Կարծիք

28.03.2023 13:29


Նիկոլ Փաշինյանը կմիացնի Հայաստանին հերթական հակառուսական միջոցառմանը. հետևանքները կզգան մեր երկրի մայրերն ու արցախցիները

Նիկոլ Փաշինյանը կմիացնի Հայաստանին հերթական հակառուսական միջոցառմանը. հետևանքները կզգան մեր երկրի մայրերն ու արցախցիները

Ռուսաստանի և Արևմուտքի միջև եղած հակասությունները նոր չեն սկսվել: Հատկապես ԱՄՆ-ում դեմոկրատների իշխանության գալուց հետո Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հակասությունները էլ ավելի խորացան:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ պատմությունները ԱՄՆ-ում միայն անձնական բնույթով չէին պայմանավորված: Արևմուտքի և Ռուսաստանի միջև ծագաց հակասությունները շատ ավելի խոր արմատներ ունեն:

Ջո Բայդենի նախագահ դառնալուց հետո Վաշինգտոնը անմիջապես սկսեց կոնկրետ գործողություններ Մոսկվայի դեմ: 2021-ի դեկտեմբերին, այսպես կոչված, «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողով անցկացվեց, որին հրավիրել էին այն երկրների ղեկավարներին, որոնց Վաշինգտոնը համարում էր «իր ճամբարի կողմնակից»։

Մասնավորապես, այդ միջոցառմանը չէին մասնակցում ոչ միայն Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները, այլև չէին հրավիրվել Իրանի, Թուրքիայի և նույնիսկ Հունգարիայի ղեկավարները:

Մեր տարածաշրջանից այդ միջոցառմանը չէր հրավիրված միայն Ադրբեջանը:

Եվ, ահա, երկրորդ «Հանուն ժողովրդավարության» այդ գագաթնաժողովը կանցկացվի վիրտուալ ձևաչափով՝ Զամբիայի, Կոստա Ռիկայի, Նիդեռլանդների, Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների համանախագահությամբ 2023 թվականի մարտի 29-30-ը:

Այս երկրորդ միջոցառմանը հրավիրվածների ցանկը գրեթե չի փոխվել:

Ավելացել են ընդամենը 8 երկիր Ասիայից, Աֆրիկայից և Լատինական Ամերիկայից, որպեսզի այս գագաթնաժողովի ֆորմատը ավելի ընդլայնված ձև ստանա:

Այս անգամ մեր տարածաշրջանից նույնպես չեն հրավիրվել Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները:

Վրաստանից չի հրավիրվել այդ երկրի իրական ղեկավար՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, և նրա փոխարեն հրավիրել են այդ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, ով, ինչպես հայտնի է, փաստացի ներկա իշխանությունների հանդեպ ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս: Ավելին, այսօր Զուրաբիշվիլին, ով սիմվոլիկ պաշտոն է զբաղեցնում, չի շփվում այդ երկրի իրական ղեկավար Ղարիբաշվիլիի հետ:

Այսինքն, փաստացի Վրաստանը նույնպես չի հրավիրվել այդ միջոցառմանը: Եվ միայն Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հրավիրվել այդ գագաթնաժողովին, ինչը ամեն ինչ ասում է իր և իր հրավիրողների հարաբերությունների մասին:

Փաստորեն, Հայաստանը տարածաշրջանում դարձել է «օտար մարմին» հարևան երկրների համար, և այդպիսի կարգավիճակի մեջ Հայաստանին դրել է Նիկոլ Փաշինյանը:

Մի կողմ թողնենք, որ հրավիրվածների մեծ մասը ժողովրդավարության հետ քիչ առնչություն ունեն և, օրինակ, Մոզամբիկը, որ հրավիրվել է այդ միջոցառմանը, հաստատ Հունգարիայից ավելի դեմոկրատական երկրի չէ, որը չի հրավիրվել:

Խնդիրը կայանում է նրանում, որ Փաշինյանին են «իրենցը» համարում մեր տարածաշրջանի երկրների հակառակորդները:

Այս ամենից հետո ինչո՞ւ պիտի Հայաստանն ու Արցախը պաշտպանված լինեն:

Մի՞թե պարզ չէ, որ Փաշինյանի հենց այսպիսի քաղաքականության պատճառով է, որ մենք կորցրել ենք Արցախի տարածքների մեծ մասը, կասկածի տակ է դրված արցախցիների ապագան: Մենք կորցրեցինք մեր հաղթանակած բանակը, ավելի քան 4000 զոհ տվեցինք և այսօր կանգնած ենք նոր պատերազմի սպառնալիքի առաջ: Ինչո՞ւ, որ բավարարվեն Փաշինյանի անձնական ամբիցիաները։

Մի՞թե 2500 տարվա պատմություն ունեցող ժողովուրդը կարող է այս չափ անպատասխանատու լինել իր ապագայի հանդեպ:

Մենք 1915-ին ցեղասպանություն ստացանք, բայց դրանից ոչ մի հետևություն չարեցինք:

Որովհետև այդպես էլ պատասխանատու քաղաքական և հանրային վերնախավ չձևավորեցինք:

Եվ այդ իսկ պատճառով այսօր կրկնվում են նույն գործընթացները, ինչ եղել են 100 տարի առաջ:

Պարզապես ամոթ է լինել այս չափ պարզունակ և անպատասխանատու․ հանդուրժելով նման իշխանությանը՝ մենք փաստացի ինքներս մեր դատաստանն ենք նշանակում՝ չգիտակցելով դա:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը