Մեկնաբանություն

04.10.2011 23:07


Պայքար զուգարանի համար

Պայքար զուգարանի համար

ՀԱԿ–իշխանություն հակամարտությունը թևակոխել է սկզբունքային ու գաղափարական պայքարի փուլ։ Ինչպես հայտնի է՝ իշխանությունները, ի հակառակ «ընդդիմության» ցանկության, փակել են տվել Ազատության հրապարակի շրջակայքում տեղադրված զուգարանները՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ կոնգրեսականները, հանուն «երկխոսության» վերսկսման, անցել են շուրջօրյա հանրահավաքների և այդ ընթացքում բնական կարիքներ են ունենում։

Բանը հասավ այնտեղ, որ նույնիսկ Լևոն Տեր–Պետրոսյանը, հերթական անգամ ընկեր «պրիզնատ» գալով Սերժ Սարգսյանին, հանրահավաքային իր ելույթի ժամանակ դիմեց վերջինիս՝ խնդրելով բացել սահմանները (կներեք՝ զուգարանները)։ Նրա այդ հուժկու պահանջից հետո միտինգավորների անկեղծ ուրախությանը և հիացական բացականչություններին չափ ու սահման չկար։

Թե ինչպիսին կլինի Ս. Սարգսյանի արձագանքը՝ պարզ կդառնա առաջիկա ամիսներին։ Իսկ առայժմ հարցական է մնում այն, թե փակ սահմանների (կներեք՝ փակ զուգարանների) պայմաններում շուրջօրյայի մասնակիցները ինչպե՞ս են լուծում օրհասական դարձած հայտնի խնդիրը։

Մինչ իշխանությունները կորոշեն բացել սահմանները (կներեք՝ զուգարանները) կամ բավարարվել միայն ՀԱԿ–ին «գառշոկներ» բաժանելու առաջարկով՝ Ազատության հրապարակը, բառիս բուն և փոխաբերական իմաստով, լցվում է գարշահոտությամբ։

Հաշվի առնելով աննախադեպ հակաէկոլոգիական ու հակահիգիենիկ վիճակը, որը ստեղծվել է Օպերայի բակում՝ չի բացառվում, որ ՀԱԿ–ը գնա իրավիճակի սրման՝ առաջնորդվելով «կա՛մ զուգարան, կա՛մ ջրբաժան» կարգախոսով։ «Ջրբաժանն», ի դեպ, տվյալ դեպքում պետք է հասկանալ արտաքնոցայի՛ն կոնտեքստով։

Կարելի է ասել, որ «համաժողովրդական» շարժման ընթացքն այս պահին կախված է մեկ բանից, և այդ մեկ բանը ... զուգարանն է։

Ըստ տարածվող լուրերի՝ ՀԱԿ–ը շուտով կարող է կոշտացնել իր դիրքորոշումը և հայտնի 8 կետից բաղկացած պահանջների փոխարեն իշխանություններին ներկայացնել հետևյալ 4 վերջնագրային կետերը՝

  1. Մինչև այս տարվա վերջ արտահերթ կարգով կազմակերպել Օպերայի շենքին կից գործող զուգարանների բաց դռների օր,
  2. Բարեփոխել գործող օրենսդրությունն այնպես, որ հետագայում մարդկանց «դուրս գալու» իրավունքները չոտնահարվեն,
  3. Եվս մի քանի ամիս անազատության մեջ պահել Սախարովի հետևորդ Տիգրան Առաքելյանին, որպեսզի Կոնգրեսը խոսելու թեմա ունենա և շարքերին տաք պահելու հնարավորություն ստանա,
  4. Վերսկսել «երկխոսությունը» և շարունակել կոալիցիայի ներկայացրած տեքստի ընթերցանությունը։

Ու որպեսզի իշխանությունները ստիպված լինեն ընդառաջ գնալ ՀԱԿ–ի այդ չորս պահանջներին, ըստ տարածվող մեկ այլ լուրերի, «ընդդիմադիրները» պատրաստվում են հայտարարել, թե իրենք մաքսիմալիստ չեն ու երբեք էլ այդպիսին չեն եղել, և հասկանում են, որ առաջին երկու կետերը բավարարելն ամենադժվարն է լինելու Սերժ Սարգսյանի համար, ուստի իրենք սպասում են իշխանությունների ողջամիտ փոխզիջման առաջարկին և գյալաջիի երկրորդ մասին։

Համապատասխանո՞ւմ են այս լուրերն իրականությանը, թե՞ ոչ՝ դժվարանում եմ ասել։ Մեկ բան, սակայն, հստակ կարող եմ պնդել. նախընտրական շրջանն արդեն սկսվել է և, հետևաբար, Օպերայի տարածքի զուգարանները դեռ շատ «ջուր» կտանեն...

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Անկախ ամեն ինչից՝ պետք է գնահատել Սերժ Սարգսյանի հնարամտությունը. փակում ես զուգարանները, և վերջ, թող որքան ուզում են խոսեն, մեկ է՝ վերջում վազելու են տուն։

Թեմայի շուրջ տես նաև http://7or.am/archives/75517 ։

Այս խորագրի վերջին նյութերը