Լրահոս

04.10.2011 16:35


Սողանքի գոտուց ուղղաթիռի միջոցով դուրս են բերվել առաջին մեքենաները

Սողանքի գոտուց ուղղաթիռի միջոցով դուրս են բերվել առաջին մեքենաները

Հոկտեմբերի 4-ին, ժամը 15.21-ին ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող ՄԻ-8 ուղղաթիռի օգնությամբ սողանքի գոտուց դուրս բերվեց առաջին` «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենան և տեղափոխվեց անվտանգ տարածք: Այնուհետև ժամը 16.01-ին և 16.06-ին նույն ուղղաթիռի օգնությամբ սողանքի գոտուց հաջողությամբ դուրս բերվեց ևս երկու մարդատար ավտոմեքենա` «ՎԱԶ 2106» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշների:

Շուտով նախատեսվում է որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավվել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջոցները: Անցած երկու գիշերվա ընթացքում  երկաթուղու ուժերով արդեն իսկ ապահովվել է սողանքի գոտու լուսավորությունը, ինչը զգալիորեն օգնել է որոնողական աշխատանքներին:

Ներկայումս նորոգվում է սողանքային գոտու հարևանությամբ գտնվող կամուրջը: Դրա վրայով դեպքի վայրին կարող է մոտենալ նաև երկաթուղային կռունկը, որը նույնպես պիտի օգտագործվի հողազանգվածի տակ մնացած ավտոմեքենաները դուրս բերելու համար:

Տեղեկացնենք, որ Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտում իրականացվող փրկարարական աշխատանքներում Լոռվա և Տավուշի մարզի փրկարարներից բացի ներգրավված են նաև Արագածոտնի և Գեղարքունիքի մարզի փրկարարները, ինչպես նաև Ախթալայի լեռնափրակարարական ջոկատից 5 լեռնափրկարար:

Այս խորագրի վերջին նյութերը