Քաղաքական

02.04.2023 08:15


Ադրբեջանցիները դեռ մի բան էլ առաջ են եկել, ո՞վ է ասում, թե հետ են քաշվել. Տեղ-ից հերքում են ԱԱԾ-ին

Ադրբեջանցիները դեռ մի բան էլ առաջ են եկել, ո՞վ է ասում, թե հետ են քաշվել. Տեղ-ից հերքում են ԱԱԾ-ին

Ադրբեջանցիները դեռ մի բան էլ առաջ են եկել, ո՞վ է ասում, որ հետ են քաշվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս գյուղի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանը՝ անդրադառնալով ԱԱԾ հաղորդագրությանը այն մասին, որ նախօրին տեղի ւնեցած բանակցությունների արդյունքում Տեղ-Կոռնիձոր հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։

«Այսինքն ինչ է եղել, որ բարելավել է, ոչ հետ են գնացել, ոչ էլ մի այլ բան, ոնց եկել են, այդպես մնացել են մեր հողերում: Բարելավել կլիներ, եթե թշնամին գնար իր նախկին տեղը այսինքն Ջաբրայիլ: Թշնամին եկել, գրավել է Տեղ գյուղի վարած-ցանած հողերը, էդ բարելավո՞ւմ է, ես չեմ հասկանում: Գյուղացիներից ամեն մեկը 1-2 հա ցանել է, որ իր տունը պահի, իր երեխեքին, հույսը դրել է իշխանավորների վրա, հիմա եկել են, իրենց մի կտորը հացը ձեռքից վերցրել, ո՞վ պիտի մտածի»,-ասաց նա:՝ նշելով, որ բանակցությունները անարդյունք են անցել:

Արգամ Հովսեփյանը անդրադառնալով գյուղացիներին՝ ասաց, որ 15 հա-ի համար դուրս էին եկել, նախորդ տարի ցույցեր էին անում, բայց հիմա որեւէ մեկը չի բողոքում, որ ադրբեջանցիները այդքան գրավել են իրենց հողերից: «Սեւ-սպիտակը այ հիմա է գործում, ես չեմ հասկանում այս կառավարությունը, որ ընտրվել է, իրենք ղեկավարներ են, իսկ ընդդիմադիրները ճորտեր են իրենց համար: Չի կարելի էս նեղ պահին նախկին-ներկա չկա, սեւ-սպիտակ չկա, պետք է միավորվենք հակահարված տանք»,-ասաց նա:

Հովսեփյանի խոսքով՝ թշնամին չի պատրաստվում մեկ քայլ անգամ նահանջել, եղանակային անբարենպաստ պայմաններում էլ՝ շարունակում են ինժեներական աշխատանքներ իրականացնել։

«Ես չեմ կարծում, որ բանակցությունները արդյունք կտան, այ հիմա էլ աշխատանքներ են տանում, էդ ոնց են բանակցել, որ շարունակում են; Միակ ելքը զենքով վռնդելն է, թող մեզ զինեն, թուրքին միայն սատկացնելն է փրկում, մենք նստել ենք, իրենք առաջ են գալիս, մեզ ծաղրում, դա հային վայել չի: Թուրքը համարյա եկել, հասել է Տեղ գյուղ, բայց այդպես չի եղել, մեր սահմանը եղել է Աղավնոյի ձորով՝ Տեղից 5 կմ ներքև։ Եթե պատմություն չգիտեն, թող իմանան՝ Նժդեհն այդպես է սահմանը գծել, Արցախի Աղավնոյից այս կողմ Սյունիքն է։ Հիմա թուրքերը գետից կամաց-կամաց բարձրացել են վերև, այդ 5 կմ-ն էլ են եկել, հլա մի կմ էլ ավել»,-ասաց 3 պատերաազմների մասնակից նախկին գյուղապետը:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ և ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։

Այս խորագրի վերջին նյութերը