Մեկնաբանություն

30.03.2023 21:55


Որպես ի՞նչ կամ որպես ո՞վ է Փաշինյանը մասնակցել Բայդենի միջոցառմանը

Որպես ի՞նչ կամ որպես ո՞վ է Փաշինյանը մասնակցել Բայդենի միջոցառմանը

Հայաստանի գործող իշխանությունը նպատակաուղղված ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս վատացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները: Դեռ չէին մարել կարկառուն փաշինյանական Գուրգեն Մելքոնյանի հայտարարությունների արձագանքները՝ ՌԴ նախագահ Պուտինին Հայաստանում կալանավորելու մասին, Նիկոլ Փաշինյանը որոշեց անձամբ որոշակի ներդրում ունենալ այդ «գործում»: Նկատի ունենք Ռուսաստանի հետ հարաբերություններ փչացնելը:

Փաշինյանական քարոզչությունը հևիհև տարածեց տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթաժողովի պաշտոնական բացման լիագումար նիստին (առցանց): Ավելին, Փաշինյանն այդ նիստում նաև մի սրտաճմլիկ ելույթ է արտասանել:

Չիմացողների համար արժե նշել, որ գագաթաժողովն անցկացվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ, մասնակցում են 100-ից ավելի երկրների ներկայացուցիչներ, հասկանալի է՝ հիմնականում ԱՄՆ-ի կողմից յուրային համարվող: Առհասարակ, այդ համագումարը շատ քիչ աղերս ունի բուն ժողովրդավարության հետ և գործնականում ծառայեցվում է ԱՄՆ ընթացիկ արտաքին-քաղաքական հետաքրքրություններին: Իսկ այդ հետաքրքրությունների շարքում առաջինը Ռուսաստանի մեկուսացումն է, և պատահական չէ, որ ռուսական շրջանակները նշված գագաթաժողովն ընկալում են որպես հենց հակառուսական միջոցառում:

Հարց է ծագում. տարածաշրջանում ստեղծված ներկայիս խառը և շարունակաբար դեպի լարվածության ավելացում ընթացող իրավիճակում Հայաստանի ինչի՞ն էր պետք ներգրավվել նման մի միջոցառման մեջ: Թերևս միայն մեկ նպատակով՝ վատացնել Ռուսաստանի հետ առանց այդ էլ փչացած հարաբերությունները:

Հարկավ, կան նաև զուգահեր քարոզչական նպատակներ, իբր՝ տեսեք-տեսեք, «Նիկոլի թվի Հայաստանն» այնքան ժողովրդավարական է, որ Փաշինյանին էլ են նման ժողովների հրավիրում:

Իրականում ԱՄՆ-ից նման հրավեր ստանալը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հասցրել է Բայդենին հաճո այնպիսի քայլեր անել, որ արժանացել է այդ կանչին: Վերջին հաշվով, եթե խնդիրը ժողովրդավարությունը լիներ, ապա Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության վերջին զեկույցն ամենից պերճախոս վկայությունն էր այն բանի, թե ինչ խայտառակ վիճակ է Հայաստանում, որտեղ առկա է ինչ այլանդակություն ասես՝ ներառյալ կամայական կալանավորումներն ու կալանավորվածների խոշտանգումները:

Այլ կերպ ասած՝ կապ չունի, որ Սամոսան շանորդի է, կարևորն այն է, որ ԱՄՆ-ի համար նա իրե՛նց շանորդին համարվի: Իսկ ժողովրդավարություն-մողովրդավարությո՜ւն, դրանք դատարկ խոսքեր են՝ առաջին հերթին հենց գերտերությունների համար:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ելույթին, ապա նա խոսել է ինչ-որ խորհրդավոր առաջընթացներից, որոնք, նրա խոսքով, Հայաստանը գրանցել է ինչ-որ «կանաչ արտադրությունների», «ցածր արտանետումներով էներգետիկայի», անգամ՝ «մամուլի ազատության» գծով: Երևի դա ինչ-որ համակարգչային խաղում է եղել, որովհետև ոչ վիրտուալ Հայաստանում այդ «առաջընթացները» դրսևորվել են, օրինակ, Երևանի կենտրոնում ծառերի մորթով, իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցների գործունեությունը համատարած խոչընդոտելով, իշխանությունների կողմից ոստիկանական բեսպրեդելով, ընտրական և այլ խայտառակություններով:

Հնարավոր է, միգուցե, Նիկոլ Փաշինյանին այդ գագաթաժողովին հրավիրել էին որպես «ծաղրանկարային բռնապետի» նմուշ, բայց հազիվ թե Բայդենը այդպիսի զիլ հումորի զգացում ունենա:

Ամեն դեպքում արձանագրենք՝ Փաշինյանը ևս մեկ քայլ կատարեց Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու ուղղությամբ: Կարող եք չկասկածել, որ Բայդենի միջոցառմանը նրա մասնակցությունը աննկատ ու անհետևանք չի մնա:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը