Մեկնաբանություն

31.03.2023 00:43


Գեղջկական «շուստրավատով» փաշինյանական արկածախնդիր խաղերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի

Գեղջկական «շուստրավատով» փաշինյանական արկածախնդիր խաղերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի

Այն, որ ԱՄՆ նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթաժողովի հիմնական խնդիրը ոչ թե ժողովրդավարությունն է, այլ Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական շահերի սպասարկումը, մասնավորապես՝ Ռուսաստանի դեմ հանդես գալը, ոչ միայն մեզ էր տեսանելի կամ հասկանալի: Ու ոչ միայն մենք ենք արտահայտվել այդ մասին:

Ասել, թե դա չէր հասկանում «ՀՀ վարչապետ» գրությամբ սաղավարտ կրող Նիկոլ Փաշինյանը, իհարկե, ճիշտ չի լինի: Նիկոլ Փաշինյանը հրաշալի հասկանում էր, թե դա ինչ միջոցառում է, ինչպես հասկանում էր, թե ԱՄՆ-ն ինչու է կոնկրետ իրեն նման «պատիվ արել» ու հրավիրել մասնակցել այդ գագաթաժողովին, մի բան էլ՝ ելույթ ունենալ:

Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը հրաշալի տեղյակ էր, որ իրեն հրավիրում են մասնակցել ԱՄՆ նախաձեռնած միջազգային իրադարձության, որի առանցքային խնդիրը Ռուսաստանի դեմ հանդես գալն է: Ավելին, ԱՄՆ-ում էլ հրաշալի տեղյակ են, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես ոչ մի կապ չունի ժողովրդավարություն ասվածի հետ: Ծաղրանկարային ու աղետաբեր բռնապետ, այո՛, իսկ ժողովրդավար, կներեք, կարդացեք ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը՝ 2022-ին Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ:

Այսինքն, հրաշալի գիտակցելով, որ իր նման քայլով էլի հարվածելու է առանց այդ էլ վատացած հայ-ռուսական հարաբերություններին՝ Նիկոլ Փաշինյանն այնուամենայնիվ անում է դա:

Եվ ահա, «Հանուն ժողովրդավարության» գագաթաժողովը, ինչպեսև սպասվում էր, ընդունում է եզրափակիչ կամ ամփոփիչ հռչակագիր, որտեղ, ի լրումն ամենի, հատուկ անդրադարձ է արված Ռուսաստանին՝ Ուկրաինայի հետ հակամարտության կամ պատերազմի հետ կապված: Հասկանալի է, ամերիկյան միջոցառման ամփոփիչ փաստաթղթում Ռուսաստանն առնվազն «բոբո» է:

Հետաքրքիր է այլ բան. Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը վերապահում ունի հիշատակված հռչակագրի հենց այդ հատվածի վերաբերյալ (փաստորեն, Նիկոլ փաշինյանը վերապահում բառը գիտի, իսկ այ, օրինակ, Ալմաթիի հռչակագրից խոսելիս հանկարծակի «մոռանում» է Հայաստանի վերապահումների մասին, սա իմիջիայլոց): Եվ ո՞րն է վերապահումը: Ահավասիկ. «Քանի որ սույն պարբերությունը համապարփակ և ընդգրկուն կերպով չի արտացոլում բոլոր հակամարտությունները և ճգնաժամերը և չի անդրադառնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դրսևորման և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին»։

Այսինքն, առհասարակ, այո՛, Հայաստանն էլ է միանում Ռուսաստանի դեմ արված հայտարարություններին ու բնորոշումներին, բայց քանի որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային անդրադարձ չկա, վերապահում ունի:

Նախ հարց է ծագում. բա էլ որպես ի՞նչ էր Նիկոլ Փաշինյանը վազեվազ օն-լայն մտել՝ ԱՄՆ նախաձեռնած գագաթաժողովին մասնակցելու համար, էլ ինչո՞ւ էր իր գեղջկական «շուստրավատով» քծնում ԱՄՆ նախագահ Բայդենին, ով, իբր, գրեթե անձամբ է (ըստ Փաշինյանի ելույթի) 2022-ին կասեցրել ադրբեջանական ագրեսիան, համարյա՝ մենակով:

Սակայն այստեղ մեկ այլ պահ էլ կա. Նիկոլ Փաշինյանին երևի թվում է, որ «կռուտիտի» տեղ է գտել: Այսինքն, եթե վաղը, մյուս օրը Ռուսաստանից հարցնեն, կասի՝ դե կանչել, համարյա բերման էին ենթարկել, չէի կարող չմասնակցել, բայց զատո, տեսեք, հռչակագրի հակառուսական մասի վերաբերյալ վերապահում եմ արել...

Դժվար է ասել, թե ինչպես կընդունվեն հավանական իրավիճակում Փաշինյանի նման «կռուտիտները»: Փոխարենը կարելի է առանց որևէ դժվարության ասել, որ նման «գործընկերոջը» ոչ մեկը լուրջ չի էլ ընդունի (ասենք, չեն էլ ընդունում, և հետո՝ Փաշինյանից ի՜նչ «գործընկեր»): Իսկ որ Հայաստանի համար (ոչ Փաշինյանի) այն ներկայացնողի նման դրսևորումները անհետևանք չեն անցնի, նույնպես, կարծում ենք, ակնհայտ է:

Ու այդտեղ արդեն Փաշինյանի միակ հույսն այն է, որ իր ամենանվիրված պատգամավոր Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը կկալանավորի Պուտինին: Անձա՛մբ:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը