Մեկնաբանություն

31.03.2023 18:20


ԱԺ միջադեպ. ոստիկանության երկակի ստանդարտներն ու քպ-ականների լկտիությունը

ԱԺ միջադեպ. ոստիկանության երկակի ստանդարտներն ու քպ-ականների լկտիությունը

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի դռնփակ նիստում միջադեպ է տեղի ունեցել: Կատարվածի վերաբերյալ քաղաքական գործիչների (ոչ իշխանական, բնականաբար) ներկայացրած մանրամասնությունների համաձայն, եղելությունը հետևյալն է. նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հրահրիչ բնույթի արտահայտություններ է արել, այդ թվում՝ նիստին ներկա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հասցեին, նաև շարժում է արել վերջինիս ուղղությամբ, ինչից հետո ընդդիմադիր պատգամավորը հարվածել է քպ-ականին:

Դատելով այն բանից, թե միջադեպից անմիջապես հետո ինչ վայնասուն էին բարձրացրել ամենատարբեր կալիբրի ու ռանգի քպ-ականներ, ինչպես նաև դատելով նրանից, թե Ալեն Սիմոնյանը կոտրած թևով ինչպես էր «ղժղժոցը դրած» մտել «Հայաստան» խմբակցության աշխատասենյակ՝ Մհեր Սահակյանը հարվածել է ըստ հարկի:

Ի դեպ, Սհեր Սահակյանին ճանաչողները բնորոշում են որպես հավասարակշռված անձնավորության: Հավելենք նաև, որ Մհեր Սահակյանը նաև, որպես կամավորական, մասնակցել է 44-օրյա պատերազմին ու հայրենասեր մարդ է:

Ամեն պարագայում, միջադեպ տեղի է ունեցել և, եթե նման դեպքերում հարկ է, որ միջամտեն իրավապահ մարմինները, պիտի միջամտեն: Բայց այստեղ այլ բան է հետաքրքիր. Այսպես կոչված՝ «իրավապահ մարմինների», կոնկրետ՝ ոստիկանության երկդիմի, երկակի ստանդարտներով մոտեցումը:

Բանն այն է, որ միջադեպեր եղել են նաև մինչև այս: Ու, վստահաբար, այսուհետ ևս լինելու են նման բաներ: Թե ինչեր կլինեն այն բանից հետո, երբ ՔՊ-ն զրկվի իշխանությունից, ավելի լավ է չասել: Բայց դա ոչ հեռու ապագայում, իսկ նույնքան ոչ հեռու անցյալից հայտնի է, օրինակ, թե ինչպես մի խումբ նիկոլական դապուտատներ հարձակվեցին ընդդիմադիրների վրա: Հայտնի է նաև, թե ինչպես նիկոլական Ալեքսանյանը հարձակվեց ընդդիմադիր պատգամավորի վրա: Դեպքերը, հիշեցնենք, եղել են ԱԺ դահլիճում, ԱԺ շենքի տարածքում: Բայց բոլոր այդ նախկին դեպքերում ոստիկանությունը այսօրվա նման չի լցվել ԱԺ, ոչ մի նիկոլականի չի քաշքշել, այդպես կատաղած գազանների նման վրա չի տվել նույն քպ-ականների վրա: Եղել է նաև ընդդիմադիր խմբակցության 3 օգնականների վրա մոտ երեք տասնյակ ՔՊ–ականների հարձակումը։

Որքան էլ պարզ լինի, որ նիկոլական ոստիկանությունը «չի կծի» իրեն պարգևավճարող տերերին, միևնույն է, երկակի ստանդարտներ դրսևորելու հարցը մնում է:

Այսօր, օրինակ, ոստիկանությունն իրեն խայտառակ վատ է դրսևորել: Քիչ չէ, որ կատաղած վրա էին տվել ընդդիմադիր պատգամավորի վրա, երբ Ալեն Սիմոնյանի ձայնավոր ներկայությունը նկատեցին, սկսեցին ընդհանրապես «կաշվից դուրս» գալ՝ ցանկանալով «տիրոջը» հաճոյանալ, ցույց տալ, թե ինչպիսի՜ հավատարմությամբ են նրան ծառայում:

Մեկ այլ հատկանշական պահ: ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը միջադեպին անդրադառնալով, հայտարարել է, թե Մհեր Սահակյանը խելացի կվարվի, եթե մանդատը վայր դնի: Կարելի է կարծել, դա Նիկոլ Փաշինյանին սպասարկող այդ անձնավորությունն է նրան մանդատ տվել, որպեսզի հիմա նման բաներ ասի: Որպես քաղաքացի՝ տողերիս հեղինակը կարող է հակադարձել, որ ձայնը տվել է «Հայաստան» խմբակցությանը, այդ թվում՝ Սհեր Սահակյանին: Ու դա արել եմ 2 բանի համար. Ա) հեռացնել իշխանությունից Նիկոլ Փաշինյանին ու նրա խմբակին, Բ) երկիրը հանել այս կոյաճահճից, որի մեջ այն գցել են Նիկոլ Փաշինյանն ու նրա նմանները: Եթե կուզեք, Մհեր Սահակյանին ու ընդդիմադիրներին մարդիկ քվե ու մանդատ են տվել նաև տեղն եկած տեղը այդ կերպ արժանապատվորեն դրսևորվելու համար:

Ի դեպ, նույն քպ-ական Արթուր Հովտաննիսյանին երբ լրագրողները հիշեցրել են իրենց խմբակցությունից Ալեքսանյանի հարձակողական դրսևորումը, ՔՊ քարտուղարն այսպիսի բան է ասել. «Լավ է արել, հարձակվել է»:

Ահա՜ թե՝ ինչ: Լա՞վ է արել: Դե, գնացեք, Ալեքսանյանից մանդատը վերցրեք, դրանից հետո միայն այլոց հասցեին ծպտուն հանեք: Առհասարակ, վերջերս քպ-ականները այն աստիճան են իրենց կորցրել, այնպես են ձայնները գլուխները գցում, կարելի է կարծել, թե այ իրենք չեն, որ ներկայացնում են հողատուին, այդ իրենք չեն Արցախն ու Հայաստանը աղետի մատնել, այդ իրենցից յուրաքանչյուրի վզին չէ հազարավոր հայ տղաների արյունը:

Ի դեպ, կարելի է կանխատեսել, որ «լավ անելը» քպ-ականները, ամենայն հավանականությամբ, դեռ տեսնելու երջանկություն կունենան, կարծում ենք, որ դա կլինի իշխանությունից անխուսափելիորեն զրկվելուց կարճ ժամանակ անց:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը