Կարծիք

05.10.2011 00:30


Փակվում է պայքարի մի վառ էջ ևս

Փակվում է պայքարի մի վառ էջ ևս

ՀԱԿ պայքարը, թվում է, մոտենում է իր տրամաբանական ավարտին: Եթե իշխանությունները շուտափույթ քայլեր չձեռնարկեն, արդեն հայտնի չէ, թե էլ ինչ պետք է մոգոնեն հարթակի տղերքը, որ գլխներին մարդ հավաքեն: Խոսքը վերաբերում է շուրջօրյա հուժկու հանրահավաքների սեզոնը փակվելուց հետո ընկած ժամանակահատվածին: Վերլուծաբանները պնդում են, որ իր այս հանրահավաքի (սեպտեմբերի 30+7օր) արձագանքի հաշվին ՀԱԿ-ը փորձեց հարատևել գոնե մինչև Նոր տարի: Հունվարից մեկնարկում են նախընտրական գործընթացները, իսկ հուժկու հանրահավաքի ու նրա բերած բարիքների լույսի ներքո լավ ստարտ կարող էր ստացվել: Մենք սիրով կհամաձայնեինք մեր գործընկերների այդ կարծիքին, սակայն տեսնում ենք, որ ՀԱԿ-ում անգամ մինչև Նոր տարի ձգելու շնչառություն չի մնացել: Լևոն Տեր-Պետրոսյանն անձամբ է խոստովանում` ֆիզիկապես էլ հնարավոր չէ այս ծանրությունը տանել: Ես նրան մարդկայնորեն հասկանում եմ:

ՀԱԿ տագնապալի մեսիջն իշխանություններին ավելի քան բացահայտ է, որպեսզի հանկարծ վերջիններս իրենց չհասկացողի տեղ չդնեն: ՀԱԿ հայտարարության մեջ հստակ ակնարկ կա այն մասին, որ առանց երկխոսության Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժն իսպառ կդադարի գործոն լինելուց: Հանեք այդ հայտարարության մեջ եղած ողջ հաթաթան (շատ ենք լսել) և կպարզվի որ ՀԱԿ-ը, հայտարարելով երկխոսության ավելորդ լինելու մասին, հուսահատ փորձ է կատարում իշխանության ուշադրությունը գրավել նույն այդ երկխոսության վրա, քանզի, շուրջօրյան ավարտվելուն պես ստիպված տուն են գնալու`ամեն մեկն իր գործով զբաղվելու և իր գլխի քաղաքական ճարը տեսնելու:

Չեմ ցանկանում չարախնդալ, բայց երբ մի ամբողջ միտինգ վերածվում է հանրային զուգարանները վերաբացելուն ուղղված բողոքի ակցիայի, ակամա մտածում եմ, որ եկել է Լևոն Տեր-Պետրոսյանին իր վերջին քառամյա բեղմնավոր գործունեության համար շնորհակալություն հայտնելու և գիտահետազոտական խաղաղ աշխատանքի ուղարկելու ժամանակը` տաք գուլպաներ, փափուկ հողաթափեր, զոլավոր պիժամա, մուշտուկով ծխախոտ և հանգստավետ աշխատասենյակ: Տեղեկություն չունեմ` գործած բրդյա գլխարկ դնո՞ւմ է, թե՞ չէ: Խոստանում եմ տատիկիս գործածներից մեկը նվիրել ամենայն սիրով:

Ի դեպ, երբ տատիկս գլխարկներ է գործում, դրանց ճակատամասին կարմիր գույնի թելով համարներ է նկարազարդում` 1, 2, 3, 4... որպեսզի իր գործած գլխարկների թիվը չկորցնի: Որ սուտ չասեմ` մի հարյուր հատ արդեն կա: Այնպես որ, մեր առաջին երեք նախագահներն առնվազն կարող են իրենց ապահովված համարել այդ գլխարկներով: Դեռ մի բան էլ նորորին կհերիքի, երբ հանգստի գնան: Ռոբերտ Քոչարյանը կարող է այդ գլխարկով դահուկ քշել, Սերժ Սարգսյանը` շախմատ խաղալ կամ ֆուտբոլ: Լևոնն էլ գիրք կգրի այդ գլխարկը գլխին, ի՞նչ կա որ:

Թող տպավորություն չստեղծվի, թե կատակ եմ անում և փորձում խուսափել բուն թեմայից: եթե վերջին միտինգում Նիկոլի բարձրացրած հարայհրոցն էլ չլիներ, ես միանշանակ կարող էի պնդել, որ այս անգամ ՀԱԿ 8 կետանոց պահանջագրից մնաց մեկ կետանոց մի խնդրագիր: Ընթերցեք, խնդրեմ այն ամբողջությամբ, քանի որ շատ էլ երկար չէ. «Սե՛րժ, խնդում եմ, բա՛ց զուգարանները։ Սե՛րժ, ապացուցիր այս ժողովրդին, որ գոնե մեկ հարց դու կարող ես լուծել։ Այլապես ամո՛թ է, մենք խայտառակվում ենք ամբողջ աշխարհի առջև»:

Շատերն այստեղ սարկազմ` սպանիչ ծաղր կարող են տեսնել: Ես, չգիտեմ ինչու, ցավ զգացի պարզապես: Վերջին հաշվով ի՞նչ է նշանակում` նախագահին դիմել խեղկատակին վայել այսպիսի բառուբանով այն դեպքում, երբ ինքդ նախագահ ես եղել և ուսերիդ զգացել երկիր կոչվածի ծանրությունը:

Իսկ գուցե չի՞ զգացել, իսկ գուցե երկի՞րն է զգացել իր ծանրությունը, իսկ գուցե 97-ին` հեռանալիս, նա ճիշտ այսքան հանմակի՞ր ուներ, երբ վերջապես հասկացավ, որ այլևս անելիք չկա ու գրեց իր հրաժեշտի հայտնի ճառը, որից հետո` տաք գուլպաներ, փափուկ հողաթափեր, զոլավոր պիժամա, մուշտուկով ծխախոտ, հանգստավետ աշխատասենյակ, առջին նախագահի կարգավիճակ, տասը տարվա մենություն և լռություն…

Առաջարկս Լևոն Տեր-Պետրոսյանին հետևյալն է` մեկ օր շուտ տուն թողեք վրանային քաղաքի բնակչությանը: Հավատացեք` դա աստոածահաճո գործ կլինի այսօր: Հավատացեք, մեզ համար ինչ-որ տեղ հետաքրքիր էր ձեզ հետ: Դուք չորս տարի շարունակ պայքարի բեմում եք արդեն, որից երեքուկես տարին նվիրել եք ներկա իշխանությունների գործունեության բուն ընթացքը մարդկանցից ծածկելու, իրականությունը ծուռ հայելու մեջ ներկայացնելու գործին: Որքա~ն չարչարվեցինք դա ջրի երես հանելու համար: Դեռ էլի ի՞նչ կա, որ չեք հասցրել անել: Արժե՞ դրա համար դեռ մնալ, չէ՞ որ առջևում հիանալի հեռանկարն է` տաք գուլպաներ, փափուկ հողաթափեր, զոլավոր պիժամա, մուշտուկով ծխախոտ, հանգստավետ աշխատասենյակ, առջին նախագահի հետագա կարգավիճակ ու ամնեագլխավորը` վրան 1 թվանշան գործած մաքուր բրդյա գլխարկ…

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը