Քաղաքական

28.03.2023 11:32


Ինչո՞ւ են ՔՊ-ականներն այսպես «զինվում»․ «Փաստ»

Ինչո՞ւ են ՔՊ-ականներն այսպես «զինվում»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Մամուլում շրջանառված տեղեկությունները, թե Փաշինյանի ՔՊ-ի ներսում շատերը «զինվում» են, այսպես ասած, «ժուչոկներով», հետաքրքրաշարժ է մի քանի առումով: Բայց նախքան այդ նկատենք և այն հրապարակումները, որոնք վկայում են այն մասին, որ Փաշինյանի անվան խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչները ոչ անթաքույց փորձեր են անում, այսպես ասենք՝ «տեղեկություններ հավաքել» իրենց «քլնգող» լրագրողների ու լրատվամիջոցների մասին: Դե, ասում են՝ քպականները խիստ ծանր են տանում այն բացահայտումները, որ վերաբերում են իրենց՝ գնալով ճոխացող կյանքի մութ անկյուններին, ու կարծում են, որ եթե իրենք էլ լրագրողների վրա «կոմպրոմատ» (վարկաբեկող նյութեր) հավաքեն ու հրապարակեն, իրենց «մութ գործերը» ոչ մեկին այլևս չեն հետաքրքրի:

Բայց վերադառնանք «ներքին օգտագործման» «ժուչոկների» մասին հրապարակումներին: «Ժուչոկ», նույն ինքը՝ «բզեզիկ», կոչվում է գաղտնի տեսաձայնագրման հնարավորություն տվող սարքը: Ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացն այդ սարքերը դարձրել է ավելի դյուրակիր և գործնականում դրանք կարելի է ինչի տեսքով ասես հարմարեցնել ինչի ասես: Նման սարք-«բզեզիկ» կարող է լինել կրակայրիչին, ակնոցին կամ այլ որևէ առարկայի հարմարեցված, զարդերի մեջ տեղադրված, անմեղ կոճակի տեսքով, գրիչի կամ մատիտի վրա:

Անգամ եղունգի տեսքով կարելի է պատրաստել (գնին ու ֆանտազիային մունաթ): Բայց այստեղ ամենահետաքրքիրը այդ տեխնիկական հնարավորությունները չեն, այլ այն, թե քպականներն ինչո՞ւ են այսպես «զինվում»: Հո լրագրողների՞ն չեն գաղտնալսելու: Ավելի կարևոր գործեր կունենան: Ու սա իսկապես հետաքրքիր է, քանի որ մի շարք քպականների վերջին կալանավորումներից, կոռուպցիոն տարբե բացահայ տումներից հետո այնտեղ առանձին խմբեր ու շրջանակներ հասկացել են, որ հերթը կարող է և իրենց հասնել:

Դե, ահա և կան տեղեկություններ, որ զանազան-զարմանազան «ժուչոկներ» ձեռքբերող քպականներն էլ իրենց հերթին ցանկանում են «փակ» հանդիպումների ժամանակ իրենց ձեռնտու «կոմպրոմատ» հավաքել, թեկուզ նույն Փաշինյանի ու նրա մերձավոր զինակիցների դեմ, որ վաղը, մյուս օրը, եթե պետք լինի, դրանցով պաշտպանվեն: Դե ինչ, ողջո՜ւյն ներիշխանական նոր «բզիկ», որ կոչվում ես՝ «բզեզիկ»:

Այս խորագրի վերջին նյութերը