աննա Հակոբյանն օրերս քարոզչալրատվական հոսքերի մեջ նետեց «դասալքության թեման»: Դրա հակիրճ բովանդակությունը այն է, թե 2020թ. պատերազմի ընթացքում, ենթադրաբար՝ հենց սկզբնական փուլում, Հայոց բանակի 11 հազար զինվոր դասալքության է դիմել (պարզ ասած՝ փախել է մարտական դիրքից, բանակից): Հասկանալի է, որ ըստ Աննա Հակոբյանի մատուցածի, պարտության համար մեղավոր են 11 հազար դասալիքները, և ոչ մի կերպ՝ իր հողատու ամուսինը:

Այդ աղմկահարույց հայտարարության վերաբերյալ հարցերը շատ-շատ են, որքան էլ որ ակնհայտ լինեն նման «թեզ» հրապարակ նետելու ենթադրելի շարժառիթներն ու նպատակները:

Ամենից առաջ հատկանշական է այն, որ պատերազմի ժամանակ Հայոց բանակի զինվորների դասալքության մասին նման շեշտադրումներով խոսում է Աննա Հակոբյանը, գրեթե բառացի կրկնելով... Իլհամ Ալիևի հայտարարությունները, որոնք վերջինս արել է 2021 թվականի նոյեմբերի 8-ին՝ Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրելու մեկամյակի առիթով ունեցած ելույթում:

Միայն այն, որ Աննա Հակոբյանը բառ առ բառ կրկնում է Ալիևի քարոզչական թեզերը, բավարար է՝ համարժեք բացասական հետևություններ անելու համար, հասկանալի է՝ թշնամու հայտարարությունը կրկնողի նկատմամբ:

Երկրորդը. Իսկ ո՞վ է Աննա Հակոբյանը, որ նման հայտարարություն է անում: Նա ընդամենը Նիկոլ Փաշինյանի կինն է: Ո՛չ ԱԱԾ տնօրենն է, ո՛չ պաշտպանության նախարար է, ո՛չ քննչական ինչ-որ կառույցի ղեկավար է, ո՛չ զինդատախազ է, ոչ էլ, օրինակի համար, գլխավոր զինկոմն է: Այնպես որ, Աննա Հակոբյանը, որքան էլ Փաշինյանի կինը լինի, ա) այն կարգավիճակը չունի, որ իրավունք ունենա նման տվյալներ հրապարակել, բ) «(հակա)հայկական ժամանակ»-ի «օդում շրջող լուրեր» են հիշեցնում նման հայտարարությունները, որոնցում ոչ մի հղում չկա որևէ աղբյուրի:

Երրորդ. Ալիևը, հասկանալի է, «10–11 հազար դասալիքի» թեման վերցրել է իր քարոզչական զինանոցից: Իսկ Աննա Հակոբյա՞նը որտեղից է վերցրել «11 հազար դասալիքի» մասին տեղեկությունը: Այսինքն, ի՞նչ այս 3 տարվա ընթացքում 11 հազար ՀՀ քաղաքացի քրեական պատասխանատվությա՞ն է ենթարկվել՝ 2020թ. 27.09-ից 09.11-ի միջակայքում նման ծանրագույն հանցանք գործելու մեղաղադրանքով: Չէ՞ որ դասալքությունը, այն էլ՝ պատերազմի ժամանակ, գնդակահարային մեղադրանք է, ծանրագույն մեղք, որը ոչ մի պարագայում չի կարելի անպատիժ թողնել, եթե իհարկե, նպատակ չունես լիովին կազմաքանդել բանակը: Չէ՞ որ եթե նման զանգվածային դասալքություն է եղել (փուչիկ, էլի), և եթե նրանց չպատժես, այն էլ՝ ցուցադրաբար, ապա ոչ մի երաշխիք չունես, որ հաջորդ անգամ այդ թիվը չի եռապատկվի:

Բայց շարունակենք: Ամենից կարևորը Աննա Հակոբյանի արած հայտարարության ակնհայտ քարոզչական նպատակներ հետապնդող բնույթը բացահայտող հարցադրումները չեն: Ամենից կարևորը նպատակներն են, որոնք ևս ակնհայտ են: Նախ՝ նման հայտարարությամբ, այն էլ՝ 2016թ. «ապրիլյան պատերազմի» տարելիցի նախօրեին, նպատակ էր հետապնդվում «դասալքության թեմայի» շրջանառությամբ «խեղդել» ապրիլյանի թեման, զուգահեռաբար՝ վարկաբեկել Հայոց բանակը, որն, ըստ Նիկոլ Փաշինյանի կնոջ ասածի՝ ոչ թե զորք է եղել, այլ կլուբնիկ ուտող դասալիքների հավաքածու: Հնարավո՞ր էր ավելի զզվելի ձևով վիրավորել «Եռաբլուրված» մեր զինվորների հիշատակը...

Աննա Հակոբյանի հայտարարությունը Հայաստանի վրա քարոզչական հարձակման ուղղություններից մեկն է: Այդ հայտարարության նպատակները ևս բազմաշերտ են: Ամենից վտանգավոր շերտն այն է, որ դասալիքների թեման ուղղված է ապագային: Կարծում ենք, որ այն նպատակ է հետապնդում որևէ կերպ «ծածկել» այն արհավիրքային կորուստները, որոնք մոտ ժամանակներում նախատեսում է Հայաստանին պատճառել նրա ամուսինը: Շատ հնարավոր է, որ նման հայտարարությունները նպատակաուղղված են նոր, ավելի ծանր կորուստները արդարացնելուն, իբր՝ ինչ կարող էինք անել, եթե բանակը դասալիքների հավաքածու է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը